Գենդերային խնդիրներ. ՌԱՀՀԿ-ն անդրադառնում է Հայաստանում կանանց իրավունքների խնդրին
Կիրակոսյանն ասում է, որ հաջորդ տարվանից սկսած ՌԱՀՀԿ-ն իրականացնելու է գենդերային հավասարությանն առնչվող ծրագիր: Չորեքշաբթի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպվել էր քննարկում` «Գենդերային հավասարությունը և Հայաստանում կանանց իրավունքների հիմնահարցը» թեմայով: ՌԱՀՀԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հակիրճ ներկայացնելով թեմաները, նշեց, որ «շատ երկրների համար գենդերային հավասարությունը և կանանց իրավունքների վիճակը ցույց են տալիս հասարակության ընդհանուր զարգացվածությունը և ժողովրդավարության վիճակը»: Ապա նա հավելեց. «Հայաստանի դեպքում նույնպես կանանց պայմանները, այդ թվում` հայ կնոջ հնարավորությունները աշխատատեղում, կրթական համակարգում և քաղաքականությունում պարզորոշ ցույց են տալիս Հայաստանի ներկայիս իրական վիճակը»: Կիրակոսյանն ասաց, որ գենդերային հավասարության հարցը երկարատև աշխատանք է պահանջում: Այդ նպատակով կենտրոնը հաջորդ տարվանից հիմնախնդրի վերաբերյալ ծրագիր է իրականացնելու: (Համաձայն պաշտոնական վիճակագրության` կանայք կազմում են Հայաստանի բնակչության 53 տոկոսը): ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Գենդերային բռնության ծրագրի համակարգող Ջինա Սարկիսովան հայտնեց, որ 2008 թվականից Հայաստանում իրականացվում է «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակներում այդ հիմնախնդիրը բացահայտելու համար 4600 տնային տնտեսություններում հարցումներ են անցկացվել: «Վիճակագրության հավաքումը շատ դժվար աշխատանք է, քանի որ հայ կանայք թաքցնում են բռնության փաստերը` չգիտակցելով, որ իրենց վարքով իրենց դստեր, թոռնուհու համար մի կաղապար են ստեղծում, որոնք կհետևեն նրա օրինակին»,- ասում է Սարկիսովան: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյանի Ժողովրդավարացման ծրագրի ավագ օգնական Ծովինար Հարությունյանն ընդհանուր ներկայացրեց խնդրի առնչությամբ ԵԱՀԿ-ի աշխատանքները և շեշտեց, որ կանանց ներուժը լիովին չի օգտագործվում: Հարությունյանը նաև ասաց, որ հասարակական-քաղաքական կյանքում կանանց դեֆեմինիզացումը Հայաստանի անկախության ձեռբերմանը հաջորդած ծանր տարիների արդյունք է: «Հայաստանում գործազուրկների 66 տոկոսը կանայք են, սակայն համալսարանական կրթություն ստացողների կեսից ավելին ևս կանայք են: Կարելի է ասել, որ բուհի դիպլոմը հայ կանանց մեծամասնության առաջին և վերջին նվաճումն է, դրանից հետո նրանք անհետանում են հասարակական-քաղաքական կյանքից»,- ասում է Հարությունյանը` ավելացնելով, որ հիմնախնդիրը լուծելու հարցում ավելի շոշափելի արդյունքների հասնելու համար խնդրով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունները պետք է սկսեն համագործակցել միմյանց հետ: ՌԱՀՀԿ-ի իրավաբան Տիրուհի Նազարեթյանն էլ իր հերթին նշեց, որ կանանց նկատմամբ շատ մեծ խտրականություն են դրսևորում հատկապես աշխատատեղում: «Գործատուները խտրականություն են դրսևորում ըստ աշխատավարձի չափի, երբ միևնույն աշխատանքի դիմաց կանանց ավելի քիչ են վճարում, ըստ մասնագիտության, երբ միևնույն կամ ավելի բարձր որակավորում ունեցող տղամարդու և կնոջ միջև նախընտրում են աշխատանքի ընդունել տղամարդուն, և ըստ պաշտոնի բարձրացման: Որպես կանոն` գործատուները կանանց բարձր պաշտոններ համարյա չեն վստահում»,- ասում է Նազարեթյանը:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.