2001-ին փորված հիմքերի տեղում այսօր արդեն Հյուսիսային պողոտայի մայթերն են, որոնք կապում են Հանրապետության հրապարակը Օպերայի շենքին
Հանրապետության հրապարակին կից` նախկինում անշուք ու գրեթե քայքայվող «Էրեբունի» հյուրանոցը կրկին վեր է հառնում` արդեն որպես ներկայանալի «Էրեբունի պլազա»
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ասում է, որ շինարարական բումը ստեղծել է «արատավոր շրջան» և կայուն աճի թյուր տպավորություն
Գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը վրդովվում է, երբ նորակառույցներն «էլիտար» են անվանում: Նա պնդում է, որ եթե անգամ դրանք չծառայեն այսօրվա բնակիչներին, կծառայեն ապագա սերունդներին
Շինարարության վրա աշխատողները ուրախ լինելու պատճառ ունեն, քանի որ շինարարական բումը այդքան անհրաժեշտ նոր աշխատատեղեր է ստեղծել
Մեծահարուստ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այն օլիգարխներից է, ում շինարարական հետաքրքրությի շրջանը տարածվում է մայրաքաղաքից դուրս, տվյալ դեպքում` առողջարանային Ծաղկաձոր
Նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի հետևում վեր է խոյանում քաղաքի նորակառույցներից մեկը` ամերիկահայ «Ջերարդ Գաֆեսճյան» հիմնադրամի ֆինանսավորած «Կասկադ» համալիրը:
Քաղաքի առաջին ճարտարապետի ծոռը` Հայկ Թամանյանը, ասում է, որ դեռ ուշ չէ «փոխզիջման միջոցով» հասնելու իր ականավոր նախնու տեսլականի իրականացմանը
Երևանի համայնապատկերին նետված հայացքը ցույց է տալիս քաղաք շինարարական թոհուբոհում` կռունկներով, փոշով ու աղմուկով ու նաև սպասում` անհանգստության երանգով: Մայրաքաղաքի կենտրոնում գրեթե չկա մի փողոց, որ զերծ լինի դեռ անավարտ կառույցները երիզող կապույտ ձյութալաթից կամ նոր շենքերի համար փորված հսկա հիմքափոսերից: Կառուցվում, նորոգվում, ընդլանվում կամ վերակառուցվում են բնակելի շենքեր, հյուրանոցներ, գրասենյակներ ու խանութներ: Քաղաքի դեմքը փոխվում է ամեն մի բարձրահարկ աշտարակի հետ, որոնցից շատերը գալիս են փոփոխելու գրեթե մեկ դար առաջ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի պատկերացրած քաղաքի ուրվագիծը երկնքի ֆոնի վրա:
Քննադատները հայտարարում են, թե կառուցապատումն իրականացվում է անպաշտպան բնակիչների հաշվին, որոնք ի վիճակի չեն դիմագրավելու իշխանություններին, որոնք շուկայականից շատ ավելի էժան գներով խլել են նրանց սեփականությունը «պետական կարիքների» պատրվակով: Ուրիշներն էլ ասում են, որ եթե Երևանը պետք է ժամանակակից քաղաք դառնա, այն չի կարող խուսափել ուրբանիզացիայից:
Եթե նախկինում այստեղ միայն փողոցներն անվանում ունեին, ապա այսօր շքեղ շենքերն էլ են անուն կրում` «Գրիար», «Էլիտ գրուպ», «ԴիԷյչ գրուպ», «Միկա սիթի», «Լևոն Ա»` այն կառուցապատողների կամ ներդրողների անունով, ովքեր կանգնած են Հայաստանի այս շինարարական բումի ակունքներում: Այսպես կոչված «էլիտար» բնորոշումը դարձել է ունիվերսալ բոլոր նորակառույցների համար, որոնք տարբերվում են Թամանյանի ժամանակներից մինչև անկախացում Երևանում գերիշխող շինարարական ոճից:
Ընդամենը 10 տարի առաջ հայաստանցիներն այդպիսի շենքեր տեսել էին միայն արևմտյան կինոնկարներում կամ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Այսօր մայրաքաղաքում կան տասնյակ նման նորակառույցներ:
Քաղաքի նոր կենտրոնում դռնապանները բացում են դռները բնակիչների համար, որոնք մինչև 2000 դոլար են վճարել իրենց բնակարանային տարածքի 1 քմ համար` չհաշված ներքին հարդարման վճարը: Առաջարկվում են ծառայություններ, սովորաբար ամսական 40-200 դոլար լրացուցիչ վճարով. օդորակում, ջրամատակարարման, ջեռուցման ու էլեկտրամատակարարման ինքնավար համակարգեր, անվտանգության ծառայություն, ավտոկայանատեղ, արբանյակային հեռուստատեսություն:
Աստղիկ Թովմասյանի ընտանիքն այն հայաստանցիներից է, ովքեր ի վիճակի են «էլիտար» բնակարան գնել: Թովմասյանները 95.000 դոլարով վաճառել են իրենց երեք սենյականոց բնակարանն ու նաև վարկ վերցրել Արշակունյաց պողոտայի 1-ին նրբանցքի նորակառույցում բնակարան գնելու համար:
