Չեռնոբիլի ստվերում. ծերացող ատոմակայանի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանավեճը փակուղումԵվրամիությունն առաջարկել է 100 միլիոն եվրո (մոտ 120 միլիոն դոլար) Մեծամորի ատոմակայանը փակելու համար` մտահոգված այն հանգամանքով, որ խորհրդային նախագծով կառուցված կայանը չունի բետոնե պաշտպանիչ շերտ, որը հնարավոր վթարների դեպքում կխոչընդոտի արտանետումների հոսքը մթնոլորտ: Ուկրաինայում գտնվող Չեռնոբիլի ատոմակայանը նույնպես չուներ բավարար պաշտպանություն, որպեսզի կանխեր 1986 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առաջացած ռադիոակտիվ արտահոսքը: Բնապահպաններին նաև մտահոգում է այն, որ Երևանի կենտրոնից ընդամենը 28 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը խոցելի է երկրաշարժերի նկատմամբ, և որ օգտագործված ռադիոակտիվ վառելիքի պահեստավորումը կարող է ստեղծել պրոբլեմներ, որոնց լուծման համար սերունդներ կպահանջվեն: Սակայն հայ պաշտոնատար անձինք պնդում են, որ ատոմակայանը բավարարում է անվտանգության միջազգային պահանջները, և որ 1990-ականներին միջոցներ են ձեռնարկվել ատոմակայանը երկրաշարժերից պաշտպանելու համար: Նրանք զգուշացնում են, որ Մեծամորի ժամկետից շուտ փակումը կարող է նշանակել վերադարձ դեպի մութ ու ցուրտ օրերը, երբ 1980-ականների վերջին խորհրդային իշխանությունները փակեցին կայանը: ՀԱԷԿ-ի աշխատանքները դադարեցնելուց դեռ 10 տարի առաջ Ազգային ժողովն արդեն քննարկում է օրենսդրություն, որը կբացի երկիրն օտարերկրյա ներդրողների առաջ` Մեծամորի փոխարեն նոր ատոմակայան կառուցելու նպատակով: Այդ գործընթացը կարող է տևել մեկ տասնամյակ: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի կարծիքով` Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի նոր ատոմակայան կառուցելու առանց արտաքին ներդրումների: Սակայն նա ասում է, որ Մեծամորը կոնսերվացնելու համար Եվրամիության առաջարկած գումարը կաթիլ է երկրին անհրաժեշտ միջոցների համեմատությամբ: Մովսիսյանի հավաստմամբ`Եվրամիության «100 միլիոնը խնդիրը չի լուծում: Նախ` Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար անհրաժեշտ է 300-400 մլն դոլար, իսկ նորի կառուցման համար` մինչև 1 միլիարդ դոլար»: Նախարարն ասում է, որ Ազգային ժողովը պետք է վերացնի միջուկային էներգիայի ոլորտում պետության մենաշնորհը և հնարավորություն ընձեռի այլ երկրներին ներդրումներ անել նոր սերնդի միջուկային կայանի կառուցման գործում: «Ատոմակայանը կարող է ունենալ նաև ոչ պետական մենաշնորհ. սա աշխարհում ընդունված ձև է»,- ասում է նա: 2001 թվականին Եվրամիությունը Մեծամորի կայանը կոնսերվացնելու համար առաջարկել է ֆինանսական օգնություն` նախկին խորհրդային հանրապետություններում չեռնոբիլյան տիպի ռեակտորներով աշխատող ատոմակայանները գործարկումը դադարեցնելուն ուղղված ծրագրի շրջանակներում: 1969 թվականին երկու ռեակտորով գործարկված Մեծամորի ատոմակայանն այսօր աշխատում է մեկ ռեակտորով, որը տալիս է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը` 40 տոկոսը: Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը չարձագանքեց ատոմակայանի վերաբերյալ հարցազրույց տալու «ԱրմենիաՆաուի» խնդրանքին: «Արև նյուքլիըր» ՓԲԸ տնօրեն, ֆիզիկայի դոկտոր Զավեն Կիրակոսյանն ասում է, որ Եվրամիությունը նպաստել է նման ռեակտորների փակմանը Արևելյան Գերմանիայում: Կանգնեցվել են նաև հաջորդ տարի Եվրամիություն մտնող Բուլղարիայի վեց ռեակտորներից երկուսը: Սեյսմիկ անվտանգություն Արարատյան դաշտավայրը` զույգ Արարատներով, Հայաստանի խորհրդանիշն է: Այն լավ տեսանելի է Երևանի բարձրադիր վայրերից: Բիբլիական լեռան ստորոտին փռված ընդարձակ դաշտավայրում են գտնվում նաև ատոմակայանի հովացման չորս աշտարակները և կայանի աշխատողների համար կառուցված քաղաքը: Վլադիմիր