2009 թ. և ԶԼՄ-ները. խոսքի ազատության պաշտպանության տեղական կազմակերպությունը հրապարակել է լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների մասին զեկույց

2009 թ. և ԶԼՄ-ները. խոսքի ազատության պաշտպանության տեղական կազմակերպությունը հրապարակել է լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների  մասին զեկույց

Ֆոտոլուր

Մելիքյանի խոսքով` Հայաստանի դատական համակարգը դեռևս թույլ չի տալիս «լավատեսորեն նայել ապագային»:

Ըստ խոսքի ազատության պաշտպանության տեղական կազմակերպության` 2009 թ. նվազել են լրագրողների աշխատանքի հանդեպ բռնության, միջամտության, խոչընդոտների հետ կապված դեպքերը, 2008 թ. համեմատությամբ, որն այդ առումով ավելի «ագրեսիվ» տարի էր:

Այս մասին է փաստում այս շաբաթ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած «Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009 թ. զեկույցը:

Զեկույցում ասվում է, որ անցյալ տարի լրագրողների նկատմամբ տեղի է ունեցել ֆիզիկական բռնության 11 դեպք, մինչդեռ 2008-ին գրանցվել էր 18 դեպք: Արձանագրվել է տնտեսական, իրավական կամ քաղաքական ճնշումների 14 դեպք, 2008-ին`16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը խախտվել է 13 անգամ, 2008-ին`14:

«Այս առումով մենք իսկապես փաստում ենք մի բան, ինչի մասին խոսում ենք ամեն տարի. քաղաքական իրավիճակների սրման պարագայում ավելանում են, ինչպես նաև ուժեղանում և սաստկանում են լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ոտնձգությունները»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այն, որ թվերը նվազել են 2008-ի համեմատ, Մելիքյանն ամենևին էլ բարվոք վիճակի վկայություն չի համարում:

«Եթե համարենք, որ քաղաքական իրադարձությունների առումով 2009 թ. համեմատաբար հանգիստ տարի էր, ապա լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ ոտնձգությունների հետ կապված վիճակը կրկին շատ մտահոգիչ է»,- ասում է Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը զեկույցում տեղ գտած դեպքերը ներկայացնում է ըստ իրենց սահմանած բաժանման`ֆիզիկական բռնություններ, անուղղակի միջամտություն, թաքնված գրաքննություն և տեղեկատվական ազատության սահմանափակումներ:

Հարությունյանը, մասնավորապես, նշում է անցյալ տարի մարտին ծեծի ենթարկված ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ապրիլի վերջին դարձյալ դաժանաբար ծեծի ենթարկված «Արմենիա Թըդեյի» համակարգող Արգիշտի Կիվիրյանի, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեպքերը։

Ոչ ֆիզիկական բռնության տեսքով խոչընդոտների մասին խոսելիս Հարությունյանը անդրադարձավ ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթի կասեցման վերաբերյալ դատարանի վճռին:

«Ինչ ձևով էլ դա հիմնավորվի, իբրև հայցի ապահովման միջոց, միևնույն է, մենք համարում ենք, որ դատարանը կայացրել է հակաօրինական վճիռ»,- ասում է փորձագետը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն էլ հատկանշական է համարում, որ անցյալ տարի շատ են եղել լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ դատական գործընթացները: Սակայն այն դրական կարող էր լինել այն իմաստով, որ մարդիկ սկսել են իրենց խնդիրները լուծել ոչ թե մահակով, այլ դատարանում:

«Բայց քանի որ մեր դատական համակարգն առայժմ այնպիսին է, որ չես կարող միշտ արդարության հասնել, շատ դեպքերում հաղթում են ավելի հարուստը և շատ լծակներ ունեցողը: Դա առայժմ հիմք չի տալիս մեզ լավատեսորեն նայելու ապագային»,- ասում է Մելիքյանը:
ԱրմենիաՆաուի էջերում