Զինվորական դատախազը բանակում հանցագործությունների թվի նվազում է հայտարարել, որին թերահավատորեն են վերաբերվում քաղաքացիական խմբերը

Զինվորական դատախազը բանակում հանցագործությունների թվի նվազում է հայտարարել, որին թերահավատորեն են վերաբերվում քաղաքացիական խմբերը

Ֆոտոլուր

Զինվորական դատախազությունն ու պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտարարում են, որ բանակում հանցագործությունների թիվն ու մահվան ելքով դեպքերի թիվը 2011 թվականի ընթացքում նվազել է:

Սակայն բանակում հանցագործությունների սեփական վիճակագրությունը վարող իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը նշում է, որ բանակում իրական բարեփոխումներ չեն եղել:

Լրագրողներին ներկայացնելով զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով պատահարների անցած երկու տարիների վիճակագրությունը`զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում մտահոգիչ է.

«2011 թվականին արձանագրվել է մահվան ելքով 36 դեպք, որոնցից 30-ը հանցագործության հետևանք են, այդ թվում`10-ը հակառակորդի կողմից կատարված 2010 թվականին գրանցված 54 դեպքի դիմաց (ցուցանիշը նվազել է 33,3 տոկոսով): Ընդ որում, անցյալ տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք` նախորդ` 2010 թվականին 17 սպանության 17 դեպքի համեմատությամբ (ցուցանիշը նվազել է ավելի քան 80 տոկոսով)»:

«Մեզ համար ամեն մի մահ, հատկապես հայ զինվորի մահ մեծ ցավ է ու մեծ դժբախտություն, բայց ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում նվազել են: Այս բոլոր ցուցանիշները, այնուամենայնիվ, մեզ համար դեռ գոհացուցիչ չեն, և զինվորական դատախազությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել` զինված ուժերում հանցագործության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու և պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու համար»,- հավելեց Կոստանյանը:

Թվեր չնշելով` զինդատախազը նաև հայտնեց, որ ընդհանուր հանցագործությունների թիվը բանակում անցյալ տարի 10 տոկոսով նվազել է: Սակայն նա հավելել է, որ դատախազությունը շատ անելիք ունի` մի քանի օրենքներում փոփոխություններից հետո, ըստ որոնց կնախատեսվեն նոր հանցատեսակներ ու պատժի նոր տեսակ օրինազանց սպաների համար:

2010 թվականին մահվան ելքով դեպքերի թիվը հասարակական մեծ դժգոհության ու բողոքների ալիք էր բարձրացրել, որոնք անցյալ տարի ավելի համակարգային բնույթ ստացան: Նախաձեռնվեցին մի շարք շարժումներ` «Սևազգեստ կանայք», «Բանակն իրականում» և այլն, որոնք ամեն հինգշաբթի` կառավարության նիստերի օրը, կառավարության շենքի առջև բողոքի երթ են կազմակերպում, որոնց միանում են նաև բանակում մահացած զինծառայողների ծնողները:

Կոստանյանը վիճակագրության դրական շարժը կապում է պաշտպանության նախարարության ավելի բաց աշխատանքի հետ:

«Նախարարությունը շատ ավելի թափանցիկ ու հրապարակային է սկսել աշխատել հասարակության հետ ցանկացած գործի առնչությամբ: Եթե հասարակության ու լրատվամիջոցների քննադատությունը համապատասխանում է իրականությանը, ապա միայն օգուտ է բերում, սակայն հերյուրանքներն ու ապատեղեկատվությունը վնաս են տալիս երկրին»:

Վերջին տարիներին բանակում օրինախախտումների, մահացությունների ու ընդհանուր դրության իրավիճակն ուսումնասիրող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ թեպետ 2011-ին հասարակության ընդվզումներն ու բողոքները մեծաթիվ ու պահանջատիրական էին, այնուամենայնիվ, էական տեղաշարժ չի եղել:

«Թեպետ ՊՆ-ը մեծ ռեսուրսներ է ներդրել իրավիճակը շտկելու համար, մենք դեռևս չենք տեսնում նախարարության կողմից իրականացված որևէ իրական փոփոխություն: Նրանք թափանցիկ չեն դարձել, գաղտնիությունը մնում է նույնը, կոռուպցիոն ռիսկերի մասին ահազանգերը պատշաճ քննություն չեն անցնում և այսպես շարունակ»,- ասում է Սաքունցը:

«Մեր հավաքած տվյալներով` 2010-ին գրանցվել է մահվան ելքով 22 դեպք, չենք հաշվում հրադադարի խախտման հետևանքով գրանցված դեպքերը, իսկ 2011-ին` 25 դեպք: Թեպետ արդարության համար պետք է ասել, որ անցյալ տարի մահացությունների թիվը նվազել է, քանի որ 2010-ին մի դեպք էր գրանցվել, որի հետևանքով 4 զինվոր էր մահացել»,- հավելում է նա:
ԱրմենիաՆաուի էջերում