Մարդու իրավունքների պաշտպանության օրը. առաջին օմբուդսմանը Հայաստանում նշելու քիչ բան է տեսնում
Ալավերդյանի կարծիքով` մարտիմեկյան դեպքերը մինչ օրս շարունակում են մնալ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները Հայաստանում: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003 թ. հոկտեմբերի 21-ին, իսկ 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: 2006 թ. փետրվարին Ազգային ժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան նշանակեց Արմեն Հարությունյանին: Ալավերդյանի կարծիքով` 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան արյունալի դեպքերը մինչ օրս շարունակում են մնալ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները, որոնց տրամաբանական շարունակությունն այսօր քաղբանտարկյալների առկայությունն է երկրում: Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Ալավերդյանը (ներկայումս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ) Հայաստանում մարդու իրավունքների խախտման 5 ոլորտ առանձնացրեց` սեփականության իրավունքի խախտում, ոստիկանության և արդարադատության համակարգում խախտումներ, սոցիալ-տնտեսական իրավունքների խախտում, ընտրական իրավունքի և խոսքի իրավունքի խախտում: Նա կարծում է, որ քաղաքացիների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքում առաջընթացի բացակայության մեղավորները պետական մարմինների աշխատակիցներն են: Իր փորձից օրինակ բերելով` Ալավերդյանն ասաց. «Երբ ես ԱԺ-ում ներկայացնում էի մարդու իրավունքների հերթական խախտումներից մեկը`Արաբկիրի հանրակացարանի տանիքի անմխիթար վիճակը, որտեղ այժմ ապրում են փախստականներ, ի թիվս որոնց 20 հաշմանդամ, ԱԺ նախագահն առաջարկեց այդ հարցով գրավոր դիմել,- պատմում է Ալավերդյանը: - Պատասխանեցի, որ հիմա եմ ուզում բարձրացնել հարցը: Ինձ արգելեց, որին ես պատասխանեցի. «Ի~նչ լավ է, որ բոլորս տանիք ունենք մեր գլխին», որից պարոն Աբրահամյանը վիրավորվեց»: Ալավերդյանն ամեն դեպքում կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դեռ կայանալու հույս ունի, և հաճոյախոսություն է համարում այն, որ մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանին ընդդիմության ներկայացուցիչները որակում են որպես իշխանամետ, իսկ իշխանության ներկայացուցիչները` ընդդիմադիր:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.