Իտալական «Ռենկո» ընկերության կառուցած հինգ հարկանի շենքը լիովին բավարարում է Թովմասյանների ընտանիքի կարիքներն ու ակնկալիքները (թեև նրանք դեռևս չեն տեղափոխվել): Նոր բնակարանի 1 քմ համար վճարել են 1400 դոլար` ներառյալ որոշ ներքին հարդարման աշխատանքներ, օրինակ` հատակի սալիկապատում:
«Կարծում եմ` սա քաղաքի լավագույն նորակառույցներից է, քանի որ գտնվում է այգում,- ասում է Թովմասյանը: - Ցանկապատված բակում կան մի փոքր բար, խանութ ու մանկական խաղահրապարակ: Կարծում եմ` ընտանիքս շատ ապահով կլինի այս շենքում:
Թովմասյանն ասում է, որ բոլոր բնակարանները վաճառվել են մինչև շինարարության ավարտը: Հիմա նա ընտանիքով ապրում է ծնողների տանը` մինչև շենքը կառուցվի:
«Մեր նոր շենքի հարևաններից շատերին չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ մենք միակ տեղացիներն ենք: Երկու ընտանիք ֆրանսահայեր են: Նաև գիտեմ, որ մի քանի ընտանիք Ամերիկայից են»:
Անշարժ գույքի գործակալ Վլադիմիր Խաչատրյանն ասում է, որ Թովմասյանների նման ընտանիքների բախտը բերել է, որ արդեն բնակարն են գնել, քանի որ անշարժ գույքի գները շարունակելու են աճել: Նրա հավաստմամաբ` Հայաստանը պարզապես հետևում է համաշխարհային միտումներին:
Թեև նոր շինարարության բերած տնտեսական աճից կշահեն նույնիսկ ցածր կամուտ ունեցող ընտանիքները, նման բնակարանները շարունակում են անմատչելի մնալ Հայաստանի 780.000 ընտանիքների ճնշող մեծամասնության համար, իսկ 100.000 ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր կացարաններում կամ նվազագույն պահանջները չբավարարող պայմաններում դրանց մասին անգամ երազել չեն կարող: Նորահարուստները վայելում են իրենց առավելությունը մի հասարակությունում, որտեղ միջին ամսական աշխատավարձը 177 դոլար է:
«Սոցիոմետր» հայկական անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ 100.000 դոլար և ավելի արժողությամբ բնակարաններ կարող է գնել բնակչության ընդամենը 15 տոկոսը: Բարձրաստիճան պաշտոնյաներն ու բարձր որակավորում ունեցող մասնագետները` բժիշկները, փաստաբաններն ու համակարգչային ծրագավորողները, կազմում են տեղական շուկայի մոտ 3 տոկոսը, իսկ մնացած 12 տոկոսը արտասահմանում վաստակող գործարարներն են:
Զարմանալի է, սակայն անշարժ գույքը, որը հնարավոր չէ տեղափոխել, Հայաստանի համար դարձել է արտահանման ապրանք:
2000 թվականին Երևանում տրվել է ընդամենը 4 բազմահարկ շենքի կառուցման թույլտվություն: Դրանից հետո առ այսօր տրվել է ևս 275 բազմահարկ շենքի կառուցման թույլտվություն` տարեկան 10 անգամ ավելի, քան տասնամյակի սկզբում:
Ներկայումս քաղաքում իրականացվում է մոտ 70 շինարարական ծրագիր` յուրաքանչյուրը 50-200 բնակարանով: Որոշ դիտորդների հաշվարկով` քաղաքի կենտրոնի 1 քմ վրա կառուցվում է մոտ 5000 բնակարան:
Բնակելի շենքերի մի մասը ներդաշնակորեն հարմարվում է շրջակայքի հետ, մյուսները օտար նվաճողների նման ներխուժում են ձևավորված բակեր ու պուրակներ: Չորս-հինգ հարկանի շենքերի բակերում կառուցվում են 16 հարկանիներ, որոնք հաճախ փակում են արևի լույսը, նեղվածք առաջցնում բակում ու խաթարում բջջային հեռախոսների գործունեությունը: Բնապահպանական խմբերը հաշվարկել են, որ նորակառույցները կուլ են տվել քաղաքի կանաչ տարածքի մոտ 700 հա` կրկնակի ավելի, քան 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով ծառահատման հետևանքով:
Այս զարգացումների հետևանքով ոմանք կորցնում են, ոմանք` շահում:
Շինարարության շնորհիվ ստեղծվում են աշխատատեղեր` փոս փորողներից մինչև նախագծողների համար: Շինարարական աշխատանքը փոփոխական է, ինչը դժվարացնում է աշխատողների թվի հաշվարկը: Սակայն սույն հոդվածի համար հարցազրույց տված ճարտարապետների հավաստմամբ`յուրաքանչյուր նման շինարարական ծրագիր պահանջում է ամենաքիչը 200, ամենաշատը` 550 աշխատող:
