Մտահոգություններ սննդամթերքի մասին. «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարությանը
Փորձագետի խոսքով` Հայաստանում չկա մի օրենք, որը կվերահսկի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող սննդամթերքը: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն այսօր լրագրողներին ասաց, որ իրենց հայտնի չէ, թե Հայաստան գենետիկորեն ձևափոխված (մոդիֆիկացված) օրգանիզմների (ԳՁՕ) ի´նչ տեսակներ ու ի´նչ քանակ է ներկրվում, ինչպե´ս են իրացվում դրանք ու որտեղ: «Քանի որ օրենք չկար, որը թույլ կտար վերահսկել այդ ամենը, մենք ոչինչ չէինք կարող անել: Բայց հիմա մշակվել և կառավարությանն է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը, որը, հույս ունենք, կգործի արդեն 2012 թվականից»,- ասաց Զիրոյանը: Բնապահպանության նախարարության պաշտոնյան նշեց, որ նոր օրենքը հնարավորություն է տալու գրեթե մեկ տարի ընկած ժամանակահատվածում ստուգել երկիր ներկրվող սննդի բաղադրությունն ու դրա մեջ ԳՁՕ-ների թույլատրելիից ավելի քանակ հայտնաբերելու դեպքում արգելել այդ մթերքի մուտքը Հայաստան: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ից «ԱրմենիաՆաուին» ասացին` երկրում ԳՁՕ-ների առկայությունը վկայող որևէ վիճակագրություն չկա, սակայն ոլորտը կարգավորող օրենսդրական ակտեր, այնումենայնիվ, կան: 2010-ից ուժի մեջ մտած «Սննդի անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածը, օրինակ` պահանջում է ԳՁՕ պարունակող սննդամթերքի մակնշման մեջ ԳՁՕ-ի քանակը նշելը: Իսկ առողջապահության նախարարի 2010 թ. հրամանը սահմանում է, թե ինչ տիպի ԳՁՕ-ներ և ինչ քանակությամբ է թույլատրվում Հայաստանում օգտագործել, ընդ որում` մանկական սննդում ու կաթնամթերքում ԳՁՕ-ների օգտագործումն արգելված է ընդհանրապես: Հայաստանում ԳՁՕ-ների քանակը հայտնաբերող լաբորատոր փորձաքննություն իրականացնում է «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ն` մասնավոր հիմունքներով: Այս տարի գարնանը այդ ընկերության լաբորատորիայում հայկական արտադրության նրբերշիկում հայտնաբերվել էր գենետիկորեն ձևափոխված սոյա, գենետիկական մոդիֆիկացիա էր հայտնաբերվել նաև ձկան կերում։ Ընկերության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը, սակայն, չէր նշել, թե կոնկրետ ո´ր ընկերության նրբերշիկն է գենետիկորեն ձևափոխված, քանի որ փորձաքննության ժամանակ նմուշները ներկայացվում են առանց պիտակների` հավասարության սկզբունքն ապահովելու համար:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.