Իրականությունից կտրվա՞ծ է. բանակի PR-ը համարում են մակերեսային և ուռճացված
Մինչ այդ, հասարակության վստահությունը բանակի նկատմամբ ամրապնդելու համար պետությունը քարոզչություն է իրականացնում ֆիլմերի ու սերիալների միջոցով, ինչը, սակայն, ըստ փորձագետների, պետք է համակարգված անել, այլ ոչ թե ներկա որակով ու մոտեցմամբ: Բանակի կյանքի մասին պատմող վերջին` «Ես եմ» ֆիլմը, որ հունվարի 7-ից ցուցադրվում է Երևանի կինոթատրոններում, ըստ հեղինակների, ուզում է հայաստանցիներից յուրաքանչյուրի մեջ մարմնավորել «Ես եմ հայրենիքիս զինվորը» մտածելակերպը: Ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մազմանյանն այն բնորոշում է որպես «պոզիտիվ հեքիաթ», որտեղ բանակում տիրող իրականությունը մի կողմ է դրված, և քարոզվում են բացարձակ արժեքներ` հայրենիք, զինվոր: «Հասարակության մեջ տարածված է նեգատիվիզմը, որի արդյունքում ծնողը չի ուզում երեխային բանակ ուղարկել, իսկ զինվորը չի ուզում ծառայել»,- ասում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Մազմանյանը: Ըստ Մազմանյանի` արվեստը մարդկանց դրական, բարոյական էմոցիաներ պիտի պարգևի և ոչ թե մարդկանց ձաղկի, քննադատի. «Բոլոր բանակների համար, ցավոք, բոլոր ժամանակներում ամենամեծ խնդիրը եղել ու մնում են առ այսօր՝ դեդովշչինան, անարդարությունները, մարդկային հարաբերություններում էքստրեմալությունն ու գռեհկությունը»,- ասում է նա: Բանակում մահվան ելքով դեպքերի հանդեպ քննադատությունը, որը վերջին երկու-երեք տարիներին ակտիվացել է թե´ հասարակության բողոքի ակցիաների, թե´ սոցիալական ցանցերում քննարկումների միջոցով, հաճախ բանակը պաշտպանողների կողմից նույն պատասխանն է ստանում` թե «բանակը հասարակության արտացոլումն է, ու խնդիրները պետք է բանակից դուրս փնտրել»: Քարոզչության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասում է` ինքն իրար հակասող ու ծայրահեղ կարծիքներ է լսել. «Մի կողմից, որ բանակի խնդիրներն ըստ էության հասարակության խնդիրներն են, մյուս՝ բանակի քննադատների կողմից, որ բանակն այնպիսի մի միջավայր է, ուր ամեն ինչ վերահսկվում է, ըստ այդմ կապ չունի` հասարակությունն ինչպիսի´ն է, բանակում ամեն ինչ իդեալականին մոտ պիտի լինի»։ «Կարծում եմ, որ, այո´, հասարակության խնդիրները բանակի վրա անշուշտ ազդում են, բայց դա չի կարող պաշտոնյաների համար ունիվերսալ արդարացում դառնալ։ Եթե բանակի ղեկավարությունը գիտակցում է, որ հասարակության խնդիրներն ազդում են բանակի մարտունակության վրա, ապա պարտավոր է մտահոգվել նաև լուծումներ գտնելով, այլ ոչ թե ասել` հասարակությունն է մեղավոր, ուրեմն մեզ հանգիստ թողեք,- հավելում է Վրթանեսյանը։ Այդուահանդերձ, որպես զինադադարի փուլում գտնվող երկիր, Հայաստանը տեղեկատվական պատերազմի մեջ է, ու այս համատեքստում, ըստ Վրթանեսյանի, բանակի խնդիրները քննարկողներից ոմանց գործողություններն ու հայտարարությունները կարելի է որակել որպես «հոգեբանական պատերազմ ընդդեմ հայկական կողմի»։ «Այո´, խնդիրներ կան, ու դրանք ոչ միայն պիտի քննարկվեն, այլև լուծվեն։ Խնդիրները պիտի քննարկվեն կառուցողական և ոչ հուզական հարթությունում։ Եթե իշխանության ներկայացուցիչները խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց, ապա, այո´, պիտի լինեն և´ բողոքներ, և´ ճնշումներ։ Բայց մինչև ճնշում գործադրելը կամ հերթական անիմաստ ու անիրագործելի վերջնագիր ներկայացնելը, ակտիվիստը պարտավոր է խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել»,- ասում է փորձագետը։ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը համոզված է` ներկայումս իրականացվող քարոզչությունը տապալվում է, քանի որ իրականությունից կտրված է. «Այն քարոզչությունը, որ ներկայումս իրականացվում է, ցույց է տալիս հենց ղեկավարների մոտեցումն ու աշխարհայացքը. բանակը ներկայացվում է որպես մի անդեմ, գորշ զանգված, որը մեքենայի պես պնդում է, որ «ամեն ինչ լավ է, հրաշագեղ մարկիզա»: Չի ներկայացվում զինվորի, զինծառայողի դեմքով, նրանց վախերով ու մտահոգություններով, նրանց ուրախություններով ու սիրով»: «Պարտադիր ժամկետային զինծառայությունը ստիպում է յուրաքանչյուր ընտանիքի մոտիկից ծանոթանալ բանակի իրավիճակին, և այն հեքիաթները, որ պատմում են հեռուստատեսությամբ, հակադիր են նրանց տեսածին ու լսածին և չեն կարող հավատ ներշնչել: Նախ իրականությունն է պետք փոխել, ոչ թե կեղծել իրականությունը»,- ընդգծում է Նազարյանը: Հոգեբան, Երևանի պետական համալսարանի դասախոս Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ քարոզչական արշավներ կազմակերպելուց առաջ հարկավոր է կատարել ուսումնասիրություն` հասարակության մեջ տիրող տրամադրությունների, սպասելիքների, ինչպես նաև բանակի մասին ընդունված պատկերացումների վերաբերյալ: «Ստացված տվյալների հիման վրա կարելի է կառուցել բանակի պրոպագանդայի ծրագիր, որը չի առաջացնի անհանդուրժողական վերաբերմունք հասարակության մեջ: Ի դեպ, այդ անհանդուրժողականությունն էլ պետք է ստուգել`արդյոք ինչքանո՞վ է այն արտահայտված: Խնդիրն այն է, որ նման հարցերում համարյա թե բացակայում է գիտական մոտեցումը. չկան նախնական, ստույգ ուսումնասիրություններ, ազդեցության հետևանքների գնահատում և այլն»,- ասում է հոգեբանը:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.