Ուստի, եթե յուրաքանչյուր նման շինարարության վրա աշխատում ` միջին հաշվով 375 աշխատող, դա նշանակում է, որ շինարարության շնորհիվ ստեղծվել է 26.250 աշխատատեղ: Դրանց մեծ մասը զբաղեցնում են սևագործ բանվորները` գործազուրկ դառնալու առավել հավանական թեկնածուները: Ըստ նման բանվորների տրամադրած տեղեկությունների` նրանք վաստակում են օրական 10-12 դոլար: Դա ծանր աշխատանք է, սակայն այս պայմաններում լավ վարձատրվող (թեև ժամանակավոր): Պատշարները վաստակում են ամսական միջինը 800-1000 դոլար:
Շինարարական բումը նաև խթանում է տների հարդարմամբ ու կահավորմամբ զբաղվող բիզնեսները: Տեղական արտադրության շինանյութերը կազմում են շուկայի փոքր տոկոսը և ընդհանրապես համարվում են ցածրորակ: Դրա հետևանքով հայաստանյան մի քանի ընկերություններ ներկայումս մասնագիտանում են Թուրքիայից, Ռուսաստանից, Իսպանիայից ու Իտալիայից բարձրորակ շինանյութեր բերելու մեջ:
Հազարամյակի մեկնարկը
Երևանի վերակառուցումը սկսվեց 2001 թվականին, երբ հաստատվեց ու մեկնարկեց կառուցապատման առաջին ծրագիրը` Հյուսիսային պողոտան: Այդ տարվա աշնանը հազարավոր սփյուռքահայեր այցելեցին հայրենիք` նշելու Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Կապերը Հայաստանի ու սփյուռքի միջև ամրապնդվեցին հայաստան-սփյուռք համաժողովների, համահայկական խաղերի, «Բազե» համահայկական երիտասարդական փառատոների և այլ միջոցառումների շնորհիվ:
Հյուսիսային պողոտայում արված առաջին ներդրումներն ապացուցեին իրենց կենսունակությունը, և մայրաքաղաքում դրանց հետևեցին նոր շինարարական ծրագրեր: Սկզբում հիմնականում կառուցում էին հյուրանոցներ ու սրճարաններ` ամառային տուրիզմի սպասարկման համար, սակայն աստիճանաբար ծանրության կենտրոնը տեղափոխվեց բնակարանային շինարարություն:
Հայերը պատմության մեջ հայտնի են որպես շինարարներ, ուստի կարելի է ասել, որ շինարարական բումը, ինչ-որ իմաստով, ազգային ավանդույթների արտացոլում է: Դա ակնհայտ է նույնիսկ լեզվում. օրինակ` եթե այլ ազգերի ներկայացուցիչներն իրենց զարմանքն ու վրդովմունքն արտահայտելու համար ասում են «ի՞նչ ես ուզում ասել», հայերն ասում են «տունդ շինվի»:
Եթե ոմանց Հայաստանում ներդրում անելու է դրդում հայրենիքում տուն ունենալու ձգտումը, շատերն առաջնորդվում են զուտ գործնական նկատառումներով:
Անշարժ գույքի մասնագետները հաշվարկել են, որ շինարարության մեջ ներդրված յուրաքանչյուր դոլար 5-10-ապատիկ շահույթ է ապահավում ներդրողին: Հետևաբար` գեղեցիկ թե տգեղ, անհրաժեշտ թե անպատեհ, սակայն շինարարությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող հատվածը, որն աճում է ամեն տարի` մոտենալով համախառն արտադրանքի մեկ երրորդին:
2005 թվականին շինարարության ծավալը հատեց 1 միլիարդ դոլարի սահմանը` կազմելով Հայաստանի համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) 21,7 տոկոսը: 2006-ին այն հասավ 26,7 տոկոսի` կազմելով 1,5 մլրդ դոլար: Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսմամբ` շինարարության ծավալն այս տարվա երկրորդ կեսին անցյալ տարվա համեմատությամբ կավելանա 18 տոկոսով:
Հայաստանի լրատվամիջոցները հագեցած են ենթադրություններով այն մասին, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց բաժինն ունեն շինարարական բիզնեսում: Ենթադրվում է, որ առնվազն մեկ հյուրանոց` Հաղթանակի զգոսայգում կառուցված շքեղ «Գոլդեն փալեսը», պատկանում է նախագահ Ռորբերտ Քոչարյանին ու վարչապետ Սերժ Սարգսյանին, իսկ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ընկերությունը բարձրակարգ առանձնատներ ու հյուրանոցներ է կառուցում առողջարանային Ծաղկաձորում:
Երևանի անշարժ գույքի գործակալների հավաստմամբ` շքեղ բնակարանների պահանջարկը մայրաքաղաքում մեծ է: Գնորդների առաջին շարքում են հայաստանցի պարձր պաշտոնյաները, որոնց հաջորդում են սփյուռքահայերն ու արտասահմանցիները հիմնականում Իրանից, Սիրիայից ու Լիբանանից, որոնց համար Հայաստանը ներդրումների տեսանկյունից գրավիչ երկիր է: Գնորդների ամենափոքր խումբը այն տեղացիներն են, որոնք իշխանական կապեր չունեն, բայց ունեն լավ վարձատրվող աշխատանք:
