Նորից մերժում. վերաքննիչ դատարանը մերժում է մարտիմեկյան զոհերի ծնողների հայցը

Նորից մերժում. վերաքննիչ դատարանը մերժում է մարտիմեկյան զոհերի ծնողների հայցը

Ֆոտոլուր

Երեքշաբթի` հուլիսի 13-ին, քրեական վերաքննիչ դատարանը մերժեց 2008 թ. մարտի 1-ի հետընտրական բախումների հետևանքով «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի և Գոռ Քլոյանի իրավահաջորդների հայցը: Զոհերի ծնողները բողոքարկում էին Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որը մեկ ամիս առաջ մերժել էր զոհերի ծնողների հայցը, որով նրանք մեղադրում էին Հատուկ քննչական ծառայությանը սպանությունների հանգամանքները պատշաճորեն չքննելու մեջ:


Դատավարությունը մեկնարկել էր դեռևս ապրիլի 16-ից, սակայն ի սկզբանե զոհերի ծնողները վստահ էին, որ ՀՀ դատական բոլոր ատյանները մերժելու են իրենց հայցը:

«Հենց սկզբից էլ պարզ էր, քանի որ դատարանները [Հայաստանում] նույն հանցավոր օղակի մի մասն են կազմում, սակայն մեզ հարկավոր էր սպառել տեղական ատյանները, որպեսզի կարողանանք դիմել [Մարդու իրավունքների] Եվրոպական դատարան: Այստեղից (Հայաստանից) արդեն վաղուց ոչ մի հույս չունենք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է մարտի 1-ի զոհ 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները, հիմնվելով պատասխանող կողմի` դատախազության այն պնդման վրա, որ նախաքննությունը դեռ շարունակվում է և անգործության մատնված չէ, զոհերի ծնողների բողոքը անհիմն համարեցին:

Դատախազ Հարություն Հարությունյանը զարմանում է, թե ինչի´ հիման վրա են զոհերի իրավահաջորդները պնդում, որ Հատուկ քննչական ծառայությունը անգործության է մատնել սպանությունների գործը, եթե ոչ մեկն այդ գործերին դեռ ծանոթ չէ:

«Գործը դեռ ապացույցների հետազոտման փուլում է, և պնդել, թե ոչինչ չի արվել` անհասկանալի է, ի՞նչ գիտեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հարությունյանը:

Մինչդեռ սպանված 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, հակադարձում է, որ ապացույցների հետազոտման փուլը չի կարող երկու տարի տևել, երբ արդեն պարզ են, թե որ ոստիկաններն են կիրառել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը:

Դատախազությունը դեռ անցյալ տարի հայտարարել էր, որ պարզել է չորս ոստիկանների ինքնությունը, որոնք կիրառել են այդ հատուկ միջոցը, որի զոհ են դարձել երեք երիտասարդները, սակայն արդեն երկու տարի է` չեն կարողանում պարզել, թե ստույգ ո´ր ոստիկանի արձակած փամփուշտի զոհ են դարձել սպանվածները:

«Մեր երեխաների զոհվելու տեղը պարզված է, և բոլորովին դժվար չէ պարզել, թե որ ոստիկանը ո´ր հատվածում է տեղակայված եղել: Էլ չեմ ասում, որ դժվար չէ պարզել, թե ով է հրաման տվել օգտագործել այդ հնացած, արգելված միջոցը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Քլոյանը` հավելելով, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, և ցանկության դեպքում այս գործերը կարող էին վաղուց բացահայտված լինել:

ԱրմենիաՆաուի էջերում