Թոշակներ և սակագներ. կառավարությունը բարձրացնում է կենսաթոշակը` «մեղմելու սոցիալական խնդիրները»
Թոշակառուների բազային կենսաթոշակը կավելանա 2500 դրամով (6 դոլար) և նախկին 8000-ի փոխարեն կկազմի 10500 (մոտ 27 դոլար): Իսկ սոցիալական նպաստները կավելանան 3000 դրամով (մոտ 8 դոլար): «Մենք գործ ունենք ոչ միայն գազի գների բարձրացման հետ, այլ ընդհանրապես գնաճի բարձր մակարդակի։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը հայտնվել է բարձր գնաճային փուլում, որից պետք է դուրս գալ։ Կենտրոնական բանկի և կառավարության համատեղ միջոցառումների շնորհիվ մենք պետք է կարողանանք զսպել գնաճային ճնշումները»,- նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետը` ավելացնելով, որ այս որոշումները կարող են մեղմել սոցիալական խնդիրները։ Իսկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ նշեց, որ նպաստների և թոշակների բարձրացման համար պետական բյուջեից կպահանջվեն 6-6,5 միլիարդ դրամի (մոտ 15 մլն դոլար) չափով լրացուցիչ հատկացումներ: Ըստ ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի` այս քայլը միայն փոքր-ինչ կնվազեցնի գազի, ջրի սակագների բարձրացման պատճառով առաջացած բացասական հետևանքները: Նրա կարծիքով`սակագների բարձրացումն ազդել է ոչ միայն բնակչության, այլև փոքր և միջին բիզնեսի վրա: Մինասյանը քննադատում է կառավարության այն պնդումները, թե թոշակների, նպաստների և աշխատավարձերի ավելի մեծածավալ բարձրացումները կբերեն շղթայական գնաճի, քանի որ լրացուցիչ ֆինանսներ են ներարկվում տնտեսության մեջ: «Գնաճի զսպման բազմաթիվ այլ մեխանիզմներ կան, որոնք այսօր, ցավոք, ո´չ կառավարությունը, ո´չ Կենտրոնական բանկը չեն կիրառում: Դա համակարգային քաղաքականություն է և կախված չէ մեկ գործոնից: Կառավարությանը կառաջարկեմ գնաճի առկայությունը չբարդել թոշակների, նպաստների բարձրացման վրա, այն էլ` այնպիսի բարձրացման, որը չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ»,- ասում է Մինասյանը:
Other Articles in Կենսաթոշակ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.