Պաշտոնյաները պնդում են, թե ծաղկում ապրող շինարարական հատվածը արտացոլում է Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, քանի որ մարդիկ համապատասխանեցնում են իրենց բնակարանային պայմանները 21-րդ դարի պահանջներին: Ուրիշներն ավելի հոռետեսորեն են նայում դրան:
Պղպջակային խնդիրներ
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Աղաջանովն ասում է, որ Հայաստանի տնտեսությունն աղավաղված է շինարարական «պղպջակի» պատճառով, որը չի կարող երկար տևել:
«Շինարարական հատվածն այժմ վերածվել է արատավոր շրջանի, որտեղ հարուստների մի խումբ կառուցում է, մի ուրիշ խումբ` գնում: Ես գիտեմ գործարարների, որոնք 10-15 բնակարան են գնել` ծախսելով միլիոնավոր դոլարներ: Նրանք գերադասում են տնտեսության մեջ շահույթ ստանալու նպատակով ներդրում անելու փոխարեն դնել իրենց միջոցները մեռած գույքի մեջ, քանի որ վախենում են ռիսկի դիմել մի երկրում, որի ամբողջ տնտեսությունը մի խումբ մարդկանց ձեռքում է»,- ասում է նա:
«Երկիրը կարող է լինել «արդյունաբերական» ու «գյուղատնտեսական»` կախված ՀՆԱ-ում ունեցած իրենց բաժնից, բայց ես երբեք չեմ լսել «շինարարական» երկրի մասին: Շինարարության վրա հիմնված տնտեսությունը մի օր կպայթի օճառի պղպջակի նման»:
Աղաջանովը չի ընդունում Հայաստանի տնտեսական աճի մասին վիճակագրությունը` համարելով մտացածին: Նրա կարծիքով` այդ աճը պայմանավորված է շինարարության ծավալով, մինչդեռ ՀՆԱ-ի հիմնական բաղադրիչների` արդյունաբերության ու գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է:
Թեև այսօր Երևանում վեր խոյացող ապակեպատ բետոնե բարձրահարկերն իսկապես տպավորիչ տեսք ունեն, այսօրվա շինարարության ծավալները հինգ անգամ զիջում են խորհրդային ժամանակների առավելագույն ծավալներին: Եվ նույնիսկ այդ պարագայում շինարարությունը տնտեսության միայն մի փոքր մասն էր կազմում, մինչդեռ ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսն ապահովում էր արդյունաբերությունը:
«Արդյունաբերական արտադրանքի պահանջ միշտ էլ կա, քանի որ մարդիկ ունեն դրա կարիքն իրենց կյանքի բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա կգա մի օր, երբ շուկան կհագենա բնակարաններով, քանի որ բոլ;որ փող ունեցողները բավական բնակարան գնած կլինեն իրենց, իրենց երեխաների ու թոռների համար,- ասում է Աղաջանովը: - Հետո կլինի շղթայական ռեակցիա. ՀՆԱ-ն կտրուկ կնվազի, և հայ պաշտոնյաներն այլևս չեն պարծենա տնտեսական բարձր ցուցանիշներով: Շինարարների մի զգալի մասը կդառնա գործազուրկ»:
Աղաջանովը կանխատեսում է, որ երբ քաղաքի կենտրոնական մասում այլևս տեղ չմնա, շինարարությունը կտարածվի Երևանի արվարձաններ ու հարակից տարածքներ: Սակայն այդ ժամանակ շինարարության մասշտաբները կտրուկ կկրճատվեն` մարզերում ենթակառուցվածքների պակասի պատճառով:
Տնտեսագետին նաև մտահոգում է Հայաստանի տնտեսության կենտրոնացումը մայրաքաղաքում, որն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 80 տոկոսը: Նա ասում է, որ տնտեսական զարգացման առումով երկիրը հիշեցնում է մեծ գլխով ու թույլ ոտքերով մարմին:
«Աստված մեզ օգնական, բայց եթե Երևանում մի բան պատահի, ասենք` երկրաշարժ, դա կնշանակի ամբողջ երկրի կործանում»,- ասում է Աղաջանովը:
«Արմենիա» հեռուստաընկերության առաջատար վերլուծական ծրագրի վարող պատմաբան Գևորգ Ալթունյանը (ծրագիրը կազմակերպել էր շինարարության բումին նվիրված բանավեճ) ասում է, որ կողջուներ այդ բումը, եթե դրանից շահեին շարքային քաղաքացիները:
«Շինարարությունը, որը տնտեսության ամենաշահութաբեր հատվածներից է, դարձել է նաև ամենակոռումպացված ոլորտներից մեկը: Քաղաքում մի քանի շինարարական ծրագիր իրականացնող ընկերությունների ներկայացրած հարկային հաշվետվություններից հետևում է, որ դրանք աշխատում են վնասով, ինչը ծիծաղելի է»,- ասում է նա:
