Մասնագետների հավաստմամբ՝ մինչև սեռական կյանքով ապրելը պատվաստում ստանալով՝ հնարավոր է կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղը:
Այսուհետ հայ կանայք կարող են իրենց ապահովագրել արգանդի վզիկի քաղցկեղից` պատվաստվելով հիվանդության դեմ ստեղծված «Ցերվարիքս» պատվաստանյութով, որը Հայաստան է ներկրել և գրանցել անգլիական «ԳլաքսոՍմիթՔլայն» դեղագործական ընկերությունը:
1970-ական թվականներից հետազոտելով վիրուսի դերն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման մեջ` գերմանացի գիտնական Հարալդ Հաուզենը հաստատեց, որ արգանդի վզիկի քաղցկեղով տառապող կանանց մոտ առկա է պապիլոմա վիրուսը։ Հայտնագործությունից հետո էլ ստեղծվեց պատվաստանյութը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն ասում է. «Խոսքը 100 տոկոս կանխարգելման մասին չէ, սակայն եթե մինչև սեռական կյանքով ապրելը կինը պատվաստվի պապիլոմայի դեմ, հետագայում կկանխարգելի արգանդի վզիկի քաղցկեղը»:
Հայաստանում կանանց ուռուցքային հիվանդությունների շարքում առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդում`արգանդի վզիկինը:
Ոլորտի մասնագետներն անհանգստանում են, որ հայ կանայք անուշադիր են սեփական առողջության նկատմամբ և բժշկի դիմում են հիվանդության վերջին փուլում միայն:
«Մեր կանանց մեջ բացակայում է բժշկին կանոնավոր հաճախելու սովորությունը: Բայց մեր աշխատանքով փորձելու ենք բարձրացնել հայ կնոջ մոտ այն գիտակցությունը, որ իրենք պատասխանատու են սեփական առողջության համար,-ասում է «ԳլաքսոՍմիթՔլայն» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հռիփսիմե Դեղձյանը: - Իհարկե, ժամանակ է պետք, որպեսզի այս ամենը խմորվի, մարսվի նրանց մեջ, որպեսզի որոշեն գնալ և պատվաստվել»:
Տարեկան աշխարհում գրանցվում է այս հիվանդության կես միլիոն նոր դեպք, մահանում է ավելի քան 200 հազար կին: 2008 թ. Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 251 նոր դեպք, մահացել է 128 կին:
Մարդու պապիլոմա վիրուսը հեշտությամբ փոխանցվում է սեռական ճանապարհով: Ըստ մասնագետների` սեռական կյանքով ապրող կանանց 50-80 տոկոսը վաղ թե ուշ վարակվում է այդ վիրուսով, սակայն ոչ բոլոր դեպքերում է մարդու պապիլոմա վիրուսն առաջացնում արգանդի վզիկի քաղցկեղ:
Բազիկյանը նշում է, որ պապիլոմա վիրուսով վարակվում են միայն կանայք, տղամարդը վիրուսի փոխանցողն է, բայց վարակը նրա վրա ազդեցություն չի ունենում:
«Այս վարակի դեպքում պահպանակները չեն պաշտպանում: Երբ գինեկոլոգի մոտ ստուգումից հետո կնոջ մոտ հաստատվում է վարակը, պատվաստանյութը նույնպես օգնում է»,- ասում է Բազիկյանը:
Կանխարգելման ամենաօպտիմալ և նորագույն տարբերակը մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն է, որն էլ համարվում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջնային կանխարգելում:
Պատվաստումն արդեն իսկ ընդունված է տարբեր զարգացած երկրներում: Գրեթե 13 երկրներում պատվաստումն արդեն ընդգրկվել է պարտադիր պատվաստումների ցանկում: Տարբեր երկրներում այն իրականացնում են տարբեր տարիքային խմբերում:
Բազիկյանն ասում է, որ շատ երկրներուոմ այն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, իսկ Հայաստանում` դեռևս ոչ:
Դեղձյանը նշում է, որ եթե անգամ պետպատվերի շրջանակներում դա արվեր, միևնույն է, կանայք դարձյալ չէին գնա պատվաստվելու:
«Դրա համար ժամանակ է հարկավոր: Կարող ենք իբրև օրինակ բերել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որտեղ մամոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում և վաղ փուլում ախտորոշում կրծքագեղձի քաղցկեղը: Կանայք սկզբում չէին գնում, իսկ հիմա այնտեղ հերթեր են»,- ասում է նա:
Մասնագետները նշում են, որ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում պատվաստանյութը համեմատաբար մատչելի է: Պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժե մոտ 45 հազար դրամ (մոտ 125 դոլար), անհրաժեշտ է 6 ամսվա ընթացքում երեք չափաբաժին ընդունել, որն ընդհանուր հաշվով կկազմի 135 000 դրամ (մոտ 375 դոլար):
Այսօր արդեն Հայաստանում մի քանի տասնյակ կանայք և աղջիկներ ընդունել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.