Լուռ պահանջ. Հայաստանի հեռուստատեսություններին կոչ են անում սուրդոթարգմանություն ունենալ լսողության խնդիր ունեցողների համար
Լսողության խնդիր ունեցողների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը դժգոհություններ էր լսել, որ նրանք իրենց անտեսված են զգում, քանի որ չեն կարողանում հետևել հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերին: Հայաստանի երկրորդ ամենամեծ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին պատկանում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, խոստացել էր, որ լսողության խնդիրներ ունեցողների համար իր ալիքի լրատվական ծրագրում կներառվի սուրդոթարգմանություն: Սակայն լսողության խնդիրներ ունեցող հազարավոր մարդկանց համար սուրդոթարգմանությամբ միայն մի քանի հեռուստատեսություններ ունենալը շատ քիչ էր: Այս խնդիրը մասնավորապես սրվել է ընտրություններից առաջ, երբ բոլոր քաղաքացիների նման լսողության խնդիրներ ունեցող մարդիկ էլ են ցանկանում իրազեկված ընտրություն կատարել: Միայն մի քանի տարի առաջ ժեստերի լեզվով թարգմանություններ տալիս էին հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաընկերությունները` առնվազն գոնե մեկ հաղորդումը զուգորդելով սուրդոթարգմանությամբ: Իսկ այժմ նրանց մեծ մասը սահմանափակվում է միայն վազող տողով տեղեկատվությունը ներկայացնելով: Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը նշում է, որ լրատվամիջոցներում թարգմանիչ չունենալու փաստը զրկում է լսողության խնդիր ունեցող մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքից և իրազեկ լինելուց: «Ճիշտ է, այսօր տեղեկատվությունը տալիս են վազող տողով, որպեսզի մենք կարդանք, բայց դրանք շատ արագ են, իսկ խուլ մարդու համար, որքան էլ նա գրագետ և կիրթ լինի, դժվար է այդպես կարդալ: Ժեստերի լեզվով է, որ մենք անմիջապես ընկալում և հասկանում ենք արտահայտած միտքը»,- ասում է Գրիգոր Գրիգորյանը: Այսօր Հայաստանում ապրում է լսողության խնդիր ունեցող 3000-ից ավելի մարդ, որոնցից 200-ը` անչափահաս: Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտ Սարգիս Սարգսյանն ասում է, որ բոլոր լսող և խոսող երիտասարդների պես ինքն էլ ունի իր հետաքրքրությունները և ուզում է տեղեկացված լինել ամեն ինչից: «Ես ուզում եմ, որ ժեստերի լեզվի թարգմանիչներ լինեն բոլոր հեռուստահաղորդումների համար` հումորային, առողջապահական, լրատվական, կրթական, ոստիկանական, նույնիսկ ֆիլմերի համար: Քանի որ բոլորը նայում են, հասկանում են, ծիծաղում, իսկ ես չեմ լսում, որ հասկանամ ինչի մասին է»,- ասում է 19-ամյա Սարգիսը: Նրա համադասարանցիները նշում են, որ կարդում են էլեկտրոնային կայքերից, բայց միևնույն է, կան բարդ բառեր և հապավումներ, որոնք նաև խոսող մարդկանց համար դժվար է ընկալել: «Ժեստերի լեզուն նրանց մայրենի լեզուն է, և հասարակությանը նրանց ինտեգրելու համար առաջին հերթին հեռուստաեթերում պետք է թարգմանիչներ լինեն,- ասում է Զուբեյդա Մելիքյանը, ով արդեն 20 տարի է` դասավանդում է կրթահամալիրում և եղել է սուրդոթարգմանիչ հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում: - Նրանք խելացի են, բայց տեղեկատվություն չեն կարողանում ստանալ: Մի լուրն իմանում են 3-4 օր հետո, սկսում են քննարկել իրար հետ, գալիս են, ինձ հարցնում, որպեսզի տեղեկանան` ինչ է եղել»: Լսողության խնդիր ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը նշում է, որ Հայաստանում թարգմանիչների մեծ մասը խուլերի ընտանիքներում ծնված, լսող անձինք են և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի արատաբանության ֆակուլտետի ուսանողները, ինչն այսօր բավարար մասնագետներ չի ապահովում: «Թարգմանիչներին պետք է վերապատրաստել ըստ մասնագիտությունների` հատկապես սոցիալական, դատական և առողջապահության ոլորտների համար: Իսկ հեռուստաթարգմանիչները նախևառաջ պետք է խոսեն հայերեն գրական ժեստերի լեզվով և տեղեկացված լինեն այն ոլորտին, որի վերաբերյալ նյութերը թարգմանում են»,- ասում է Ավետիսյանը: Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն այսօր մշակում է ծրագրեր վերապատրաստելու բոլոր սուրդոթարգմանիչներին, որոնք լիարժեք չգիտեն գրական ժեստերի լեզուն: «Այժմ մենք մշակում ենք մեթոդաբանությունը, որի արդյունքում կստեղծվի ձեռնարկ ժեստերով խոսելու էթիկայի, շարահյուսության, ձևաբանության և ընդհանուր քերականության մասին: Այնուհետև կաշխատենք թարգմանիչների հետ և նրանց վերապատրաստելուց հետո կառաջարկենք մասնագետներ նաև հեռուստատեսություններին»,- ասում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ծրագրերի համակարգող Նունե Բալյանը:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.