«Եթե շինարարությունից հասանելիք հարկերն ինչպես հարկ է վճարվեր պետական բյուջե, ապա կառավարությունը մի քանի տարում կկարողանար բնակարանով ախպահովել կարիքավոր ընտանիքներին, գոնե` արվարձաններում, կամ էլ օգնություն ցույց տար երիտասարդ ընտանիքներին»:
Երևանի քաղաքապետարանը, որը շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն է տալիս, ենթարկվում է տեղական լրատվամիջոցների խիստ քննադատությանը` մայրաքաղաքը մասնավոր ներդրումների գոտու վերածելու համար: Սակայն որոշակի շինարարական ծրագրի իրականացման դեմ բնակիչների, բնապահպանական ու իրավապաշտպան կազմակերպությունների ծավալած ոչ մի քարոզարշավ առայժմ հաջողությամբ չի պսակվել:
Հուլիսին քաղաքի կանաչ գոտու առնվազն երկու վայր դարձան բնակիչների ու քաղաքապետարանի միջև վեճի առարկա: Կենտրոն համայնքի Պուշկինի փողոցում գտնվող 250 քմ տարածքը և Արաբկիր համայնքի Կալենցի փողոցի մանկական խաղահրապարակի կից 40 քմ տարածքը հանձնվել են կառուցապատողներին` բնակելի շենք ու խանութ կառուցելու համար:
Մինչև 2005 թվական շինարարության համար թույլտվություն տալիս էին տեղական իշխանության մարմինները, իսկ հետո այդ լիազորությունը փոխանցվեց քաղաքապետարանին:
Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, որը ստորագրում է մայրաքաղաքի բոլոր խոշոր շինարարական նախագծերի թույլտվությունները, ասում է, որ բոլոր նախագծերը համապատասխանաում են քաղաքաշինական պահանջներին:
«Տարբեր բնագավառներ ներկայացնող փորձագետների խումբը ուսումնասիրում է առաջարկված նախագիծը, և եթե այն համապատասխանում է շինարարական նորմատիվներին (հիմքի, սեյսմիկ դիմացկունության, արտակարգ տարհանման և այլն), ապա նախագիծը հաստատվում է»,- ասում է Դանիելյանը, որն անկախացումից հետո Երևանի վեցերորդ գլխավոր ճարտարապետն է:
Հակառակ տարածված կարծիքի` Դանիելյանը շեշտում է. «Քաղաքում չկա ոչ մի ապօրինի շինարարություն»: (Նա նկատի ունի, որ բոլորը պաշտոնական թույլտվություն ունեն:)
Դանիելյանին վշտացնում է, որ նորակառույցները կրում են «էլիտար» պիտակը` շեշտելով դրանց բացառիկությունը:
«Այդ շենքերը մեր քաղաքացիների համար են, և ես զարմանում եմ, թե ինչու են մարդիկ դրանց «էլիտար» անվանում: Նման շենքեր կան ցանկացած երկրում,- ասում է նա: - Դրանք պարզապես անհամեմատ լավ պայմաններ ապահովող շենքեր են, ուստի գներն էլ խորհրդային ժամանակներին կառուցվածների համեմատ ավելի բարձր են:
Վերջիվերջո, քաղաքում կառուցված ամեն ինչ քաղաքի ու նրա բնակիչների համար է: Եթե այսօր ինչ-որ մեկն ի վիճակի չէ բնակարան գնելու, գուցե դա կկարողանան անել նրա զավակները»:
Դանիելյանն ասում է, որ իրեն դուր են գալիս քաղաքում տեղի ունեցող փոփոխությունները, և նոր շենքերի ժամանակակից ճարտարապետությունը ստիպում է ավելի եռանդով բաբախելու Երևանի զարկերակին:
«Քաղաքը չի կարող սահմանափակվել մեկ ճարտարապետական ոճով, այն պետք է արտացոլի նրա անցյալի բոլոր շերտերն ու ցույց տա ժամանակակից միտումները,- ասում է գլխավոր ճարտարապետը: - Երևանի վերջնական դեմքը դեռ չի ձևավորվել: Այժմ մենք պետք է ձգտենք լավագույնս համադրելու հինն ու նորը»:
Ամեն ինչ դեռ առջևում է
Քաղաքապետարանը մշակել ու հաստատել է Երևանի զարգացման գլխավոր հատակագիծը մինչև 2020 թվական: Այն ներառում է կենտրոնում կառուցվելիք նոր մայրուղիներ, մետրոյի համակարգի ընդլայնում և ստորգետնյա տարածքների յուրացում (օրինակ` կայանատեղ-ավտոտնակների): Նախագծով մայրաքաղաքի 1360 հա տարածքը բաժանվում է յոթ գոտում ընդգրկված շրջանների: Նախատեսվում է մինչև 2020 թ. Երևանի կանաչ տարածքը, որն այժմ 5 հա է, հասցնել 9 հեկտարի (oգտագործելով Հրազդանի կիրճին հարակից տարածքները):
Ըստ գլխավոր հատակագծի` մինչև 2020 թվական Երևանում բնակչության խտությունը 1 հեկտարի վրա ներկա 219-ից կհասնի 259 մարդու: Դանիելյանն աում է, որ դա տեղի կունենա բնակարանային ֆոնդի ավելացման հաշվին, որը կաճի 1,55 մլն քառակուսի մետրով և կհասնի 3,36 միլիոն քառակուսի մետրի:
