Պատահական Օդարը. կամ «զվարճալի միջադեպ դեպի Ռումինիա ճանապարհին»

Պատահական Օդարը. կամ «զվարճալի միջադեպ դեպի Ռումինիա ճանապարհին»

www.robynwishna.com

Օդար` արևմտահայերենում նշանակում է մարդ, որ հայ չէ:


Տարիներ անց կանգնած եմ սահմանային անցակետում ձգվող հերթում, արդեն փաստաթղթերը հանձնելու իմ հերթն է: Անցակետի աշխատողը նայում է մերթ փաստաթղթերին, մերթ` ինձ:


«Փաստորեն ԱՄՆ քաղաքացի եք, բայց Հայաստանո՞ւմ եք բնակվում»,- ասում է անցակետի աշխատողը:

«Այո»,- պատասխանում եմ ես:

Անցակետի աշխատող` ինչո՞ւ:

Շատ լավ հարց է, որին արդեն տասը տարի է` պատասխանում եմ` բոլորելով իմ 56 տարիների ամենաանսպասելի և անբացատրելի տասնամյակը:

Վերջերս լսել և կարդացել եմ իմ և այլ երկրներից այն մարդկանց մասին, որոնք բախտի բերմամբ հայտնվել են Հայաստանում: Սովորական պատմություններ են պատմել, որոնցում վկայակոչում էին «հայրենիք» և «ծննդյան իրավունք» բառերը: Քիչ ավելի արժանահավատ պատմություններում հնչում էին «հնարավորություն» և «պատահականություն» բառերը: Այդ բոլոր պատմությունների հեղինակների ազգանունները ավարտվում են «յան»-ով: Իմը` ոչ:

Եթե, իմ էթնիկ ծագումից ելնելով, ես տենչայի վերադառնալ «հայրենիք», որի կարոտն այրվում է սփյուռքի սրտում, ապա կհավաքեի ճամպրուկս ու … դեպի Ալաբամա: Ո´չ: Աշխարհում այդքան ռոմանտիկա իրականում չկա, և նույնիսկ ճանապարհորդելու իմ կիրքը չափ ու սահման ունի:

Եվ ահա ես 10 տարի անց. մինչդեռ երբ 2000 թ. վերջին ինձ հրավիրել էին աջակցելու լրագրողների վերապատրաստման ծրագրին, իմ կարծիքով` այստեղ մնալու էի ընդամենը երեք ամիս: Պարզվեց` ես վերապատրաստվեցի, դաս ստացա, թե ո՞ւր կարող է տանել քեզ կյանքը, եթե ինքդ քեզ համար հստակ սահմանված ճանապարհ չունես…

Ինձ թվաց` նա ասաց Ռումինիա

Հայաստանի հետ իմ առաջին առնչությունը եղել է 1996-ին: Հարավային Կալիֆորնիայում լույս տեսնող օրաթերթի իմ խմբագիրը մի օր կանչեց իր մոտ և ասաց, որ հանձնարարություն ունի «----նիա»-յում: Ինձ համար բառի միայն վերջին մասնիկն իմաստ ուներ:

Ռումինիա: Խոսքը երևի թե մի փոքրիկ մարզուհու կամ ինչ-որ մահացած բռնակալի, կամ Դրակուլայի մասին հոդվածին է վերաբերում, ենթադրեցի ես:

Նա (խմբագիրս) կրկնեց` Արմենիա: Այս անգամ լսեցի: Հաջորդ հարցը. «Որտե՞ղ է դա»:

«Գնա կարդա»,- ասաց նա: Բառարանում (նախաGooglյան ժամանակներում) գրված էր, որ Խորհրդային Միությունն է և էլի ինչ-որ բան Ռուսաստանի մասին: Դրանից որոշ ժամանակ առաջ լուրերով տեղի ունեցած երկրաշարժի մասին էին խոսում, և վերջերս մի պատերազմի մեջ էր ներքաշված «Ղարաբաղ» կոչված ինչ-որ բանի պատճառով: Քրիստոնյա պետություն է: Բազմաթիվ եկեղեցիներ ունի: Շատ հին է: Աղքատ:

