Ապաստարան. խնդիրներ ունեցող կանայք դիմում են «Լայթհաուսին»
Հերթական ծեծ ու ջարդից հետո Արմինեին չեն ընդունում նաև հայրական տանը: Փողոցում հայտնված երիտասարդ կինը երեխաների հետ այս անգամ հանգրվանում է Ստեփանավանի մանկատանը: Աշխատակիցներից մեկը նրան խորհուրդ է տալիս զանգահարել «Լայթհաուս-Փարոս» բարեգործական հիմնադրամի բռնության զոհ դարձած կանանց ապաստարանի թեժ համարով և պատմել իր պատմությունը: («Լայթհաուս-Փարոսի» թեժ գծի 20-80 հեռախոսահամարը գրանցված է հանրապետության ոստիկանության բոլոր բաժանմունքներում, կանանց մարզային ռեսուրս կենտրոններում:) Ապաստարանում ընդունում են բռնության ենթարկված այն կանանց, որոնք հղի են, կամ նրանց հետ են մինչև երկու տարեկան երեխաները: Կանայք այստեղ ապրում են մինչև երկու տարի: Հիմնադրամի նախագահ Նաիրա Մուրադյանն ասում է, որ իրենք միակ կենտրոնն են, որտեղ կանանց ապաստարան են տալիս երեխաների հետ միասին: Արմինեի նկատմամբ բացառություն են արել` թույլատրելով ապաստարան բերել երեխաներից երկուսին, որոնցից մեկը 3 տարեկան է, մյուսը`2: Մեծ տղան մնացել է Ստեփանավանի մանկատանը: Արմինեի պատմությունը միակը չէ: Ապաստարանի կանանց կյանքում կարմիր գծով անցնում են բռնությունը, ծեծը, նվաստացումը: Երևանից 15 կմ հեռավորության վրա գտնվող կենտրոնում, որը գործում է անցյալ տարվա հունիսից, բնակվում են 6 կին և 8 երեխա: Այն հիմնադրել են 2006-ին ամերիկահայ բարերարներ Սեդա և Զոհրաբ Ղազարյանները, որոնք մինչև ապաստարանի բացումը և դրանից հետո էլ հիմնադրամի շրջանակներում շարունակաբար բարեգործական ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Ապաստարանի շենքն ապահովված է անվտանգության համակարգով: Կանայք մասնակցում են համակարգչային դասընթացների, սովորում կար ու ձև, անգլերեն, պարտադիր այցելում են հոգեբանին: Նրանց թույլ են տալիս շենքից դուրս գալ, բայց միայն երեխաների հետ և հատուկ մատյանում գրանցվելուց հետո: Հայաստանում ևս մեկ ապաստարան ունի «Կանանց իրավունքների կենտրոն» (ԿԻԿ) ՀԿ-ն: Պետական միջոցներով գործող ապաստարան գոյություն չունի: Չկա նաև ընտանեկան բռնությանը վերաբերող օրենք, նման դեպքերը քննվում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատախան հոդվածներով: ԿԻԿ-ի նախագահ Սուսաննա Վարդանյանն ասում է, որ 2007-2009 թթ. ԿԻԿ-ը և համապատասխան փորձագետները մշակել են «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, որը ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն մինչև այժմ չի ընդունվել: 2011-ի դեկտեմբերին մեծ աղմուկ բարձրացրեց իր առաջին և երկրորդ կանանց դաժանաբար ծեծած Դավիթ Զիրոյանի և նրա մոր` Հայկանուշ Միքայելյանի պատմությունը: Մայր ու որդի պարբերաբար դաժան ծեծի էին ենթարկել, խոշտանգել ու վախեցրել Դավիթի առաջին և երկրորդ կանանց: Դեպքերը տեղի էին ունեցել Սանկտ Պետերբուրգում: «Ես ցանկանում եմ, որ նրանք պատժվեն, բայց այսօրվա դրությամբ մեր օրենքը ոչինչ չի անում: Ես էլ չգիտեմ` ի´նչ սպասեմ մեր օրենքից»,- ասում է Դավիթի երկրորդ կինը` Մարիամ Գևորգյանը: Դավիթի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն նա չի ազատազրկվել: Հետապնդումը դադարեցվել է համաներմամբ։ Կալանավորված սկեսուրը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգից: Գործը նախաքննության փուլում է: Կանանց իրավունքների կենտրոնում շուրջօրյա գործում է ազգային թեժ գիծ: Թեժ գծեր են գործում նաև Գավառում, Վանաձորում, Իջևանում և Կապանում: 2011-ին կենտրոնի թեժ գծին եղել է 2302 զանգ: Անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 1325 այց: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասում է, որ վիճակագրական տվյալները չեն կարող ստույգ ներկայացնել բռնությունների ամբողջ պատկերը: Ընտանիքներում իրականացվող բռնությունները շատ դեպքերում չեն բարձրաձայնվում: «Լայթհաուս-Փարոսում» արդեն երեք ամիս բնակվող 34-ամյա հղի Մարիամ Հայրապետյանն ասում է, որ ինքը նման է սառեցրած մսի, որն աստիճանաբար հալչում է: Երկար տարիներ լռել է, կուլ տվել խաղամոլ ամուսնու ծեծն ու վիրավորանքները: Նրա հետ է նաև երկու տարեկան աղջիկը` Անուշիկը: «Ծեծից վիժեցի երկրորդիս: Երբ ասում էի` բաժանվում եմ, դանակով հարձակվում էր վրաս: Մի անգամ գրավի դիմաց Անուշիկին էր տանում, երեխային հազիվ եմ փախցրել»,- պատմում է Մարիամը` համոզված լինելով, որ ամուսինը աղջկան պետք է թողներ պարտատիրոջ մոտ, մինչև մի տեղից գումար գտներ և կարողանար փակել հերթական պարտքը: 2010 թ. մեծ աղմուկ բարձրացրեց Զարուհի Պետրոսյանի քրեական գործը: Երիտասարդ կինը բռնության էր ենթարկվել ամուսնու և սկեսրոջ կողմից։ 2010 թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու դաժան ծեծից հետո, Զարուհի Պետրոսյանը մահացել էր հիվանդանոցում։ Այս դեպքից հետո ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան` կազմված 7 ՀԿ-ներից, որի նպատակն է իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության և դրա հետևանքների մասին՝ փորձելով կանխարգելել բռնության նոր դեպքերը: «Լայթհաուս-Փարոսի» նախագահն ասում է, որ իրենք կանանց նաև սովորեցնում են մայրություն անել, պատասխանատու լինել սեփական երեխաների նկատմամբ: «Մեր շահառուների մեծ մասը մանկատան սաներ են: Նրանց մայրերն էլ են մանկատնից եղել, հետո` իրենք, հիմա էլ իրենց երեխաներն են այդ եզրին: Բաց օղակ կա, որ պետք է լուծվի»,- ասում է Մուրադյանը: Ապաստարանից դուրս գալուց հետո կազմակերպությունը բարելավում է կանանց սոցիալական վիճակը, հետամուտ լինում, որպեսզի կանանց հետագա կյանքը կարգավորվի: «Հաճախ բնակարան ենք վարձում նրանց համար կամ ամեն ամիս գումար հատկացնում`սկսած 50 դոլարից: Այդ ընթացքում էլ իրենք իրենց աշխատանքի հարցերն են լուծում: Ոտքի են կանգնում ու փորձում նոր կյանք սկսել»,- ասում է «Լայթհաուս-Փարոսի» նախագահը:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.