Նախատեսվում է նաև ստեղծել Երևանի բերդ անունը կրող քաղաքի նոր կենտրոն, որը կծածկի 150 հա տարածք Կենտրոն և Շենգավիթ համայնքներում` Իսակովի պողոտայից մինչև Հրազդանի կիրճ: Նախագիծը մշակելու է «Երևաննախագիծ» ԲԲԸ-ն:
Ընկերության տնօրեն Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ նոր թաղամասը կթեթևացնի գերբեռնված կենտրոնը, որը տառապում է ավտոմեքենաների ու մարդկանց մեծ հոսքերից:
«Մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող նոր կենտրոնը և նոր մայրուղին կդառնան քաղաքի նոր դարպասը»,- ասում է Մուշեղյանը:
Երևանի բերդ նախագիծը կընդգրկի մի շարք պատմական վայրեր, ինչպիսին են Երևանի միջնադարյան բերդի ավերակները, Սուրբ Սարգիս եկեղեցին, Պասկևիչի բլուրը և այլն: Տարածքի պատմական արժեքն ու գեղատեսիլ կիրճը վճռորոշ նշանակություն են ունեցել այս վայրը դիվանագիտական առաքելություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, գործարար, բանկային ու առևտրային կենտրոններ տեղադրելու հարցում:
Դանիելյանը հրաժարվեց քննարկել ֆինանսավորման հարցը, թեև ըստ որոշ աղբյուրներ հաշվարկների` ծրագրի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար է: Գլխավոր ճարտարապետի խոսքերից պարզ դարձավ, որ այս ծրագրի հետևանքով էլ կքանդվեն շատ տներ` օրենքով նախատեսվող «պետական կարիքներ» հիմնավորմամբ:
Յուրացվող տարածքի բնակիչներն արդեն մտահոգված են, որ կարող են արժանանալ քաղաքի կենտրոնում`ներկայիս Հյուսիսային պողոտայի տեղում, ժամանակին ապրած քաղաքացիների ճակատագրին: Հարյուրավոր մարդիկ վտարվեցին իրենց տներից չնչին փոխհատուցմամբ, որպեսզի ճանապարհ բացեն 150 միլիոն դոլարանոց ծրագրի համար: Դանիելյանը հավաստիացնում է, որ կլինեն բնակիչների իրավունքները պաշտպանող ավելի հստակ մեխանիզմներ, որպեսզի չկրկնվեն Հյուսիսային պողոտայի շուրջ ծագած վեճերը:
Ըստ սոցիոլոգ Ադիբեկյանի` անցյալ տարի պետական միջոցներով կառուցված բնակարաններ են տեղափոխվել 600 ընտանիք: Անբավարար բնակարանային պայմաններում են ապրում ևս 30.000 ընտանիք: Ադիբեկյանը շատերի նման մտահոգվում է, որ «պետական կարիքների» համար տներ քանդելը միայն կմեծացնի սոցիալապես անապահով մարդկանց թիվը:
Առաջամարտիկների ու առաջընթացի մասին…
Մինչ շարունակվում է Երևանի ապագայի մասին բանավեճը, որոշ կառույցներ արդեն ձևավորում են ժամանակակից մեգապոլիսի կերպարը և, հավանաբար, շուտով կդառնան մայրաքաղաքի խորհրդանիշներից` նույնքան հանրահայտ ու ճանաչելի, որքան Օպերայի շենքը կամ Հանրապետության հրապարակը: Ներկայումս մոտ 50 ընկերություններ մրցակցում են ոչ միայն քաղաքի լավագույն հատվածների, այլև սեփական հեղինակության համար: Դրանց մոտ կեսն ընկերություններ են Ռուսաստանից, Իրանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից:
Շուկայի առաջատարներից է «Էլիտ գրուպ» ընկերությունը, որին են պատկանում 18 շենքեր` հյուրանոցներ, շքեղ առանձնատներ ու բնակարանային բազմահարկեր, որոնցից չորսի շինարարությունն արդեն ավարտվել է: Ներկայումս կառուցվող «Հյուսիսային ճառագայթ» համալիրը բաղկացած է երկու 14 հարկանի շենքերից, որոնք վեր են խոյանում 18 շքեղ առանձնատների վրա` յուրաքանչյուրը 730 քմ տարածքով: Ընկերությունը հիմնվել է 2000 թվականին և այժմ երկրի 300 ամենամեծ հարկատուներից է:
Ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանն ասում է, որ իրենց բնակիչների մոտ 53 տոկոսն արտասահմանցիներ կամ սփյուռքահայեր են, հիմնականում Ռուսաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից: Նաև հաճախորդներ ունեն Հոլանդիայից, Բելգիայից, Իսպանիայից և նույնիսկ Չինաստանից, որոնք բնակարան են գնում ապրելու համար կամ որպես ներդրում:
Մկոյանն ասում է, որ իր ընկերությունը Հայաստանում առաջին է սկսել կիրառել բարձրահարկերի սեյսմիկ պաշտպանության մեթոդ, որում կիրառվում են լամինացված ռետինե-մետաղական առանցքակալներ` երկրաշարժի հորիզոնական տատանումները կլանելու նպատակով:
