Եթերային քաղաքականություն. հեռուստատեսության մասին նոր օրենքը զրկում է բազմակարծության հույսից
Ներկայումս Հայաստանում գործում է 22 հեռուստաալիք, որոնց մեծ մասը հեռարձակվում է միայն Երևանի տարածքում: Այս հեռուստաալիքներից նվազագույնը 4-ը հեռարձակում են ռուսաստանյան հեռուստաալիքներ, մի քանիսը ժամանցային բնույթի են: Մյուս բոլոր հեռուստաալիքները, որոնք լրատվական և վերլուծական ծրագրեր են հաղորդում, գերազանցապես ընդգծված իշխանամետ բնույթ ունեն: Բացառություն է «Երկիր մեդիան», որը ֆինանսավորում է ընդդիմադիր ՀՅԴ-ն: Կուսակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից, հայտարարել է իրեն ընդդիմություն, սակայն հիմնականում դեմ է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, և, մասամբ, սոցիալ-տնտեսական հարցերին` չշոշափելով իշխանությունների լեգիտիմության հարցը: Միջազգային կառույցների և տեղական լրագրողական կազմակերպությունների կարծիքով` «Երկիր մեդիան» չի ապահովում հեռարձակման ոլորտի բազմակարծությունը: Առանձնակի է դրված «Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերության հարցը: Հեռուստաընկերությունը, որը եթերազրկվել է 2000 թ., մինչ օրս չի կարողացել շահել հեռուստահաճախությունների ոչ մի մրցույթ: Ընդունված փոփոխությունները նույնպես հնարավորություն չեն տա կազմակերպությանը եթեր դուրս գալու հույս ունենալ: Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հունիսի 18-ին հայտարարել է, որ «միջազգային կազմակերպությունների համար «Ա1+»-ը դարձել է «ֆիքս գաղափար»: Իհարկե, նա չի մասնավորել` արդյոք հեռարձակման նոր օրենսդրությունը «Ա1+»-ին մրցույթին մասնակցելու հնարավորություն տալի՞ս է: Հրապարակումից հետո օրենսդրական փոփոխությունների փաթեթը արժանացավ լրագրողների և միջազգային կազմակերպությունների քննադատությանը: Մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Երևանի մամուլի ակումբը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը հունիսի 6-ին հանդես եկան հատուկ հայտարարությամբ, որում կոչ է արվում միջազգային կազմակերպություններին չաջակցել ՀՀ կառավարությանը թվայնացման գործընթացում, մինչև այն չներկայացնի լրամշակված օրինագիծ: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելլին Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հիշեցրել է ԵԱՀԿ անդամ երկրների պարտավորության` մարդու այնպիսի հիմնարար իրավունքներ պաշտպանելու ու պահպանելու մասին, ինչպիսին են ԶԼՄ-ներն ու խոսքի ազատությունը: ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն «ամենայն հավանականությամբ կհանգեցնեն հեռուստատեսությունում բազմակարծության կրճատման, ինչպես նաև հայ հասարակությանը բազմաբնույթ տեղեկատվություն և կարծիքներ տրամադրելու սահմանափակման»: ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունիսի 15-ին հրապարակած հայտարարության մեջ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի ընդունած փոփոխությունները որակել է որպես «թվային հեռարձակման դարաշրջանում բազմակարծությանը չնպաստող» օրինագիծ: Փաստաթղթի հիմնական թերություններից Միյատովիչն առանձնացնում է հետևյալները` հեռուստաալիքների թվի կրճատում, արբանյակային, բջջային և առցանց հեռարձակման հստակ կարգավորման բացակայություն, կարգավորող մարմնի կողմից բոլոր տեսակի հեռարձակումները արտոնագրելու կամ թույլտվություն տրամադրելու ռեժիմ, ԶԼՄ-ների ազատության անիրավաչափ սահմանափակումներ պարունակող օրենքի վրա հիմնվելով դատարաններին հեռարձակման արտոնագրի գործողությունը դադարեցնելու իրավասության տրամադրում, մասնավոր թվային հեռուստաալիքների ստեղծման պայմանների և ընթացակարգերի բացակայություն: Human Rigts Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 15-ի նամակով կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չստորագրել փոփոխությունների օրենսդրական փաթեթը և հետ ուղարկել խորհրդարան` վերանայելու: Human Rigts Watch-ը նաև հիշեցրել է, որ Հայաստանը պարտավորվել էր կատարել 2008 թ. հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Ա1+» հեռուստաընկերության գործով որոշումը: Սակայն Սերժ Սարգսյանը, չնայած դրան, ստորագրեց օրենքը: Այս ամբող պատմության մեջ հատկանշական է ևս մի բան. Հայաստանի իշխանությունները չընկրկեցին հասարակական կարծիքի և միջազգային կազմակերպությունների ճնշման տակ: Փորձագետները պնդում են, որ դա պայմանավորված է մինչև 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունները հեռուստատեսության վրա լրիվ վերահսկողությունը պահպանելու մտադրությամբ:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.