«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն սննդամթերքի անվտանգության ապահովման բազմաթիվ խախտումներ է արձանագրել Հայաստանում

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն սննդամթերքի անվտանգության ապահովման բազմաթիվ խախտումներ է արձանագրել Հայաստանում

Ֆոտոլուր

Արթուր Վարժապետյան (ձախ), Աբգար Եղոյան

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Երևանի և մարզերի դպրոցների և մանկապարտեզների բուֆետներում ու ճաշարաններում իրականացրած մոնիթորինգը ցույց է տվել, որ դրանց մեծ մասում առկա են սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտին առնչվող բազմաթիվ խախտումներ:

Մոնիթորինգն սկսվել է 2009-ի վերջից և ավարտվել 2010-ի մայիսի 27-ին: Այդ ընթացքում ստուգվել է 442 օբյեկտ, որոնցից 377-ում հայտնաբերվել են խախտումներ:

ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանն ասում է, որ հիմնական խախտումները եղել են առանց համապատասխանության հավաստման սերտիֆիկատի սննդամթերքի վաճառքը, սխալ մշակմամբ և անհայտ ծագմամբ սննդամթերքի վաճառքը, ժամկետանց և կեղծված սննդամթերքի վաճառքը, ինչպես նաև պահման ջերմաստիճանային պայմանների խախտումները և սանիտարահիգիենիկ վիճակի անհամապատասխանությունները:

«Բոլոր խախտումների հայտնաբերման դեպքերում գյուղնախարարությունը նկատողություն է տվել և առաջադրել վերացնել դրանք»,- ասում է Վարժապետյանը:

Սննդային թունավորումներ ավելի շատ արձանագրվում են մանկապարտեզներում: Օրինակ` անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց Սիսիանի (Սյունիքի մարզ) մանկապարտեզներից մեկում գրանցված սննդային թունավորումը, որի հետևանքով 25 երեխա հոսպիտալացվել էր, իսկ պատասխանատուների նկատամամբ քրեական գործ էր հարուցվել:

Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանի` խախտումներ արձանագրած մանկապարտեզներին և դպրոցներին տուգանելը հարցի լուծում չէ, որովհետև ստիպված կլինեն «համատարած բոլորին տուգանել»:

«Ավելի ճիշտ կլինի ծնողներին իրազեկել, որ խախտումներ տեսնելու դեպքում բարձրաձայնեն, ինչպես նաև կրթել բուֆետների և ճաշարանների աշխատողներին»,-ասում է Եղոյանը:

ՀԿ-ը պատրաստվում է այս տարի Երևանի դպրոցների բուֆետների աշխատակիցների համար սննդամթերքի անվտանգության թեմայով երկու դասընթաց կազմակերպել:
ԱրմենիաՆաուի էջերում