Ես Հայաստան եկա երկրորդ նախագահական ընտրություններից երկու օր անց, երբ փողոցներում տանկեր էին և զինվորներ, ոչ մեկին էլ դուր չէր գալիս օտարերկրացի լրագրողի ներկայությունը (թեև ինձ հանձնարարված էր Հարավային Կալիֆորնիայում հիմնված «Հայկական ակնաբուժության նախագծի» մասին գրել):

Այդ երկու շաբաթների ընթացքում միակ վայրը, որտեղից կարող էի էլեկտրոնային նամակ ուղարկել, «Արմինկոյի» գրասենյակն էր, որը գտնվում էր կոմունիստական կուսակցության լրատվական գործակալության շենքում և այնպես էր բուրում, կարծես նախկին տերերի թողած միակ ժառանգությունը իրենց զուգարանն էր:

Հիշում եմ` հարցրեցի թարգմանչիս, թե արդյոք կարո՞ղ եմ ինչ-որ տեղից շշալցված ջուր գնել:

«Իհարկե, հիմա կբերեմ»,- ուրախ պատասխանեց նա, հետո վերադարձավ օղու շշի մեջ լցված ծորակի ջրով, որից ես փորձում էի խուսափել:

Այսօր այդ նախկին բուրումնավետ շենքից ոչ հեռու գտնվում է իմ հիմնադրած ինտերնետային պարբերականը (www.armenianow.com), որն ընթերցողներ ունի ավելի քան 100 երկրներում. հավանաբար նրանք բոլորն էլ գիտեն` որտե´ղ է Հայաստանը:

Ես այսօր խմում եմ «Նոյ», «Դիլիջան», «Արզնի» կամ «Բյուրեղ» շշալցված ջուր, որոնք, ասում են, թե բոլորն էլ «Հայկական լեռնաշխարհից» են:

Ես հետս Հայաստան էի բերել ավտոմատ պատասխանող հեռախոս: Այդ օրերին դա ակնհայտորեն դեմ էր հայկական տրամաբանությանը (երկու իրարամերժ հասկացությունների կիրառումը միտումնավոր է), ինչպես հասկացա սեփական փորձից:

Իմ ընկեր Հայկը պետք է գար ինձ մոտ: Ես պետք է տնից դուրս գայի և զգուշացրել էի, որ զանգահարի, նոր գա: Երբ վերադարձա, տեսա` Հայկն ինձ է սպասում:

Նա զանգահարել էր, ինչպեսև զգուշացրել էի, ես նախապես միացրել էի պատասխանիչ սարքը:

«Ինչո՞ւ հաղորդագրություն չէիր թողել»,- հարցրի նրան:

«Որովհետև տանը չէիր»,- պատասխանեց:

Իսկ այսօր արդեն մենք հաղորդակցվում ենք SMS-ով, չաթով կամ Skype-ով:

Նույնիսկ Հայաստանում:

ABC – Armenian By Choice

Հայ` ընտրությամբ

Ինչո՞ւ եմ ապրում Հայաստանում: Չեք հավատա, թե ինչքան հաճախ եմ այդ հարցն ինքս ինձ տալիս:

Ամուսնությունից երկու տարի անց ամենադյուրին պատասխանն այն է, որ սա կնոջս և իմ «ժառանգած» երկու երեխաների հայրենի տունն է:

Սակայն արդյոք ի՞մ տունն է: Ի սկզբանե իմը չի եղել, և համոզված չեմ, թե երբևէ այդպես կկոչեմ:

Այն, ինչն ինձ այստեղ բերեց 2000 թ., և ինչը (մասնագիտական առումով) պահում է ինձ այստեղ մինչ այսօր, այն է, որ, իմ կարծիքով, Հայաստանը, բոլոր նախկին խորհրդային երկրների պես, լրագրողի համար «հրաշքների աշխարհ» է, սոցիոլոգիական պարարտ հող, որտեղ կա փոփոխություն և շփոթություն, և որտեղ երազկոտ անցյալը հանդիպում, բախվում է անորոշ ապագային:

Այն մինչ այսօր ղեկավարում են մարդիկ, որոնք գիշերը գնացին քնելու որպես կոմունիստ, իսկ առավոտյան արթնացան հանրապետական, և ակնկալվում է, թե ինչ-որ գերբնական մի ձևով պետք է իմանան` ժողովրդավար երկիրը ո´րն է: Այս փաստն ինքնին բավական է, որ հետաքրքրությամբ, զզվանքով, կարեկցանքով, նողկանքով, խղճահարությամբ, հպարտությամբ (և այսպես շարունակ) լցնի ցանկացած մեկի (իմ) տասնամյակը, որի առաքելությունը կյանքում կողքից դիտելն է` հնարավորինս հեռու մնալով մասնակցությունից:

Ես` ԱՄՆ Հարավի դաստիարակություն ստացած քաղաքացիս, իռլանդական արմատներով, առանց կարիերայի հստակ նպատակի և իմ տոհմածառում առանց այն թևերի, որոնցով կկարողանայի գրկել հայկական ժառանգությունը, եկա Հայաստան` ազատ հոգեբանական այն բեռից, որը հաճախ կոտրում է սփյուռքի կամքը և խոչընդոտում տեղացիների երազանքները:

Ես տամուկ աչքերով տատիկ չեմ ունեցել, ում հուշերի հայրենի տունը պատրանքի պես անէացել է այն պահին, երբ կարոտի շղարշը հետ քաշվելով ի ցույց է դրել Հայաստանի այսօրվա դաժան իրականությունը:

Մի քանի տարի առաջ Երևանի կենտրոնում հանդիպեցի մարդկանց, ովքեր հիշեցին ինձ Գլենդելի կամ Բոստոնի, կամ Մոնրեալի հայկական համայնքների հետ ունեցած հանդիպումներից:

Երբ նրանք «հայրենի օրրան» էին այցելել, բնավ էլ իրենց ակնկալած ընդունելությանը չէին արժանացել. նրանց հետ կոպիտ էին վարվել, ինչպես հաճախ պատահում է այստեղ, ի հակասություն ավանդական «հայկական հյուրասիրության» մասին առասպելի:

«Ինչպե՞ս ես կարողանում այստեղ ապրել»,- ասացին նրանք:

Որին պատասխանեցի. «Դուք հայ եք: Ինչպե՞ս եք դուք կարողանում այստեղ Չապրել»:

Սխալ էր այդպես ասելը: Սակայն այն, ինչը դեռ չէի հասկանում այն ժամանակ, հիմա եմ հասկացել` դյուրին չէ սփյուռքահայ լինելը:

Միակ նման փորձը, որի հետ կարող եմ համեմատել, իմ այցելությունն էր Ալաբամա` երկար տարիներ շարունակ այլ վայրում բնակվելուց հետո: Ընտանիքս, ինչպես և սպասվում է, գրկաբաց ընդունեց: Մյուսները դիմավորեցին կասկածանքով, եթե ոչ արհամարհանքով, որ համարձակվել էի հեռանալ այն վայրից, որին նրանք, կամա թե ակամա, միշտ կապված են լինելու և, հետևաբար. պարտավոր են սիրել: Այնտեղ մի ասացվածք ունենք. «Արմատներիցդ մի´ հեռացիր»: Հետաքրքիր է, արդյոք դա չի՞ վերաբերում նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

Եվ, այո´, ինչ խոսք, ինձ այստեղ ավելի լավ են վերաբերվում (գոնե այդպես է թվում), քան այցելության եկած «յան»-ներին:

