Թուք ու մուր. ինֆորմացիոն ՀԿ-ն «սև ցուցակում» է ընդգրկել տեղեկատվություն տրամադրելու իրավունքը խախտող պաշտոնյաներին

Թուք ու մուր. ինֆորմացիոն ՀԿ-ն «սև ցուցակում» է ընդգրկել տեղեկատվություն տրամադրելու իրավունքը խախտող պաշտոնյաներին

Ֆոտոլուր

Դոյդոյանն ասում է, որ տեղեկատվություն տրամադրելու բնագավառում իրավիճակը բավականին բարելավվել է:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեքշաբթի հրապարակեց տեղեկատվություն տրամադրելու իրավունքը խախտող պաշտոնյաների իր «սև ցուցակը», որում երկու նախարար, մեկ քաղաքապետ և ոչ պետական բուհի ռեկտոր է հայտնվել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) տնօրեն Շուշան Դոյդոյանը բացատրեց, որ այդ ցուցակում հայտնվում են այն անձինք, որոնք չեն պատասխանել լրագրողների, քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների գրավոր հարցումներին կամ տրամադրել են «ապակողմնորոշող, որոշ դեպքերում էլ` ոչ ճշգրիտ տեղեկատվություն»:

Այս եռամսյակում, ինչպես նաև անցյալ տարվա ամփոփիչ զեկույցում սև ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ցուցակում են նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը:

Դոյդոյանը պատմեց, որ ԻԱԿ-ը բոլոր նախարարություններին հարցում է ուղարկել, որով խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք կա՞ն տվյալ նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010 թվականին, և եթե կան, ապա խնդրել է տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Նրա խոսքով` նախարարություններից միայն պաշտպանության նախարարությունն է սահմանված կարգով գաղտնազերծել որոշակի թվով փաստաթղթեր, ևս մեկ փաստաթուղթ գաղտնազերծել է արտաքին գործերի նախարարությունը:

(Փաստաթղթերի գաղտնազերծումը յուրաքանչյուր պետական կառույցի համար ամենամյա գործընթաց է, որը պետք է իրականացվի որոշակի ժամանակ անց` հույժ գաղտնի և հատուկ կարևորության փաստաթղթերը` 30 տարի անց, գաղտնի փաստաթղթերը` 10 տարի անց):

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հարցմանն ընդհանրապես չի պատասխանել, իսկ արտակարգ իրավիճակների նախարարը պատասխանել է, թե իրենց գաղտնազերծած փաստաթղթերն առգրավվել է Հատուկ քննչական ծառայության կողմից, ինչը, Դոյդոյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հատուկ քննչականից պարզել են, որ պատճենները նախարարությունում են:

Սակայն Դոյդոյանը նկատեց, որ տեղեկատվություն տրամադրելու բնագավառում իրավիճակը վերջին տարիների համեմատ բավականին բարելավվել է:

«Բարձրացել է պետական պաշտոնյաների իրազեկության մակարդակը, երբ նրանք տեղեկատվություն տրամադրելն իրենց պարտականությունն են համարում և ոչ թե իրենց բարի կամքի դրսևորումը»,- ասաց Դոյդոյանը:

Առաջին եռամսյակում ԻԱԿ-ի 50 հարցումներից 44-ի կամ 88% դեպքում ստացվել է լիարժեք պատասխան (2006-ի նույն ժամանակահատվածում պատասխանների միայն 51-55 տոկոսն էր լիարժեք):

Երկու հարցման դեպքում ստացվել է մերժում (4 տոկոս), երկուսի հեղինակն էլ պաշտպանության նախարարությունն է, որը հիմնավորել է, թե այդ հարցման պատասխանը հրապարակման ոչ ենթակա պետական գաղնիք է: Իսկ լուռ մերժումների թիվն ընդամենը 3-ն է (6 տոկոս):

Դոյդոյանն ասաց, որ լուրջ խնդիր կա տեղեկատվության տրամադրման` օրենքով սահմանված ժամկետները պահպանելու մեջ (գրավոր հարցմանը պարտավոր են պատասխանել առավելագույնը 5-օրյա ժամկետում կամ էլ տեղեկացնել, որ տեղեկատվությունը տրամադրելու համար իրենց լրացուցիչ ժամանակ է հարկավոր):

Առաջին եռամսյակում միայն մշակույթի նախարարությունն է գրավոր հարցմանը պատասխանել օրենքով սահմանված ժամկետում, մյուս դեպքերում պատասխանները եղել են ուշացած:

«Գրավոր հարցմանը պատասխան տրվում է միջինը 10-13 օրում»,- ասաց Դոյդոյանը:

«ԱրմենիաՆաուի» հարցին ի պատասխան, թե պաշտոնյաներն ինչպե՞ս են վերաբերվում հասարակ քաղաքացիների գրավոր հարցումներին, Դոյդոյանն ասաց, թե սովորաբար ավելի պարտաճանաչորեն են պատասխանում, քան լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների հարցումներին:

«Լրագրողների դեպքում զգուշանում են, քանի որ գիտեն, որ հոդված պիտի պատրաստեն, իսկ հասարակ քաղաքացիների հարցումներին ավելի հանգիստ են վերաբերվում»,- ասաց ԻԱԿ-ի տնօրենը:
ԱրմենիաՆաուի էջերում