Խոսքի ազատությունը Հայաստանում. մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնում է լրատվամիջոցներին հուզող խնդիրները

Խոսքի ազատությունը Հայաստանում. մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնում է լրատվամիջոցներին հուզող խնդիրները

Ֆոտոլուր

Չորեքշաբթի` հուլիսի 7-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է ներկայացրել Հայաստանում լրատվամիջոցների ու լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ` նշելով, որ նախորդ տարի այդ սահմանափակումները 18-ն են եղել:

«Եթե մենք ձգտում ենք դեպի ժողովրդավարություն` որպես քաղաքական ռեժիմ, պետք է իմանանք, որ դրա հոգին` որպես իրավական ռեժիմ, սահմանադրությունն է, իսկ խոսքի ազատությունը լրացնում է այդ իրավական ռեժիմը»,- կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` հավելելով, որ «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» 10-րդ զեկույցը ոչ մի կապ չունի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցի հետ:

Զեկույցը բաղկացած է վերջին տարիներին սահմանափակումների ենթարկված հետևալ հինգ ոլորտներից`ՀՀ օրենսդրության ուսումնասիրություն, խոսքի ազատության միջազգային չափանիշներ, ՀՀ-ում լրագրողների իրավունքների խախտումներ, մամուլում խոսքի ազատության սահմանափակում և հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտում խոսքի ազատության ընդհանուր վիճակը:

«Սահմանափակվում են մամուլի իրավունքները, երբ բռնություններ ու սպառնալիքներ են լինում, թերթերին ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, օրինակ` երբ թերթերը չեն հասնում կրպակներ, կամ գնվում է ամբողջ տպաքանակը, որ թերթը հասանելի չդառնա»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ ուրբաթ Հայաստանի իրավապաշտպանները կհանդիպեն իրեն` քննարկելու զեկույցը:
ԱրմենիաՆաուի էջերում