Վերջերս ավտոբուսով աշխատանքից տուն էի վերադառնում: Գնում էի ու մտածում, որ ես այս ավտոբուսի ուղևորներից ավելի կամ պակաս քաղցած կամ կարիքավոր տեսք չունեմ, որոնց նման ինքս էլ մի կերպ խցկվելով մտել եմ ներս, երբ մի տարեց կին նստած տեղից ձեռքը տարավ իր տոպրակի մեջ և, լավաշ հանելով, մեկնեց ինձ:

Ավտոբուսում երևի մոտ 30 մարդ կլիներ, որոնցից միակ արտասահմանցին ես էի: Նա ակներևաբար ինձ ընտրեց որպես «բարեգործի»` թեև դուք կարող եք ասել` «հյուրասիրությունից» մղված: Այս կինը ավտոբուսի ուղևորներից ցանկացածի պես, հավանաբար, այդ հացը գնելու համար կհրեր, կճչար, կանիծեր և կանցներ իր հայրենակիցների վրայով: Սակայն նկատելով ոչ հայի (առնվազն, Արևմուտքից մեկի)` նա դարձավ Մայր Թերեզա:

Հայրենակիցներին հաճախ վատ վերաբերվելը, իսկ օտարերկացիներին հաճոյանալու ձգտումը հայերին բնորոշ գիծ է, որը դժվար է հասկանալ, և այդ մասին զրուցել եմ իմ տեղացի ընկերների հետ: Նրանց բացատրություններն ինձ լուսավորեցին ոչ ավելի, քան Ոսկե կանոնի հորդորը: Այն, ըստ երևույթին, հատուկ հայերի համար չգրված կետ ունի. «Արա´ դիմացինիդ այնպես, ինչպես կկամենաս, որ վարվեն քեզ հետ»-ը պետք է կիրառվի միայն օտարերկրացիների դեպքում:

Օդարի դիտարկումներ և կյանքի առեղծվածներ

1. Դուք երբեք շատ հեռու չեք հայից:

Ընդունեք, որ արել եք հետևյալը. դիտել եք մի ֆիլմ, հավանաբար, այնպիսի ֆիլմ, որն անգամ ձեզ չի էլ հետաքրքրել: Եվ տիտրերի մեջ փնտրել եք հայկական ազգանուն:

Ես այդպես անում եմ: Գտել եմ բոլորին` սկսած երկրորդական դերակատարներից մինչև գրիմահարդարներ, օժանդակ անձնակազմ և վարորդներ: Դեռ չեմ հանդիպել հայ կասկադյորի. բացթողում, որից եզրակացրեցի, որ թեև հայերը պատրաստ են վարձատրության դիմաց ամենակեղտոտ աշխատանքն անել, սակայն պատրաստ չեն իրենք տանջվեն, իսկ ուրիշի անունը գրվի տիտրերում: (Բացառությամբ Հիլարի Քլինթոնի և արձանագրությունների դեպքում:)

Ահա թե որքան արմատացած է իմ մեջ «հայկականը նկատելու» սովորությունը. անցյալ ամառ Իսպանիայում էի` մի փոքրիկ ավտոբուսի կանգառի բարում: Զննեցի խմիչքների դարակները` մղված հայկական կոնյակ գտնելու հետաքրքրասիրությունից: Կամ` ճամփորդելիս (երբ միայնակ եմ) վերցնում եմ հյուրանոցային համարի հեռախոսագիրքը և թերթում էջերը` հայկական ազգանուններ գտնելու համար:

Օրինակ` Վաշինգտոնի պետական քոլեջի ֆուտբոլի թիմի երկրպագուն եմ, քանի որ նրանց մարզչի ազգանունը Սարգսյան է: (Եվ, մեղքս ինչ թաքցնեմ, բռնացրի ինձ այն մտքի վրա, որ չեմ աջակցում NBA-ի Phoenix Suns թիմին, քանի որ նրանց խաղացողներից մեկը թուրք է:) Ես ավելի ուշադիր եմ հետևում ESPN-ի հաղորդումներին, երբ Թիմ Քիրքջյանն է եթերում, և ավելի ուշադիր եմ դիտում Larry King Live հաղորդաշարը, երբ նրա հյուրը Մարկ Կիրակոսն(յանն) է:

Վերջերս հայտնի «24» հեռուստասերիալից մի հատված դիտելիս, երբ Ջեք Բաուերը թաքնվել էր ավտոմեքենայի հետևում, նկատեցի, որ մեքենայի հետևի ապակուն փակցված էր հայոց եռագույնը և հայերեն գրված` «Հպարտ եմ, որ հայ եմ»: Ես կանգնեցրի ֆիլմը, ստոպ կադրի նկարն էլփոստով ուղարկեցի լավագույն ոչ հայ ընկերոջս`Փոյնթերին` նյույորքցի երգահանի, որը ըմբռնումով է մոտենում իմ այդ թուլությանը և համբերատար լսում, որ, օրինակ`Փիթեր Գաբրիելի իսկական ազգանունը Գաբրիելյան է (նույնիսկ չգիտեմ` ճի՞շտ է, թե՞ ոչ), և որ սիգարի հայ մագնատը հաջողության է հասել Strangers in the Night երգից ոգեշնչված և այլն:

Փոյնթերը ոգևորված զանգահարեց ինձ, երբ Shield («Վահան») հեռուստասերիալն ավարտեց իր սեզոնը` Armenian Money Train («Հայկական փողերի գնացք») կոչվող սինդիկատի վատ տղաներին որսացող ոստիկանների մասին սերիայով: Կարծում եմ` սա վարակիչ սովորություն է:

Սա մի վարքագիծ է, որը հույս ունեմ կանխել կամ գոնե մխիթարվել նրանով, որ (դեռ) Քիմ Քարդաշյանի պոռնոտեսագրությունը չեմ գնել:

2. Հիշի´ր…

Որպես հայ տղամարդ` մի՞թե հենց ծնվածդ օրից գիտե՞ս, թե ինչպես է պետք մեկ այլ տղամարդու համբուրել, որպեսզի քեզ սխալ չհասկանան:

Սա մի բան է, որը ես ինքս ստիպված եղա սովորել (թեև մի քանի տարի ապրել էի Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ տղամարդկանց շրջանում «այլ տեսակի համբուրվելն» ընդունված էր և հաճախ կարելի էր տեսնել):

Հայաստանում ինձ համբուրած առաջին տղամարդկանցից մեկը մի հարբեցող էր, որն ասաց, թե սիրում է ամերիկացիներին: Վայրկյաններ անց նրա շունը կծեց ինձ: Կարծում եմ` նրանք երկուսն էլ իրենց զգացմունքներն անկեղծ արտահայտեցին:

Տղամարդկանց միջև գրկախառնությունն ու համբուրվելը Հայաստանում նույնքան տարածված են, որքան դրանց ուղեկցող ձեռքսեղմումը, ողջագուրման մի արարողակարգ, որն արդեն թեթև եմ տանում և երբեմն գրեթե անկաշկանդ կիրառում:

Բայց այդպես միշտ չի եղել: Չչարաշահեմ ընթերցողի համբերությունն իմ առաջին փորձի մանրամասներով, բայց մի խորհուրդ կտամ. համբուրվելիս սկզբում միշտ աջ թեքվեք: Եթե անփորձ եք ու հանկարծ ձախ եք թեքվել, իսկ ձեր դիմացինը, որն ավելի հմուտ է, աջ է թեքվել, կարող եք անհարմար շփման կետում հայտնվել, և ձեր մտադրությունները ճիշտ չեն հասկացվի և շփոթության տեղիք կտան:

3. Ո՞րն է արևածաղկի սերմերի մոգական ուժը

Ի՞նչ նուռ, ի՞նչ ծիրան. արևածաղկի սերմն է Հայաստանի ուտելի խորհրդանշանը:

Սակայն երբ դառնամ Հարավային Կովկասի ցարը, առաջին իսկ հրամանագրով կարգելեմ արևածաղկի սերմ չրթել հասարակական վայրերում:

Իհարկե, «չրթողամոլները» բողոքի մեծ ալիք կբարձրացնեն դրա դեմ: Բայց հավատացե´ք, աշխարհի աչքում Հայաստանի վարկանիշի վրա ունեցած ազդեցությունը գնահատելիս պահվածքի այս բարեփոխման արդյունքը կգերազանցեր օտարերկրյա բարերարների միլիարդավոր դոլարների ջանքերը, ստվերում կթողներ «համահայկական» բոլոր նախագծերը, իսկ USAID-ն կվերածեր USAIDidn’t-ի [ԱՄՆ ՄԶԳ նվաճումները աննշան կթվային]:

Արդյոք մարդը կարող է արևածաղկի սերմ չրթելիս հիմար (եթե ոչ կապիկի) տեսք չունենա՞լ, երբ ձեռքն անընդհատ տանում է ափից բերան, բերանից ափ` թքելով կճեպները գետնին, հաճախ նաև իր հագուստի վրա:

Ամեն օր հանդիպում եմ 100 դոլարանոց դիմահարդարումով, ժամերով հարդարված մազերով, Սալվադոր Դալիի կտավների պես պճնված եղունգներով կանանց, որոնք այդ փոքրիկ սև սերմերն իրենց բերանն են տանում և դուրս թքում կճեպները, որ կպչում են նրանց պլպլան շրթներկին, ինչպես ճանճերը հոսակին:

Իմ սիրելի´ հայեր. սա ՉԷ այն եղանակը, որով աշխարհին կարող եք զարմացնել ձեր զարգացվածությամբ:

4. Սովորույթները կարող են փոփոխական լինել

Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, սկզբում ապրում էի մի գրասենյակում, որտեղ լրատվական ծրագիրն էր պատրաստվում:

Մի օր, երբ գրասենյակի աշխատակցուհիները ներս մտան, վերնաշապիկս էի արդուկում: Վազեցին լուսանկարչական ապարատը բերելու. նրանք երբեք չէին տեսել արդուկ անող տղամարդ:

Երբ նոր էի եկել, այստեղ հազվադեպ կտեսնեիր մեքենա վարող կանանց: Այժմ կանայք գրեթե նույնքան հաճախ են մեքենա վարում, որքան տղամարդիկ, և կանայք գրեթե նույնքան վատ են վարում, որքան տղամարդիկ (սակայն կարծում եմ` դեռ միակ տղամարդն եմ, որն արդուկ է անում):

Սովորել եմ «սոքեր»-ը (ամերիկյան անգլերենով) «ֆուտբոլ» անվանել և նույնիսկ թույլ եմ տալիս, որ մեր ինտերնետային պարբերականի «Սպորտ» խորագրի տակ ներկայացվեն շախմատի արդյունքները:

Աստիճանաբար ծանոթացնում եմ բեյսբոլին: Մեր տան յոթ տարեկան աղջնակը հաճախ ամառային օրն ավարտում է «Այսօր «Յանկիները» խաղալո՞ւ են» հարցով: Եթե պատասխանն «այո» է, նա գիտի, որ ինքն ու եղբայրը (11 տարեկան) պետք է քնեն հյուրասենյակի բազմոցին` տեղական ժամանակով 4:30-ին սկսվող հեռարձակումը (ESPN America) դիտելու ակնկալիքով: Նրանց ոչ այնքան բեյսբոլն է հուզում, որքան «Յանկիների» գլխարկով հյուրասենյակում քնելու հաճույքը: Ճիշտ է` նրանց անգլերենը դեռ սահմանափակ է, բայց միևնույն է` սովորեցնում եմ նրանց բեյսբոլի «գեյմը» (խաղը) «մատչ» չանվանել:

