Վիրավորի´ր, բայց հետո վճարի´ր. հույս կա, որ լրատվամիջոցների մասին օրենքը կզսպի զրպարտությունները

Վիրավորի´ր, բայց հետո վճարի´ր. հույս կա, որ լրատվամիջոցների մասին օրենքը կզսպի զրպարտությունները

Ֆոտոլուր

The National Assembly is discussing mass media related amendments package

Ազգային ժողովի կոալիցիոն պատգամավորները նախաձեռնել են ՀՀ քաղաքացիական և քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթ, որի ընդունման դեպքում զրպարտության ու վիրավորանքի համար լրատվամիջոցները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, սակայն պարտավորված կլինեն վճարել մեծ տուգանքներ:

Այսուհետ լրատվամիջոցները տարածած ցանկացած զրպարտության ու վիրավորանքի համար թանկ կվճարեն` 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ (մոտ 1300-5000 դոլար` վիրավորանքի կամ զրպարտանքի համար): Օրինագծի ընդդիմախոսները կարծում են, որ այն կդառնա «անցանկալի լրատվամիջոցներին սնանկացնելու և ֆինանսական հաշվեհարդար տեսնելու գործիք»:

Գործող օրենքով` զրպարտություն և վիրավորանք պարունակող նյութերի համար լրատվամիջոցն առաջին անգամ պատժվում է տուգանքով` 100 000-500 000 դրամ (260-1300 դոլար), իսկ երկրորդ անգամ կրկնելու դեպքում` մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Նոր նախագծով ազատազրկում չի նախատեսվում, սակայն տուգանքի չափը գրեթե քառապատկվել է:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ նախագիծն «ուղղակիորեն կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ» և դառնալու է «մահակ իշխանությունների ձեռքին»:

«Սա պարզապես սնանկացնելու միջոց է, դատարանների ոչ անկախության պարագայում դա շատ հեշտ է իրագործել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դալլաքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ևս պնդում է, որ շրջանառվող նախագիծը լրատվամիջոցների քննադատությունը լռեցնելու նպատակ ունի:

«Օրենքի այս նախագծի ընդունման դեպքում 2012 թ. մենք կունենանք փայլուն, անթերի ընտրություններ, քանի որ խախտումներ, ծեծեր արձանագրողներ չեն լինի: Այսինքն` տպագիր լրատվամիջոցների դաշտը կդառնա այնպիսին, ինչպիսին այսօրվա հեռուստաեթերն է»,- ասում է Հարությունյանը:

Մինչդեռ օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով` նման օրենքի ընդունումը հնարավորություն կտա առողջացնելու լրատվական դաշտը՝ դուրս մղելով այն լրատվամիջոցներին, որոնք օգտագործում են անքաղաքավարի միջոցներ, այդ թվում` զրպարտանք և վիրավորանք:

Հանրապետական Գալուստ Սահակյանը պնդում է, որ օրենքի այս փոփոխությունը կզսպի, բայց չի սահմանափակի խոսքի ազատությունը:

«Օրենքն անհրաժեշտ է: Ի՞նչ է, վենդետայո՞վ զբաղվենք, մենք ինքնե՞րս դատաստան տեսնենք մեզ վիրավորողների հետ»,- ԱԺ ամբիոնից հարցնում է Սահակյանը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նախկինում ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր, ևս կողմ է նախագծին:

«Սակայն պետք է այնպիսի ֆինանսական պատասխանատվության չափ հաստատվի, որը կզսպի զրպարտելու և վիրավորելու ցանկությունը, բայց նաև չի դառնա սնանկացնելու միջոցով լրատվամիջոց փակելու գործիք»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Զոհրաբյանը:
ԱրմենիաՆաուի էջերում