«Դա թանկ ու ժամանակատար տեխնոլոգիա է,- ասում է Մկոյանը: - Այդ պատճառով էլ մեր շենքներն ավելի դանդաղ են կառուցվում, քան քաղաքում սնկի նման աճող մյուս շենքերը: Մենք դա անում ենք, քանի որ մեր շենքերի սեյսմիկ անվտանգությունը մեզ համար պակաս կարևոր չէ, քան նրանց արտաքին տեսքը»:
Մկոյանի հավաստմամբ` կառուցապատող ընկերությունները որակյալ աշխատուժի պակաս են զգում, քանի որ շատ ատաղձագործներ, որմնադիրներ ու ինժեներներ հեռացել են Հայաստանից 1990-ականների տնտեսական ծանր տարիներին: «Հիմա նրանց մի մասը վերադառնում է, բայց այսօր հարկավոր է վերականգնել պրոֆտեխնիկական ուսումնարանները, քանի որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ շինարարության ծավալները մեծանալու են»:
Շինարարությունը կախված է նաև բարձր որակավորում ունեցող ճարտարապետներից ու նախագծողներից: Վերջին տարիներին հիմնվել են տասնյակ նախագծային ընկերություններ, որոնք կատարում են ամեն ինչ` ամբողջական նախագծումից մինչև ներքին դիզայն: Նման ընկերություններից մեկը ղեկավարում է է Երևանի նախին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Եթե մի տասնամյակ առաջ ճարտարապետ-նախագծողների կարգավիճակն ու վաստակը համեստ էր, ապա այժմ բարձր որակավորում ունեցողներն ի վիճակի են ապրել իրենց նախագծած շենքերում: Նրանց միջին վարձը 5-7 դոլար է շինության 1 քմ համար, ինչը կարող է քիչ թվալ այլ երկրների համեմատությամբ, սակայն բավական է, որ ճարտարապետն ապրի բարեկեցիկ կյանքով` տարին առնվազն երկու շենք նախագծելով:
Շինարարության մասնագետներն ասում են, որ ամենամեծ պահանջարկ ունեն 25-30 ճարտարապետ, որոնցից մեկը Հովհաննես Մութաֆյանն է: 55-ամյա ճարտարապետն ու նրա «Ահսեն-վիքս» ընկերությունը նախագծել են քաղաքի 12 համալիր, այդ թվում` Հյուսիսային պողոտայի որոշ տարրեր:
30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Մութաֆյանն ասում է, որ Երևանի նորակառույցների մի մասը հարստացնում է քաղաքը, մինչդեռ մյուսները պարզապես խայտառակություն են: Այդ անհավասար որակը նա բացատրում է այն հանագամանքով, որ շինարարության բուռն աճը շատ անսպասելի սկսվեց: Ասպարեզ մտան մարդիկ, ովքեր ունեին միջոցներ, բայց ոչ մի առնչություն չունեին ճարտարապետությանը, պարզապես չէին ուզում բաց թողնել բնակելի շենքեր կառուցելով փող աշխատելու հնարավորությունը:
Մութաֆյանը քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին համարում է Հայաստանի շինարարական արդյունաբերության «պիոներ»:
«Նա մեծ գործ արեց` ներկայացնելով Հյուսիսային պողոտայի ծրագիրը: Քչերն են ծանոթ Հյուսիսային պողոտայի իրական պատմությանը, երբ իշխանությունները սկզբում դեմ էին ծրագրին` ասելով, թե կտապալվի»,- բացատրում է Մութաֆյանը:
«Սարգսյանը հավատում էր, որ այդ քաղաքաշինական ծրագիրն ավելի շատ քաղաքական նշանակություն ուներ, քան սոցիալական, և որ այն ներդրումներ կբերեր Հայաստան: Եվ նա ճիշտ էր: Հյուսիսային պողոտան միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն էր, որ Հայաստանը կա և մի երկիր է, ուր կարելի է գալ, ներդրում անել ու շահույթ ունենալ»:
Մութաֆյանն ասում է, որ աշխատանքի մասշտաբները բանավեճ են առաջ բերել Ալեքսանդր Թամանյանի ժառանգության մասին, ինչը թյուրիմացության հետևանք է: Նա բացատորւմ է. «Եթե քաղաքում որևէ խարխուլ տուն են քանդում, դա Թամանյանին ոչ մի առնչություն չունի: Թամանյանի մեծությունն այն էր, որ նա նախագծել էր քաղաքն ու մի քանի կարևոր շենքեր, որոնք, փառք Աստծո, իրենց տեղում են»:
Երևանի արտաքին տեսքը սկսել է ձևավորվել 18-18-րդ դարերում, երբ ռուսական ցարը սկսեց ներդրումներ անել Կովկասում: Քաղաքում սկսեցին հայտնվել սև տուֆով երեսպատված բազմաթիվ երկհարկանի տներ:
