Գանգատներ առողջությունից. Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին աշխատանք է պետք, թեկուզ` վտանգավոր«Ամուսինս խեղդվում է, շատ դժվար է շնչում, օդը չի հերիքում: Մինչև 4 հարկ բարձրանում է` շնչահեղձ է լինում,- ասում է կինը` Մագդա Գրիգորյանը: -Այդ ամենը ազդել է նրա վահանագեղձի վրա: Կոկորդը վառվում է»: 48-ամյա Գրիգորյանը մեկն է Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի այն երեք աշխատողներից, որոնք 1986 թվականի միջադեպի ժամանակ ռադիոակտիվ մետաղի փոշի են ներշնչել: Այն ժամանակ նրա հետ էին նաև գործընկերները` Արամայիս Գասպարյանը և Սուրիկ Շիրվանյանը: «Հղկում էինք խողովակները, որոնցով անցնում է ուրանի հովացման ջուրը: Խողովակները պետք է դեզակտիվացված լինեին [բայց դեզակտիվացված չէին]: Գործն անելիս, փաստորեն, շնչելով մեր թոքեր է մտել կոբալտ, որը ծանր մետաղ է»,- բացատրում է Սերգեյը: Դեպքից 6 տարի անց Մոսկվայի վեցերորդ մասնագիտացված կլինիկական հիվանդանոցի կողմից տրվում է նրանց հիվանդության ախտորոշումը. «Կոբալտ 60-ի կրող, ռադիոակտիվ տարրերի ազդեցության տակ…»: Ընկերներից մեկը` Սուրիկ Շիրվանյանը, մահանում է դեպքից 9 տարի անց` 34 տարեկանում: 1992 թվականից Գրիգորյանն ու Գասպարյանը երրորդ կարգի հաշմանդամ են: Սակայն շարունակում են աշխատել ատոմակայանում: Դա ընտրություն չէ, անհրաժեշտություն է: Այսօր էլ, շատերի նման, նրանք շարունակում են բնակվել Մեծամորում ու աշխատել քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող ՀԱԷԿ-ում: Մեծամորցիները սարսափով են մտածում, որ ՀԱԷԿ-ը կարող է փակվել: Որքան էլ գանգատվեն առողջական խնդիրներից, ռադիոակտիվ ճառագայթումից, միևնույն է, ՀԱԷԿ-ը մնում է նրանց միակ աշխատատեղը: «Անգիր գիտենք, որ մեր մոտի թութն ու ելակը չի կարելի ուտել, դրանք ավելի շատ են ճառագայթվում: Բայց, ախր, ի՞նչ անենք, ո՞ւր գնանք»,- ասում է Մագդան: Տարիներ շարունակ Գրիգորյանին ու Գասպարյանին տարին երկու անգամ ուղարկել են Մոսկվա` մասնագիտացված բուժում ստանալու: Բայց հիմա չեն ուղարկում: Ասել են, որ բուժման համար այլևս միջոցներ չկան: Հիմա նրանց ուղարկում են Երևանի ճառագայթային հիվանդությունների և այրվածքների գիտական կենտրոն, բայց, ինչպես նրանք են ասում, այնտեղ բուժումն այնքան արդյունավետ չէ, որքան Մոսկվայում: «Խեղդվում ենք, օդը չի բավականացնում»,- ասում է Գասպարյանը: Պետության սեփականություն հանդիսացող ատոմակայանի ներկայացուցիչները չարձագանքեցին երկու աշխատողների բուժման մասին մեկնաբանություն տալու խնդրանքին: Սակայն միջադեպից 20 տարի անց միջուկային անվտանգությունն ապահովող պետական գերատեսչությունը` ՀՀ պետատոմհսկողության տեսչությունը, պնդում է, թե Մեծամորի ատոմակայանն ապահով է աշխատելու համար և բավարարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները: Պետատոմհսկողության տեսչության պետի տեղակալ Աշոտ Մնացականյանը և ճառագայթային անվտանգության գծով գլխավոր մասնագետ Աիդա Ավետիսյանը ցույց են տալիս հաշվետվություններ, որտեղ ներկայացված են ատոմակայանի աշխատակիցների ստացած անհատական բեռերը (դոզաները): Ճառագայթման առավելագույն թույլատրելի դոզան տարեկան 5 բեռ է: Գրիգորյանը, Գասպարյանը և Շիրվանյանը 1986 թ. միջադեպի ժամանակ ստացել են 1000 բեռ: Մնացականյանն ասում է, որ բոլոր աշխատողները պարբերաբար ստուգման են ենթարկվում: «Երկու բեռը գերազանցող չկա,- ասում է Ավետիսյանը: - Հետազոտում ենք, երբ [միջուկային] վառելիք են փոխադրում կամ ստանում: Նման աշխատանքներ կատարելիս նրանք ստանում են թույլտվություն, որտեղ գրվում է, թե քանի բեռ կարող են ստանալ»: Պետատոմհսկողության տեսչության մասնագետները նաև վստահեցնում են, որ ատոմակայանը ոչ մի վտանգ չի ներկայացնում մերձակա Մեծամոր քաղաքում կամ Հայաստանի այլ վայրերում ապրողների համար: Բնակչությունն ապրում է շատ ավելի հեռու, քան անմիջական ճառագայթումը կարող է ազդել նրանց վրա, ուղիղ գծով 5-6 կմ: Իսկ ուղիղ ազդեցության ճառագայթում չկա»,- ասում է Ավետիսյանը: Պետական վիճակագրությունը նույնպես Հայաստանի մյուս շրջաններում ճառագայթման թույլատրելի նորման գերազանցող մակարդակ չի արձանագրում: Սակայն Մագդա Գրիգորյանը, որի ամուսինը տարիներ շարունակ տառապում է աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի պատճառով, վստահ չէ, որ ատոմակայանի շրջակայքում կյանքն ապահով է: «Մեզ մոտ շատացել են հիվանդությունները, հատկապես կրծքագեղձի քաղցկեղը` կանանց և թոքերի ու շագանակագեղձի քաղցկեղը` տղամարդկանց շրջանում,- ասում է նա: - Չգիտենք` ատոմակայանի՞ց է, թե՞ չէ»: Բժիշկ-ճառագայթաբան, թունաբան Լև Պետրովիչ Արտիշչևն ասում է, որ ճառագայթման մեծ դոզայի ժամանակ մարդը մեծ քանակությամբ էներգիա է ընդունում, որի արդյունքում փոխվում են օրգանիզմի կենսաքիմիական պրոցեսները: «Գլխացավ, արցունքահոսություն, հազ, ցավ կոկորդում, իսկ հետո սկսվում են փոփոխություններ հյուսվածքներում: Սկսվում է բարդ քիմիական պրոցես, որը մասնագետները կոչում են ճառագայթային հիվանդություն»,- ասում է նա: Պետատոմհսկողության մասնագետները վստահեցնում են, որ ատոմակայանի արտանետումներն ու արտահոսքերը բնակչության համար վտանգ չեն ներկայացնում: «Սրանք հեղուկ արտահոսքեր են կոյուղու միջով և դրանց ռադիոնուկլիդային բաղադրությունը: Այս թվերից երևում է, որ ատոմակայանը չի կարող ազդել մարդկանց վրա: Բնակչությունն ապրում է շատ ավելի հեռու, քան անմիջական ճառագայթումը կարող է ազդել նրանց վրա` ուղիղ գծով 5-6 կմ: Իսկ ուղիղ ազդեցության ճառագայթում չկա»,- ասում է Ավետիսյանը: Սակայն բնապահպաններին մտահոգում են նաև Մեծամորի ատոմակայանի պոտենցիալ պրոբլեմները, հատկապես` միջուկային թափոնների պահեստավորման հարցը: ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները վերամշակվում ու պահվում են հատուկ պահեստարաններում: ՀԱԷԿ-ի նախագծով թափոնների թաղում նախատեսված չէ: Բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնների պահեստարանը ռեակտորի սրահում է: Միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնները պահվում են ռեակտորային արտադրամասի հատուկ բաքերում: Խտացվելուց հետո դրանք պահեստավորվում են հատուկ մասնաշենքում: Ցածր ակտիվության պինդ թափոնները հավաքվում և տեղափոխվում են ՀԱԷԿ-ի հարթակի վրա գտնվող մերձմակերեսային պահեստարան: Ատոմակայանի գործարկումից հետո պինդ թափոնները տեղափոխվել են Ռուսաստան: Եթե առաջիկայում Ռւսաստանը հրաժարվի այդ թափոններն ընդունելուց, ապա Հայաստանի առջև կծառանա մի նոր պրոբլեմ` ի՞նչ անել միջուկային վառելիքի թափոնները: «Հայատոմի» տնօրեն Վահրամ Պետրոսյանն ասում է, որ արդեն սկսվել են նոր պահեստարանի շինարարական աշխատանքները, որը պատրաստ կլինի 2007 թ. վերջին և 50 տարի ապահով պահեստ կդառնա թափոնների համար: «Իսկ 50 տարի հետո կապրենք` կտեսենք: Կամ կունենանք նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան այդ ամենը նորից օգտագործել, կամ ընդհակառակը, այրված վառելիքից ստանալ նոր վառելիք: Մի խոսքով` կորոշենք 50 տարի հետո, եկեք այսօր դրա մասին չխոսենք»,- ասում է նա: Իսկ առայժմ Մեծամորում նոր ատոմակայանի կառուցման խոսակցությունները (տես` «Չեռնոբիլի ստվերում» հոդվածը) չեն վախեցնում քաղաքի 10000 բնակիչներին: Սակայն մեծամորցիները դժգոհում են, որ իրենց որպես փոխհատուցում էլեկտրաէներգիայի զեղչ չի տրամադրվում, ինչպես խորհրդային տարիներին: «Աշխատեմ ատոմակայանում, ստանամ 1000 բեռ ու լույսի համար 100 տոկոսով մուծե՞մ: Լույսի համար առողջությունս քայքայեմ ու դեռ մուծե՞մ, ինչի՞ համար,- ասում է հաշմանդամ դարձած Արամայիս Գասպարյանը: - Այ է’դ ա ցավը, տուժեմ, ու տիրություն չանեն` է’դ ա ցավը: Քայքայել են առողջությունս, թոքերիցս բան չի մնացել: Տրանսպորտ էլ չեն հատկացնում, որ մինչև կայան հասնենք, հասկանո՞ւմ եք»:
Other Articles in Ecology
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.