Պայմանները քրեակատարողական հիմնարկներում. իրավապաշտպաններն ահազանգում են կալանավայրերի գերբնակեցվածության մասին

Պայմանները քրեակատարողական հիմնարկներում. իրավապաշտպաններն ահազանգում են կալանավայրերի գերբնակեցվածության մասին


Իրավապաշտպաններն ահազանգում են, որ Հայաստանի կալանավայրերը գերբնակեցված են, և դրանցում պահվում են նախատեսվածից երկու անգամ ավելի դատապարտյալներ: Նրանք կոչ են անում իշխանություններին համաներում հայտարարել և բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը:

Այս շաբաթ հասարակական դիտորդների մի խումբ ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանի 9 կալանավայրերում և պարզել, որ որոշ քրեակատարողական հիմնարկներում 8 հոգու համար նախատեսված խցերում հաճախ 20 մարդ է պահվում, որը պատճառ է դառնում կոնֆլիկտների ու ինքնասպանությունների:

11 հոգանոց հասարակական խմբի ղեկավար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Արման Դանիելյանն ասում է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների թիվը անցած մեկ տարում աճել է 20%-ով։ (Հայաստանում մոտ 5000 դատապարտյալ կա:)

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ամենամեծն է և տեղավորում է 840 մարդ։ Եթե իրավիճակն այսպես մնա, ամեն տարի մի «Նուբարաշեն» պիտի կառուցենք»,- զգուշացնում է Դանիելյանը:

Դատապարտյալների համար ապահովված չէ անգամ ամենատարրական պայմանը, օրինակ` ազատազրկվածները քնում են հերթափոխով, քանի որ բավարար թվով մահճակալներ չկան:

Ըստ իրավապաշտպանների` գերբնակեցման հիմնական պատճառը հանցագործությունների թվի աճն է, մինչ դատաքննությունը նախնական կալանավորման չափազանց լայն կիրառումը և վաղաժամկետ ազատման սակավ դեպքերը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ գերբեռնվածության խնդիրն արդեն բարձրացվում է տարիներ շարունակ, սակայն այդ հարցը լուծելու լուրջ քայլեր չեն ձեռնարկվում:
ԱրմենիաՆաուի էջերում