Վիրավորելու նպատակ չի հետապնդել. աղմկահարույց թերթը, վարկաբեկելով պատգամավորին, խուսափում է պատասխանատվությունից

Վիրավորելու նպատակ չի հետապնդել. աղմկահարույց թերթը, վարկաբեկելով պատգամավորին, խուսափում է պատասխանատվությունից

Ֆոտոլուր

Փոստանջյանը համոզված է, որ «Ազատամտությունը» գործել է «հովանավորների հստակ հրահանգներով»:

Աղմկահարույց հայկական թերթը, որը հայտնի է հասարակական և քաղաքական գործիչներին վարկաբեկող իր հոդվածներով, անցյալ տարի ԱԺ պատգամավորներից մեկի մասին վիրավորական հոդված էր հրապարակել, սակայն հզոր հովանավորության շնորհիվ շարունակում է հաջողությամբ խույս տալ պատասխանատվությունից:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը, որը հայտնի է սոցիալական ոլորտում իր ակտիվ գործունեությամբ և ընդդիմադիր հայացքներով, դեռևս 2009 թ. հուլիսից չի կարողանում պատասխանատվության ենթարկել «Ազատամտություն» թերթին` իրեն անարգող ու անձնական վիրավորանքներ պարունակող հոդվածի և նրա դեմքով մոնտաժված էրոտիկ լուսանկարի համար, քանի որ ոստիկանությունը կարճել է գործը` համարելով, որ «հոդվածագիրը վիրավորելու նպատակ չի հետապնդել»:

Պատգամավորը նախորդ շաբաթ` փետրվարի 10-ին, դիմել է դատարան`բողոքարկելով հարուցված քրեական գործը կարճելու որոշումը, սակայն կարծում է, որ ամեն ինչ իրականացվում է «վերևների հրահանգով»:

«Հայտնի է, որ «Ազատամտությունն» ունի իշխանական լուրջ հովանավորներ, և այս ամենն իրականացվում է հստակ հրահանգներով, բայց մենք գնալու ենք ընդհուպ մինչև Եվրադատարան, այդ այլանդակությունը երեխաներս էլ են տեսել, և դա չի կարող անպատիժ մնալ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է երեք երեխաների մայր Փոստանջյանը:

«Ազատամտություն» օրաթերթը տպագրվում է 2000 օրինակով:

Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ներկայացրած կարճման մասին որոշման մեջ նշված է, որ հոդվածները պարունակում են վիրավորանքներ Զարուհի Փոստանջյանի հասցեին, բայց հրապարակումների հեղինակներից վերցված ցուցմունքներից պարզվել է, որ «հոդվածագիրը Փոստանջյանին անձամբ չի ճանաչել, ուստի և նրան վիրավորելու նպատակ չի ունեցել»:

«Այսինքն` եթե հիմա որևէ այլ թերթ տպագրի նույն այդ գործը քննող քննիչների կանանց, աղջկների մասին այլանդակ հոդված` բազմիցս նրանց անվանելով պոռնիկ, և նրանց պատկերի ինչ-որ մերկ կնոջ մարմնով, բայց եթե հոդվածագիրը նրանց չճանաչի ու ասի, որ վիրավորելու նպատակ չի ունեցել, ուրեմն անմե՞ղ է,- հարցնում է Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը: - Դա պարզապես աբսուրդ է»:

Ըստ փաստաբանի` հոդվածագիրը չէր կարող վիրավորելու նպատակ չունենալ, եթե «Չկայացած պոռնոաստղի սխրանքը» վերնագրով հոդվածում, բացի մոնտաժված մերկ նկարից, 1000 բառի մեջ առնվազն տասն անգամ Փոստանջյանին անվանում է պոռնիկ, անբարոյական, այլասերված և տալիս այլ անձնական վիրավորանքներ:

Հոդվածի հեղինակը հանդես է եկել Շողեր Փաշինյան (կազմված երկու ընդդիմադիր թերթերի`«Չորրորդ ինքնիշխանության» խմբագիր Շողեր Մաթևոսյանի և «Հայկական ժամանակի» Նիկոլ Փաշինյանի անուն-ազգանունից) ծածկանվամբ, հետագայում ոստիկանությունը պարզել է, որ հոդվածագիրը «Հոկտեմբերի 27»-ի գործով (1999 թ. խորհրդարանում կատարված ահաբեկչությունը) ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանն է:

Ի դեպ, Էդիկ Գրիգորյանը, որը «Ժամանակ» թերթի հետ հարցազրույցում ասել է, որ չի զղջում հոդվածը գրելու համար, ոստիկանության` գործը կարճելու որոշումից ուղիղ մեկ ամիս առաջ արդեն տեղյակ էր, որ գործը կարճվելու է:

«Էդ հեչ: Էդ քրեական գործից տեղյակ եմ: Գործը շուտով կփակվի»,- 2009 թ. նոյեմբերի 27-ին ասել է ցմահ դատապարտյալը, մինչդեռ գործը կարճվել է դեկտեմբերի 21-ին:

Փոստանջյանը պնդում է, որ պետք է ոստիկանությունը պարզի նաև, թե որտեղի՞ց է ցմահ դատապարտյալն իմացել գործը կարճելու մասին:

«Սա ևս մի ապացույց է, որ գործը կարճվել է հստակ հրահանգի հետևանքով»,-«ԱրմենիաՆաուին» ասում է փաստաբան Ալումյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորը դատի է տվել թերթին քր. օր. 135-րդ և 136-րդ հոդվածներով` «զրպարտություն» և «վիրավորանք», որոնցով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 000-500 000 դրամ (260-1300 դոլար):

Փոստանջյանը միակը չէ, որ դարձել է «Ազատամտության» զոհը: Նման վիրավորական հոդվածներ և մոնտաժված նկարներ տպագրվել են գրող, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, խմբավար Հովհաննես Չեքիջյանի և այլ հայտնի ու հարգված մարդկանց մասին:

Այս հոդվածաշարերից հետո անցյալ տարի մի խումբ հայ կանայք բաց նամակով դիմել էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին` խնդրելով կարգի հրավիրել թերթի խմբագրին:

«Քանի որ թերթն իշխանական անհայտ ուժի հովանավորությունն է վայելում, և նրանց քաղաքացիական գիտակցության վրա հույս դնելն անօգուտ է, խնդրում ենք Ձեզ` Ձեր ամուսնու ուշադրությունը հրավիրելու այս նողկալի իրողության վրա»,- գրել են հայտնի կին մտավորականները, ինչը, սակայն, անարձագանք և անօգուտ է եղել:

Մինչ այդ, հազվադեպ տված հարցազրույցներում «Ազատամտության» նախկին գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը, որը պատասխանատու է Փոստանջյանի և մյուսների մասին հոդվածների համար, ասել է, որ չի զղջում իր թերթի արածի համար, թեև ընդունում է հոդվածների վիրավորական բնույթը:
ԱրմենիաՆաուի էջերում