Սահմանադրությունը 15 տարեկան է. տարեդարձի նախաշեմին օմբուդսմանը գնահատականներ է տալիս հիմնական օրենքին

Սահմանադրությունը 15 տարեկան է. տարեդարձի նախաշեմին օմբուդսմանը գնահատականներ է տալիս հիմնական օրենքին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Օմբուդսմանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը լավն է, բայց բարեփոխումների կարիք է զգում:

Սահմանադրության 15-ամյակի նախաշեմին (հուլիսի 5) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, թեև ՀՀ գործող Սահմանադրությունը համարում է ժողովրդավարական, այդուհանդերձ նշում է, որ եթե հնարավորություն ունենար փոխել այն` կուժեղացներ պառլամենտարիզմի ինստիտուտը և ՍԴ-ի գործառույթները, ինչպես նաև հնարավորինս կանկախացներ դատական համակարգը քաղաքական իշխանությունից:


Ըստ նրա` այդ փոփոխությունները կբերեին ավելի լիարժեք ընտրական գործընթացների, նաև կյանքում ավելի դժվար կլիներ շրջանցել հակակշիռների ու զսպումների մեխանիզմը:

(ՀՀ Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով ընդունվել է 1995 թ., իսկ բարեփոխված տարբերակը` 2005 թ.:)

Օմբուդսմանի կարծիքով` թեև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում են բազմակարծություն, ազատ տնտեսական մրցակցություն, և բարձրագույն արժեք են հռչակված մարդու իրավունքները, այսօր երկրում խախտվում են Սահմանադրության նորմերը:

«Հայաստանում ազատ տնտեսական մրցակցություն գոյություն չունի, գերիշխում են մենաշնորհները։
Պետք է ձերբազատվել օլիգարխիկ տնտեսական համակարգից, քանի որ հենց դա թույլ չի տալիս նորմալ ձևավորել մյուս ոլորտները»,- ասում է Հարությունյանը:

Որպես իրավաբան` նշում է, որ Սահմանադրությունը միշտ չէ, որ արտացոլում է իրավաբանական մտքի մակարդակը: Այն ավելի շատ արտացոլում է քաղաքական փոխհարաբերությունների մշակույթը:

«Իրավաբանները պատրաստում են (փաստարկներ), և հանրաքվեի, ըստ էության, ներկայացվում է քաղաքական ուժերի կողմից: Եվ այստեղ միշտ չէ, որ իրավաբանները բավարարված են այդ պրոցեսների արդյունքից: Բայց այն, ինչ ունենք, բավարար է, որպեսզի կարողանանք ապահովել ժողովրդավարական զարգացում»,- բացատրում է Հարությունյանը:

Ըստ օմբուդսման Հարությունյանի` Հայաստանում ժողովրդավարության տեսանկյունից խնդիրներ կան, բայց դրանում մեղավորը Սահմանադրությունը չէ:

«Ո՞վ է մեղավոր. բոլորն էլ մեղավոր են` մեր երկրում քաղաքական համակարգը միասնական է` թե´ իշխանությունները, թե´ ընդդիմությունը նույն քաղաքական մշակույթի կրողներն են: Քաղաքական սպեկտրի բոլոր քաղաքական ուժերն էլ մեղավոր են, քաղաքացիական հասարակությունն էլ է մեղավոր, որովհետև այդքան ակտիվ ու պայքարող չէ, իսկ երբ առաջին պայքարից հետո հաջողության չի հասնում, անմիջապես սկսում է փնովել` սա երկիր չէ, այստեղ ապրել հնարավոր չէ»,- ասում է նա:

Եվ չնայած Հարությունյանը նշում է, որ հասարակությունը վստահում է Հայաստանի Սահմանադրությանը, սակայն, միաժամանակ, փաստում է, որ իրենց դիմողների 80 տոկոսի սահմանադրական իրավունքները խախտվում են։

ԱրմենիաՆաուի էջերում