Թամանյանի նպատակը գյուղաքաղաքը քաղաքի վերածելն էր, իսկ 1920 թվականի խորհրդայնացումից հետո ոչ թե պարզապես քաղաք, այլ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք դարձնելը: Երևանը շրջապատող բլուրները քաղաքին ամֆիթատրոնի տեսք են տալիս, և Թամանյանի գլխավոր հատակագծի հիմնական գաղափարը այդ ամֆիթատրոնը ուրբանիստական կենտրոնի վերածելն էր` նախագծելով գլխավոր հրապարակների ու զբոսայգիների վայրերն ու մի քանի գլխավոր մայրուղիների ուղղությունները, որոնցից մեկն ուղղված էր դեպի Արագած, իսկ մյուսը` դեպի Արարատ: Քաղաքը նախագծված էր 150.000 բնակչի համար:
«Թամանյանից հետո շատ այլ տաղանդավոր ճարտարապետներ են մասնակցել այսօրվա քաղաքի ձևավորմանը,- ասում է Մութաֆյանը: - Երբ ասում են «Երևանի կերպար», նկատի ունեն 1950-ականներին ու 1960-ականներին կառուցված շենքերը` սոցիալիստական ոճը, որը եկել է ոչ թե Եվրոպայից, այլ Ռուսաստանից` հինգ հարկանի տուֆե շենքերով: Դա մի ժամանակաշրջան էր, երբ գրվեցին բազմաթիվ երգեր, որոնք գովերգում էին Երևանի մաքուր օդը, հհիասքանչ տեսարաններն ու զով զգոսայգիները»:
Սակայն Երևանի առջև ծառացավ մեկ այլ մարտահրավեր, երբ 1960-ականների հանրապետության խորհրդային ղեկավարությունը որոշեց հասցնել նրա բնակչությունը 1 միլիոնի: Սփյուռքահայերի քաղաքներում բնակություն հաստատելու արգելքը վերացվեց, և հազարավոր ընտանիքներ եկան Երևան: Խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչովի նպատակն ամբողջ բնակչությանը բնակարանով ապահովելն էր, ինչը լավ էր մարդկանց, բայց վատ նախագծերի համար: Մի քանի տարվա ընթացքում Հայաստանում կառուցվեցին մի քանի հարյուր բնակելի շենքեր, այդ թվում` Երևանի Աջափնյակ ու Նոր Նորք թաղամասերը:
«Այսօր Երևանն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ` արտացոլելով իր պատմությունը,- ասում է Մութաֆյանը: - Սև քարե տներն արտացոլում են Ռուսական կայսրության ժամանակաշրջանը, հինգհարկանի վարդագույն տուֆե շենքերը և ստանդարտ 9 ու 12 հարկանի բազմահարկերը` սոցիալիստական շրջանը: Ծխից սևացած շենքերը հիշեցնում են 1990-ականների էներգետիկ ճգնաժամը, իսկ ներկայիս նորակառույցներն աշխարհին են ներկայացնում 16 տարվա անկախություն ունեցող երկրի մայրաքաղաքի ժամանակակից դեմքը»:
Մութաֆյանը համեմատում է այսօրվա Երևանը նորածնի հետ` ավելացնոլվ. «Դժվար է ասել, թե ինչ տեսք կունենա մի քանի տարուց. գուցե` ավելի գեղեցիկ, գուցե` ավելի տգեղ»:
Նա ասում է, որ շինարարական բումը Հայաստանում փոխել է վերաբերմունքը ճարտարապետի մասնագիտության նկատմամբ` հայրենիքում բարեկեցիկ կյանք ապահովող կարիերայի հնարավորություն ընձեռելով այսօրվա ուսանողներին:
«Պետք է հուսալ, որ հայ ճարտարապետների այս երիտասարդ սերունդը իր ներդրումը կանի քաղաքի ձևավորման գործում ` առաջարկելով նոր ճարտարապետական լուծումներ ու ոճեր»,- ասում է Մութաֆյանը:
Իսկ Ալեքսանդր Թամանյանի ժառանգներից մեկը կոչ է անում նորովի վերագնահատել ճանաչված ճարտարապետի նվաճումները Երևանում:
Ճարտարապետ Հայկ Թամանյանը հորդորում է լուսանկարիչներին լուսանկարներ ներկայացնել «Թամանյանի ժառանգությունը» ցուցահանդեսի համար: (Աշխատանքների ընտրությունը պետք է ավարտվի հոկտեմբերին:)
Թամանյանի ծոռը, որը նաև Թամանյանի թանգարանի տնօրենն է, մտահոգված է, որ կառուցապատման այս ծրագրերում Երևանը կորցնում է իր դեմքը` վերածվելով քաոսային ու անկազմակերպ մի կոնգլոմերատի:
«Թամանյանը ոչ միայն նախագծել էր քաղաքը, այլև ստեղծել ճարտարապետական անսամբլ, որտեղ յուրաքանչյուր շենք ու փողոց նախագծված էր որոշակի նպատակով: Նրա նպատակն էր նախագծել ոչ արդյունաբերական քաղաք` բարձր մշակույթով ու փոքր բնակչությամբ»,- ասում է նա:
«Ոմանք ասում են, թե Թամանյանի ճարտարապետական դպրոցը հնացել է: Բայց նրանք մերժում են` առանց դրա փոխարեն ուրիշ բան առաջարկելու: Այս ցուցահանդեսը կոչ է` ուղղված նրանց, ովքեր ի զորու են կանխելու քաղաքի հետագա դիմազրկումը: Մենք դեռ կարող ենք փոխզիջման տարբերակ գտնել»:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.