Նամակ ոստիկանապետին. ՀՀ օմբուդսմանն անդրադարձել է ձերբակալվածներին առնչվող խնդիրներին

Նամակ ոստիկանապետին. ՀՀ օմբուդսմանն անդրադարձել է ձերբակալվածներին առնչվող խնդիրներին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակ է ուղղել ՀՀ ոստիկանության պետին` նրա ուշադրությունը հրավիրելով ձերբակալվածների`պաշտպան ունենալու իրավունքի խախտումների վրա, և ակնկալելով, որ գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը հանձնարարական կտա ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին` ապահովելու մարդկանց արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս այդ իրավունքի իրականացումը:

Ըստ օմբուդսմանի` վերջերս իր աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում են անձանց` իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքները:

«ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է նաև յուրաքանչյուրի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Այս իրավունքի իրականացումը պայմանավորված չէ անձի` որպես կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքով և որևէ պարագայում չի կարող սահմանափակվել` ելնելով նրա դատավարական կարգավիճակից»,- ասվում է օմբուդսմանի նամակում: (http://ombuds.am/main/am/0/16/2263)

Վերջերս նման իրավիճակում էր հայտնվել հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, որին մոտ 5 ժամ պահել են ոստիկանությունում` թույլ չտալով հանդիպել փաստաբանների հետ:

Մարդու իրավունքների գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիգորի Գրիգորյանցն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ նամակի հիմնական դրդապատճառը Սուքիասյանի դեպքը չէ, «սակայն դա հերթական և հաճախ հանդիպող դեպքերից մեկն է»:

«Պաշտպան ունենալու իրավունքը ձերբակալված անձանց համար խախտվում է բավական հաճախ, այս պահին վիճակագրություն չունենք, սակայն այս գործելաոճի դեմ պետք է պայքարել»,- ասում է Գրիգորյանցը:
ԱրմենիաՆաուի էջերում