Սոկոլյանը, որը 1987-ին եղել է Խորհրդային Հայաստանի քաղպաշտպանության ծառայության պետի տեղակալը, ասում է, որ այն տարիներին մարդիկ չէին անհանգստանում, որ երկրում ատոմակայան է կառուցվում: Մեծամորը վերածվել էր վիթխարի շինհրապարակի, որտեղ եկել էին աշխատելու ԽՍՀՄ տարբեր անկյուններից: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը`1980-ին: Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը 30 տարի էր: Բայց այն տարիների շատ ականատեսներ ասում են, որ ատոմակայանի ընտրության ու տեղի հարցը հուզմունքի մեծ ալիք էր բարձրացրել բնակչության շրջանում: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ ատոմակայանի նախագծի հաստատումը դեռևս 1969 թվականի մարտի 3-ին հանրապետության 24 հայտնի գիտնականների ստիպեց դիմում հղել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, որում հարցականի տակ էր դրվում ընտրված տեղանքի նպատակահարմարությունը` Արարատյան դաշտավայրում հնարավոր աղետալի երկրաշարժի տեսանկյունից: ՀՀ Պետատոմհսկողության տեսչության պետի տեղակալ Աշոտ Մնացականյանը հավաստիացնում է, որ ՀԱԷԿ-ը ամրացվել է` հաշվի առնելով սեյսմիկ վտանգը: Տեսչության պաշտոնյաները նաև վստահեցնում են, որ կայանում օգտագործված միջուկային վառելիքը վտանգ չի ներկայացնում: Օգտագործված միջուկային վառելիքը կարող է պահպանել ռադիոակտիվությունը երկար տարիների ընթացքում, իսկ միջուկային գերեզմանոցների ապահովությունը դեռ 1960-70-ականներին` միջուկային էներգետիկայի ծաղկման տարիներին, բանավեճեր էր առաջ բերել այլ երկրներում: Մեծամորի ռադիոակտիվ թափոնները վերամշակվում և պահեստավորվում են կայանի տարածքում գտնվող հատուկ ժամանակավոր պահոցներում: Հետո դրանք հատուկ տարաներով տեղափոխվում են Ռուսաստան: Ատոմակայանի կողմնակիցները նշում են, որ Մեծամորը չվնասվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, որն ավերածություններ առաջ բերեց Շիրակի մարզում` խլելով մոտ 25 հազար մարդու կյանք: «Սպիտակի երկրաշարժը ատոմակայանում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ, որը բացարձակապես չի խանգարել նրա աշխատանքին,- ասում է Երևանում գտնվող «Ատոմէներգասեյսմնախագիծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ֆրիդրիխ Առաքելյանը: -Ինժեներաերկրաբանական պայմաններն այնպիսին են, որ բնականից ատոմակայանի հիմքը կազմված է ապարներից, որոնք նրա տակ դեմպֆերի` տատանումների մարիչի դեր են կատարում, այսինքն` ավելի շատ ցնցումները մարելու հատկություն ունեն, քան ուժեղացնելու: Այդ պատճառով էլ ասում եմ, որ ՀԱԷԿ-ը աշխարհում լավագույն շինհրապարակում է գտնվում»: Այնուամենայնիվ, երկրաշարժը և վախը երկրորդ Չեռնոբիլի նկատմամբ ստիպեցին խորհրդային իշխանություններին 1989 թվականին փակելու ատոմակայանը: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն ասում է, որ այն փաստը, որ խորհրդային իշխանությունները փակեցին ատոմակայանը Չեռնոբիլից ու 1988 թ. երկրաշարժից հետո, վկայում է, որ վտանգ կար: «Ատոմակայանը փակվեց, երբ բոլորը հասկացան դրա վտանգի չափերը, հատկապես` Չեռնոբիլից հետո,- ասում է Սադոյանը: - Հիմա ասում են` սեյսմիկ վտանգ չկա: Բա որ չկար, ինչո՞ւ փակեցին»: Պատասխանը, ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Արթուր Մանուկյանի, հետևյալն է. «Վերագործարկելուց առաջ տարածքի բազմակողմանի ուսումնասիրություն կատարվեց ոչ միայն մեր, այլև միջազգային կազմակերպությունների կողմից, ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ, որը վերագործարկման թույլտվություն չտվեց, մինչև չհամոզվեց, որ սեյսմիկ տեսանկյունից անցանկալի հետևանքներ չեն լինի»: Մանուկյանը նաև ասում է, որ այս տարվա սկզբին ՄԱԳԱՏԵ-ի պատվերով ներկայացված վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ ատոմակայանը սեյսմիկ առումով անվտանգ է: Առաքելյանը բացատրում է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է նպաստավոր երկրաբանական պայմաններում, ինչը, որպես կանոն, բացակայում է մյուս ատոմակայաններում: Նրա հավաստմամբ` կայանը կառուցված է հազարավոր տարիներ առաջ հրաբխային ապարներից առաջացած հիմքի վրա, որը նշանակում է, որ Արարատյան դաշտավայրում երկրի մակերևույթի արտաքին շերտերն ավելի ամուր են, քան դրանք սովորաբար լինում են: Այդուհանդերձ, այդ փաստարկները չեն փարատում Եվրամիության մտահոգությունը: Նրա` այլընտրանքային էներգիայի 100 միլիոն եվրո օգնության առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն միայն այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարի ատոմակայանի փակման ստույգ ժամկետը: Ֆիզիկոս Կիրակոսյանը բացատրում է, որ Եվրամիության մտահոգության պատճառը առաջին սերնդի ռեակտորներն են և որ «անվտանգության աստիճանի բարձրացումը զուտ արտաքին միջոցառումներ են և կապ չունեն ռեակտորի հետ»: Նրա հավաստմամբ` Եվրամիությունը կշարունակի պնդել, «քանի որ չկա երկրորդ վահանապատում»: Հարցեր ապագայի համար
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասարյանն ասում է, որ եթե Եվրամիությունը տրամադրում է այդպիսի գումար, նշանակում է բացարձակ շահագրգռություն է ստեղծում, որ ատոմակայանը փակվի: «Բայց նրանք չեն տալիս հիմնավորումներ, թե ինչո՞ւ, միակ պատճառը համարում են այն, որ հին է: Իսկ ինչպե՞ս է, որ նույն Եվրամիությունը թույլ է տալիս կառուցել նորը, սա պարադոքս է: Իսկ այս պահին փակել ատոմակայանը` նշանակում է զրկվել էլեկտրաէներգիայից ու դարձյալ հայտնվել խավարում»,- ասում է նա: ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան մասնավոր հատվածին ներդրումներ անելու ատոմային էներգետիկայի ոլորտում: ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բացատրում է մասնավոր ԱԷԿ-ի առավելությունները Հայաստանի համար: Ըստ նրա` եթե նախկինում Եվրամիությունը կտրականապես պահանջում էր փակել ՀԱԷԿ-ը, այսօր ավելի մեղմ է` թույլ տալով բացել նոր ատոմակայան, որը «կունենա տարածաշրջանային նշանակություն»: Մինչև 2016 թվականը դեռ 10 տարի կա, սակայն օրենսդիրները կարծում են, որ փոփոխություններն օրենքում ուշացել են: Նոր ատոմակայանի շինարարությունը կտևի առնվազն ութ տարի: «Օրենքի նախագիծը պետք է ստեղծի այն օրենսդրական դաշտը, որը հնարավորություն կտա ատոմային էներգետիկայի բնագավառում զգալի փորձ ունեցող երկրներին ներդրումներ անել նաև մեր երկրում: Ատոմակայանը կարող է ունենալ նաև ոչ պետական մենաշնորհ, սա աշխարհում տարածված ձև է»,- ասում է էներգետիկայի նախարար Մովսիսյանը: Սակայն տնտեսագետ Մանասարյանը դեմ է միջուկային էներգետիկայում պետության մենաշնորհը վերացնելուն: Նա կարծում է, որ դա լուրջ վտանգ է, հատկապես` Հայաստանի հարևանների համար: «Նրանք մտահոգություն ունեն` բա որ պայթի՞: Հարկավոր է պահպանել պատասխանատվության մենաշնորհը: Հակառակ դեպքում խոցելի ենք դառնում նման քննադատության համար: Միջուկային էներգետիկան միջուկային զենքից ընդամենը մեկ քայլ է բաժանում»,- ասում է նա: Իսկ Սադոյանը կարծում է, որ Հայաստանի նման փոքր երկրում ատոմակայանի վթարները կարող են բերել ողջ երկրի ոչնչացմանը: «Պետության վերահսկողությունը պետք է լինի: Նոր կառուցվող կայանի վերահսկիչ փաթեթը պետք է լինի պետության ձեռքին, և նրան պետք է պատկանի ղեկավարման մենաշնորհը»,- ասում է նա: Բնապահպանների կարծիքով, ինչպիսին է Կանաչների միության նախագահ Սանասարյանը, միջուկային էներգետիկայի մասին հարցերը անգամ չպետք է քննարկման նյութ դառնան: «Աշխարհում անվտանգ աշխատող ատոմակայան չկա»,- ասում է նա:
Other Articles in Ecology
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.