Հայաստանի իրավապաշտպանները պնդում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չէ

Հայաստանի իրավապաշտպանները պնդում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չէ

Ֆոտոլուր

Փորձագետներն ասում են, որ Հայաստանում կոռուպցիոն դրսևորումների տարածմանը նպաստում են օրենսդրական բացերը:

Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատուների` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին արդյունավետ չէ, «թեև ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական տվյալներն այլ բան են ասում»:


Երևանում, Գյումրում և Վանաձորում գործող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները (ՇՊԱԿ) (համակարգվում են երեք կազմակերպությունների կողմից) 2008 թվականից մինչև այս տարվա հունիսի 1-ը ստացել են ավելի քան 1300 դիմում, որից 360-ը` կոռուպցիոն բնույթի, իսկ մյուսները հիմնականում վերաբերել են պաշտոնեական դիրքի չարաշահումներին: (ՇՊԱԿ-ների նպատակն է աջակցել հանրության մասնակցությանը կոռուպցիայի դեմ պայքարում և նպաստել հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներին Հայաստանում):

Կենտրոնների գործունեության ընթացքում ի հայտ են եկել մի շարք օրենսդրական բացեր, որոնք կոռուպցիոն դրսևորումների տարածման հնարավորություն են ընձեռում` խախտելով մարդու իրավունքները: Դրանք հիմնականում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր հարուցելու գործընթացի թերություններ են` պայմանավորված օրենսդրության անկատարությամբ և հանցագործությունների մասին հաղորդումներին իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքով:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ներկայացուցիչ Սոնա Այվազյանի խոսքով` իրենց հիմնականում դիմում են տարեց քաղաքացիներ, որոնք կանգնած են սեփականությունը կորցնելու վտանգի առաջ:

«Գիտենք` կրթական համակարգում ինչ մեծ չափերի կոռուպցիա կա, սակայն այդ ոլորտից միայն մեկ դեպք ենք ունեցել, իսկ առանց կոնկրետ բողոքի շատ դժվար է այդպիսի գործերով զբաղվել»,- ասում է Այվազյանը` ավելացնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ արձանագրվում են այն դեպքերում, երբ քաղաքացիներն իրենց դիմում են նախնական փուլում:

Ըստ Արթուր Սաքունցի` ամբողջ պետական համակարգն է հովանավորում կոռուպցիան, և հատուկենտ դեպքերում, երբ որևէ պաշտոնյա պատժվում է, ապա միայն այն պատճառով, որ առանց վերադասների թույլտվության է կոռուպիոն գործունեություն ծավալել:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ մի դեպք հիշեց, երբ քաղաքացին դիմել է իրենց բողոքով, իրենք էլ քաղաքացուն համապատասխան փաստաբանի են խորհուրդ տվել, սակայն գործը ոչ մի ընթացք չի ստացել:

«Փաստաբանին հարցրեցի, թե ի՞նչ եղավ, փաստաբանն ասաց, որ քաղաքացին հարցնում էր, թե արդյոք կարո՞ղ է դատավորին փող տալ»,- ասում է Բարսեղյանը:

ԱրմենիաՆաուի էջերում