Կրոնի ազատություն. տեղի իրավապաշտպաններն անհանգստացած են կրոնական կազմակերպությունների նկատմամբ հայերի անհանդուրժողականությամբ

Կրոնի ազատություն. տեղի իրավապաշտպաններն անհանգստացած են կրոնական կազմակերպությունների նկատմամբ հայերի անհանդուրժողականությամբ


«Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի շարք իրավական ու հասարակական խնդիրներ, որոնք մարդկանց թույլ չեն տալիս ազատորեն դավանել այս կամ այն կրոնը կամ աթեիստ ու ագնոստիկ լինել: Ուսումնասիրությունում արտացոլված է նաև այսօր հասարակության ու զանգվածային լրատվամիջոցների վերաբերմունքը խղճի ազատության, տարբեր կրոնական կազմակերպությունների նկատմամբ:

«Լրատվամիջոցների հրապարակումներից երևում է, որ Հայաստանում խղճի ազատության և կրոնական ազատության ոտնահարումը ոչ այնքան իշխանություններից է գալիս, որքան լրատվամիջոցներից։ Եթե քաղաքական խնդիրները լուսաբանելիս լրատվամիջոցները բաժանվում են ընդդիմության և իշխանության, ապա այս հարցի (խղճի ազատության և կրոնական ազատության) լուսաբանման դեպքում, մի քանի բացառությամբ, բոլոր լրատվամիջոցները դեմ են կրոնական կազմակերպությունների գործունեությանը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ուսումնասիրության հեղինակներից լրագրող Վահան Իշխանյանը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի անցկացրած այս ուսումնասիրության արդյունքում հետազոտվել է կրոնի և խղճի ազատությանը վերաբերող լրատվամիջոցների 1451 հրապարակում, ըստ որի` լրատվամիջոցները գերակշռող դեպքում բացասաբար են վերաբերվում տվյալ կազմակերպություններին:

ԶԼՄ-ները` որպես հասարակական կարծիք ձևավորող կարևորագույն ինստիտուտ, պետք է պատկերացում տան Հայաստանի կրոնական համայնապատկերի մասին: Սակայն ինչպես ուսումնասիրությունում նշում են կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, ԶԼՄ-ները կա´մ անտեսում են իրենց, կա´մ նրանց նկատմամբ Առաքելական եկեղեցու դիրքերից հակաքարոզչություն են իրականացնում:

Երևանի Ավետարանական եկեղեցու վերապատվելի հովիվ Լևոն Պարտակչյանը ոուսումնասիրության մեջ ասում է, որ ԶԼՄ-ները թաքցնում են և չեն ցանկանում իրականությունն ասել:

«Մեկ ամիս առաջ «Արմենիա» հեռուստաալիքով տեսա մի նյութ. քահանան հստակ ասաց`ավետարանականները, հիսունականները և բոլորը պետք է վռնդվեն: Թռուցիկներ էլ կան նման տեքստով: Այն, որ ԶԼՄ-ները Առաքելականի բոլոր ծեսերին մասնակցում են, լուսաբանում, իսկ Ավետարանականին`ոչ, արդեն խտրականություն է»,- նշում է նա:

«Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Լևոն Սարգսյանը ԶԼՄ-ներից դրական է գնահատում «Ա1+»-ը և «ԱրմենիաՆաուն», որոնք օբյեկտիվ և չեզոք են ներկայացրել իրենց գործունեությունը:

«Բացասական ենք գնահատում «Շանթ», «Շողակաթ», «Ավետիս», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները և «Առավոտ», «Հայոց աշխարհ» թերթերը: Նրանք հաճախակի կեղծ ու ապատեղեկատվություն են ներկայացնում: Չեզոք են երբեմն «Հ1»-ը, Հանրային ռադիոն և «Արմենիա» հեռուստաընկերությունը»,- ասում է նա:

Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը ներկայացնելով` Սբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանն ասում է, որ ճիշտ դաստիարակված մարդը չի կարող հետևել այլ կրոնական կազմակերպությունների, ինչն անում է մի ստվար զանգված: Ու եթե այլ կրոնական կազմակերպությունները բողոքում են, որ ԶԼՄ-ները միակողմանի են լուսաբանում, ապա Առաքելականը բողոքում է, որ իրենց «Շողակաթ» հեռուստաընկերությունը և «Վեմ» ռադիոկայանը քչերն են նայում կամ լսում:

«Ամեն «աղբ» լսում են, բացի, օրինակ`«Վեմ» ռադիոալիքից, որ լսում են հավատացյալները: «Շողակաթ» ալիքն ո՞վ է նայում որ: Նայում են «32 ատամ», «2 աստղ»: Հետաքրքրություն չկա, որովհետև մարդը չի հասկանում` ո´վ է Աստված և ի´նչ է ուզում իրենից, ի´նչ է նշանակում քրիստոնյա լինել, ի վերջո»,- ասում է նա:

Ուսումնասիրությունը բացահայտում է նաև հասարակության վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև կրոնական մի շարք կազմակերպությունների նկատմամբ։ Ուսումնասիրության ընթացքում հարցվել է ընդհանուր առմամբ 1040 մարդ: Ըստ լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ճնշող մեծամասնության` խղճի և դավանանքի ազատությունը Հայաստանում «մասամբ հարգվում է»։

Հարցվածների 72,7 տոկոսը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ դավանանք կամ համոզմունքներ ընդունելու, չընդունելու կամ փոխելու ազատություն պետք է ունենա։ Ըստ 70,6 տոկոսի` կրոնական հողի վրա հետապնդումները, այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հրահրումը պետք է առաջ բերեն օրենքով սահմանված պատասխանատվություն։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ հասարակության մեծամասնության կողմից ամենաբացասական վերաբերմունքի են արժանացել Եհովայի վկաները՝ 77,1 տոկոս, չեզոք վերաբերմունք կա Հայ Ավետարանական եկեղեցու նկատմամբ` 48,3 տոկոս, Հայ Կաթողիկե եկեղեցու հանդեպ՝ 45,5 տոկոս, դրական վերաբերմունք՝ Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ՝ 80 տոկոս։

Հայաստանի անկախության առաջին տարիներին ընդհատակում գտնվող կամ նախկինում անլեգալ գործող կրոնական կազմակերպությունները սկսեցին ազատ գործել: 1991 թ. ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը: 2001-ին Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ, 2002-ին վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Ուսումնասիրության համահեղինակներ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և սոցիոլոգ Մերի Երանոսյանը փաստում են, որ Եվրախորհրդին անդամակցելուց ինը տարի անց էլ Հայաստանը դեռ հեռու է կրոնական կազմակերպությունների նկատմամբ հանդուրժողականությունից և չի ապահովում բոլոր կրոնական խմբերի համար գործունեության հավասար պայմաններ:

2010 թ. աշնանային նստաշրջանում ԱԺ-ը քննարկելու է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրինագիծը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեն հույս ունի, որ մինչև ԱԺ լսումները որոշում ընդունողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կծավալվեն քննարկումներ`ուսումնասիրության մեջ վեր հանված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների շուրջ:
ԱրմենիաՆաուի էջերում