Ըստ Freedom House-ի` ժողովրդավարության առումով Հայաստանը շարունակում է պահպանել իր «կիսաավտորիտար համակարգ» ունեցող երկրի վարկանիշը։
Երեքշաբթի Freedom House-ի (www.freedomhouse.org) Հայաստանի մասին հրապարակված 18 էջանոց զեկույցում նշվում է, որ երկրում առաջընթաց չի արձանագրվել ընտրական, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցներ, կառավարման, անկախ դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում:
«Անցումային փուլի երկրներ 2010» զեկույցում (որում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ երկիր և անդրադարձ է կատարվում 2009 թ. ժամանակաշրջանին) ներկայացված է Հայաստանի ժողովրդավարության ցածր ցուցանիշը, որը մնացել է նույնը (5,39)` նախորդ տարվա համեմատությամբ (ժողովրդավարական առաջընթացի սանդղակում վատագույն ցուցանիշը 7-ն է, լավագույնը` 1-ը):
Freedom House-ի զեկույցի համաձայն` Հայաստանի տարածաշրջանային հարևան Վրաստանի դիրքերը մի փոքր ավելի բարենպաստ են, թեև այն նույնպես չի կարողանում բարելավել իր ցուցանիշը (4,93):
Ադրբեջանի ցուցանիշն ավելի ցածր է, քան Հայաստանինը (6,39, որը մի փոքր ցածր է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշից` 6,25):
Երևանի «Կովկաս» ինստիտուտի տնօրեն և վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանի հեղինակած զեկույցի ամփոփագրում նշվում է, որ «2008 թ. հետընտրական իրադարձությունների հետևանքով հասարակության բևեռացումն աստիճանաբար նվազել է և փոխարինվել հասարակական անտարբերությամբ» և որ «տարածաշրջանային քաղաքականության մեջ չափավոր հաջողությունը ինչ-որ չափով փոխհատուցեց 2008 թ. քաղաքական ճգնաժամի և համաշխարհային տնտեսական անկման բացասական հետևանքները»:
«ՀՀ օրենսդրությամբ ապահովվում է ժողովրդավարության և օրենքի գերակայության համար պայմանները, սակայն գործադիր մարմինը շարունակում է գերիշխել կառավարման համակարգում»,- նշված է ժողովրդավարական կառավարման մասին գլխում: Անդրադառնալով անկախ դատական համակարգին` զեկույցի հեղինակը նշում է. «ՀՀ Սահմանադրությունն ապահովում է անկախ դատական համակարգ, սակայն, ըստ էության, գործադիր իշխանությունը կարողանում է ճնշում գործադրել դատարանների վրա»:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդեց հասարակական կյանքի գրեթե բոլոր բոլորտների վրա` խորացնելով երկրում անապահովության և հոռետեսության մթնոլորտը»,- ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ թեև Հայաստանում ընտրությունների անցկացման գործընթացում առաջընթաց չկա, սակայն, հասարակության ընկալմամբ, 2009 թ. Հայաստանում կոռուպցիան մի փոքր նվազել է: Այդուհանդերձ զեկույցում նշվում է, որ «կոռուպցիան շարունակում է մնալ որպես երկրի ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտ»:
Զեկույցում կանխատեսվում է, որ 2010 թ. «Հայաստանը կշարունակի աշխատել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ», սակայն «կարող է տնտեսական ավելի համեստ ցուցանիշների հեռանկարներ ակնկալել», քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները չի կարգավորել, և սահմանը չի բացվել:
«Եվրոպայի հետ հարաբերություններում մերձեցում կշարունակվի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտությունը կմնա սառեցված, իսկ շահագրգիռ կողմերը կշարունակեն լավատեսական հայտարարություններով հանդես գալ բանակցություններում առաջընթացի վերաբերյալ,- ասված է զեկույցում: - Ներքաղաքական կյանքում Հայաստանի համար հիմնական մարտահրավերներն են ապահովել հավասար խաղի պայմաններ և կենսունակ ընդդիմություն…: Հաշվի առնելով այն փաստը, որ 2010 թ. Հայաստանում ընտրություններ չեն անցկացվելու, առաջիկա տարվա ընթացքում վերը նշված մարտահրավերները չեն հաղթահարվի»:
Հայաստանի մասին զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ http://www.freedomhouse.eu/images/nit2010/NIT-2010-Armenia-proof-Il.pdf
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.