Ընտրություններ Վրաստանում. հասարակական ակտիվիստն ասում է, որ արգելքներ են ստեղծվում հայ թեկնածուների համար

Ընտրություններ Վրաստանում. հասարակական ակտիվիստն ասում է, որ արգելքներ են ստեղծվում հայ թեկնածուների համար

Ֆոտոլուր

Շիրակ Թորոսյան և Սևակ Արծրունի

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասում է, որ Ջավախքում մայիսի 30-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլը ի սկզբանե անհավասար պայմաններում է ընթացել էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես 96 տոկոս հայերով բնակեցված Ախալքալաքի շրջանի ազգային-հասարակական գործիչների համար: (Ջավախքը Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սամցխե-Ջավախեթի նահանգի պատմական անունն է, որի 6 շրջաններից 3-ը բնակեցված են հայերով: Հայերի թիվն այնտեղ հասնում է 100 հազարի:)

Նրանց մեծամասնությունը, ըստ Թորոսյանի, չի կարողացել առաջադրվել ընտրություններում, քանի որ այս ընտրությունների նախօրեին, Վրաստանի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն, ՏԻՄ ընտրություններին թեկնածություն առաջադրելու իրավունքից զրկվել են քաղաքացիական նախաձեռնող խմբերը:

Թորոսյանը հայերի քաղաքական-քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտում է համարում այն փաստը, որ «Քաղաքական միավորումների մասին» Վրաստանի օրենքով արգելվում են տարածաշրջանային կամ տարածքային հատկանիշներով կուսակցությունների ստեղծումը:

«Երկիր» հայրենակցական միության խորհրդի նախագահ Սևակ Արծրունին էլ իր հերթին ասում է, որ Վրաստանում ընտրություններն անցնելու են զանգվածային կեղծիքներով:

«Հակառակ Ջավախքում առկա արտագաղթին` հինգ տարի առաջվա ցուցակներում Ախալքալաքում 4000 ընտրող է ավելացել, սա նշանակում է, որ իշխանությունները պատրաստվում են այդքան լցոնել քվեատուփերը»,- ասում է Արծրունին` ավելացնելով, որ նույնիսկ վրացի թեկնածուները, ենթարկվելով լուրջ ճնշումների, հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց:

Արծրունին ասում է, որ իշխանական կուսակցության ներկայացուցիչներն օտարերկրացի լրագրողներին արդեն հայտարարել են, որ իրենք 90 տոկոսով անցնելու են:
ԱրմենիաՆաուի էջերում