Աշխատողներս էլ ինձ «սուբոտնիկ»-ի (այն օրը, երբ խորհրդային տարիներին բոլոր համայնքները աշխատանքի վայրում և դպրոցում մաքրությամբ էին զբաղվում) գաղափարին ծանոթացրեցին: «ԱրմենիաՆաուում» տարեկան երկու անգամ շաբաթօրյակ ենք անում: Ես էլ իմ հերթին աշխատողներիս ծանոթացրել եմ իմ սիրած տեխասա-մեքսիկա-ամերիկյան ուտեստներից մեկին` չիլիին: Ու մեզ մոտ ստացվել են «չիլի սուբոտնիկներ», երբ նրանք մաքրություն են անում, իսկ ես` չիլի եփում: Երբեմն չիլիի հետ պատրաստում ենք նաև «լավաչոներ»` լավաշից պատրաստած նաչոներ (չիպսի տեսակ):

Կարծում եմ` չկա որևէ մշակութային բաց, որ հնարավոր չլինի ուտելիքով լրացնել:

Կան բաներ, որոնց կարոտում եմ. թարմ ծովատառեխ, խանութում ժպտադեմ վաճառողներ, ճշտապահություն` երբ նշանակված հանդիպումից չեն ուշանում, երթևեկություն, որն ընթանում է, եթե ոչ միշտ ըստ կանոնների, ապա գոնե ինչ-որ տրամաբանության համաձայն, ընտրություններ, որոնք արդար են, նույնիսկ երբ արդյունքները ցանկալի չեն, կենդանիների ապաստարաններ, շենքերում լուսավորված աստիճանավանդակներ, կանաչապատ հասարակական վայրեր:

Կարոտում եմ արախիսի կարագը (peanut butter), բայց այլևս ոչ այնքան, որքան նախկինում, քանի որ Երևանի խանութներում երբեմն հանդիպում է, և երբ տեսնում եմ, մեծ քանակությամբ գնում եմ: Կարոտում եմ «բեյգլ»-ները (փոքր, կլոր, մեջտեղը ծակ նկանակ) ու չեմ հասկանում` ինչո՞ւ մի երկրում, որտեղ առանց հացի սեղան չեն նստի, չեն պատրաստում դրանցից:

Բայց.

Երբ Հայաստանից հեռու եմ (որը հազվադեպ է լինում), կարոտում եմ «ռակը», «Էրեբունի» գարեջուրը, բակերում լսվող նարդու ձայնը, մեքենաների բեռնախցիկներից վաճառվող մթերքները, երթևեկությունը խցանող եղջերավոր անասունները, ծերունիներին, որոնց կուրծքը զարդարված է պատերազմի հերոսի շքանշաններով, «Ջոն-Ջան» լսելը, ձմռան սկզբին խաշի անուշ, սուր «բույրը» և ամռան վերջին խորոված սմբուկի ծխախառն հոտը (երբ առաջին անգամ հարևաններս խորովեցին, կարծեցի` շենքում հրդեհ է):

Հայաստանից հեռու կարոտում եմ դեմքերը, որոնց վրա լռությամբ կրած կյանքի դժվարությունները հաղթահարելու պայքարն իր հստակ հետքերն է դրոշմել: Կարոտում եմ փոքր բաներից (օրինակ` պաղպաղակ ստանալուց) ուրախանալու հատկությունը: Նույնիսկ կարոտում եմ (բայց, իհարկե, միայն երկար բացակայությունից հետո) շրթներկած շուրթերին կպած արևածաղկի սերմերի տեսարանը:

Դեռ երկար կարող էի թվարկել:

Անկեղծություն

Շատ կցանկանայի, որ գար մի օր, երբ Հայաստանը կառաջնորդվեր ոչ թե նրանով, թե ինչքան վատ էր անցյալում (և դրա համեմատությամբ ինչքան լավ է հիմա), այլ թե դեռ ինչքան ավելի լավ կարող է լինել (և ձգտել դրան):

Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, կարծում էի, թե սփյուռքն անարդար է` ակնկալելով անհապաղ փոփոխություն: Հիմա կարծում եմ, որ հայերն են անարդար իրենք իրենց նկատմամբ, քանի որ չեն արագացնում ժողովրդավարության, սոցիալական ապահովության, քաղաքացիական իրավունքների և պատասխանատվության ոլորտներում բարեփոխումները, և չեն շտապում ունենալ դատարաններ, որոնք առաջնորդվում են բոլորի համար գործող և ոչ թե պատգամավորի մանդատ գնած օլիգարխների կողմից կամ նրանց պատվերով գրված օրենքով:

Տարօրինակ է, բայց ինձ կապված եմ զգում բնակչության մեծ մասի հետ: Կարևորում այդ փորձը (և զգացմունքներս էլ շատ են) և հավատում եմ, որ մի օր ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես հարկն է: Սակայն հնարավորության դեպքում, ընտանիքիս շահերից ելնելով, նրանց կտեղափոխեի Նահանգներ:

Թեև ցանկանում եմ, որ երեխաներս տեսնեն իմ երազած Հայաստանը, սակայն մտահոգվում եմ, որ երբ նրանք չափահաս դառնան, այն դեռևս երազանք կմնա: Այո´, ինչպես ամսագրի հոդվածների հերոսներն են ասում, Հայաստանը շատ լավ տեղ է երեխաներ մեծացնելու համար: Մեծ մասամբ սա ճիշտ է, եթե սակայն «լավ տեղ» ասելով նկատի ունենք անվտանգությունը, երեխաներին «վատ» ազդեցությունից հեռու պահելը, և որտեղ կարող ես հանգիստ լինել, որ երեխաները չեն կորցնի հայի իրենց «ինքնությունը»:

Այդուհանդերձ, սա այն տեղը չէ, որտեղ կարող ես սովորեցնել երեխաներին, որ առաջնորդներին և ղեկավարներին կարելի է վստահել, որ հայ լինելը չի նշանակում անվերապահորեն իրավացի լինել, կամ որ խաբեությունն ու կաշառակերությունը հաջողության հասնելու ամենաարագ ճանապարհները չպետք է լինեն:

Սա հրաշալի տեղ է` զգալու ընտանեկան օջախի կարիքը:

Պատասխանը

Մեկ այլ սահմանի հասնելով` հիմա արդեն կարող եմ պատասխանել վերը նշված անցակետի աշխատողի հարցին. «Ինչո՞ւ եմ Հայաստանում ապրում»:

Առաջին անգամ, որպես ընտանիք, Քրիստինեն, Ալբերտը, Լիան ու ես գնացքով գնում ենք Վրաստան` ծովափ: Հեռավորությունն ընդամենը մոտ 650 կմ է, սակայն չխկչխկան գնացքով ուղևորությունը 16 ժամից ավելի է տևում:

Կեսգիշերն անց է. Վրաստանի սահմանն ենք հատում: Երեխաների քունը տանում է, և Քրիստինեն քաղցրահունչ երգում է` Que sera, que sera («Ինչ լինելու է` կլինի»):

Պատմում է, որ մայրն էր իր համար երգում այդ երգը, երբ անգլերեն էր սովորեցնում իրեն:

Նեղ քնարանիս պառկած` լիովին ապրում եմ պահը. հեռավոր երկրում դանդաղ ընթացող գնացքը, հայուհի հրեշտակը, որը դարձել է կյանքիս անբաժանելի մասը, երկու երեխաները, որոնց հայրը ես չեմ, սակայն նրանց կյանքը կերտելու պատասխանատվությունն ինձ է վստահված…

«Que sera, que sera», - երգում է հայուհի կինս մեր երկու հայ երեխաների համար:

Ինչ լինելու է` կլինի… Առայժմ կբավարարվեմ այս պատասխանով, և կհուսամ, որ ևս մեկ տասնամյակ անց ավելի հստակ պատասխան կունենամ:
ԱրմենիաՆաուի էջերում