Օմբուդսման. ՀՀ Սահմանադրությունը և մարդկային արժանապատվությունը տարանջատվում են

Օմբուդսման. ՀՀ Սահմանադրությունը և մարդկային արժանապատվությունը տարանջատվում են

Ֆոտոլուր

Հինգշաբթի` փետրվարի 25-ին, կայացած մամլո ասուլիսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, խոսելով վերջին շրջանում Հայաստանում սահմանադրական դրույթների խախտման մասին, ասաց, որ, եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա «15-20 տարուց Հայաստանի Հանրապետությունը կվերածվի Հայաստանի ռեզերվացիայի»:

Արմեն Հարությունյանը, մասնավորապես, խոսեց Հայաստանում կատարված մի շարք իրողությունների (գազի սակագների բարձրացում) և բավական աղմկահարույց գործերի մասին (գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալություն, չորեքշաբթի ոսկու շուկայի երկու աշխատակիցների ժամանակավոր բերման ենթարկել և այլն), ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը, որտեղ խոսվում է մարդու արժանապատվության մասին, օրեցօր ավելի է հեռանում Հայաստանի իրականությունից:

«Միգուցե մի քիչ չափազանցում եմ, բայց եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք խոսել ոչ թե ՀՀ Սահմանադրության, այլ Հայաստանի ռեզերվացիայի ներքին կանոնների մասին, որտեղ մի քանի հոգի ռեզերվացիա «նայող» կլինեն, մյուսներն էլ` նրանց սպասարկողը»,- ասաց օմբուդսմանը:

Հարությունյանը հատկապես քննադատեց գազի սակագների բարձրացումը` ասելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է մենաշնորհային տնտեսության առկայությամբ:

Հարությունյանը կարծում է, որ գազի սակագների բարձրացումը կվտանգի ոչ միայն փոքր, այլ նաև միջին բիզնեսը:

«Այսօր արդեն միջին բիզնեսի ներկայացուցիչներն էլ են սկսել բողոքներով դիմել պաշտպանին»,- ասում է Հարությունյանը:

Խոսելով վերջերս Եվրոպական դատարանում կատարված բարեփոխումների մասին, որոնք դատարանին թույլ կտան ավելի արագ ու արդյունավետ ընդունել բողոքներ, ինչպես նաև հետևել պետությունների կողմից Եվրոպական դատարանի վճիռների իրականացմանը, պաշտպանը առանց հստակ թվային տվյալների նշեց, որ Հայաստանը ամենևին էլ առաջին տեղերում չէ Եվրոպական դատարանի վճիռների իրականացման հարցում:

Հետաքրքրական է, որ 2009-ին Եվրոպական դատարանը Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ ինը դատավճիռ է կայացրել, մեկ գործում էլ դատարանը վճռել է, որ քաղաքացու իրավունքի խախտում չի եղել:

Հարությունյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի ՀՀ քաղաքացիները մոտ 5000 բողոք են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Իսկ 2009-ի տարեկան զեկույցը Հարությունյանը կներկայացնի առաջիկա օրերին:
ԱրմենիաՆաուի էջերում