Մռայլ կանխատեսում. շնչառական հիվանդությունների ավելացման պատճառն օդի որակն էԱռողջապահության և բնապահպանության ոլորտների մասնագետները պնդում են, որ անտառահատումների և օդի վատացող որակի պատճառով վերջին տասնամյակում ասթմայի և այլ շնչառական հիվանդությունների հիվանդացությունը Հայաստանում կրկնակի աճել է: Վիճակը հատկապես մտահոգիչ է երեխաների շրջանում: «Եթե մի քանի տարի առաջ ասթմայով հիվանդ փոքր երեխաները 5-6 տարեկան էին, ապա վերջին տարիներին ասթմա հայտնաբերում ենք նույնիսկ 1-2 տարեկանների մոտ,- ասում է ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: - Սա մարդու օրգանիզմի ռեակցիան է շրջակա միջավայրին: Օրգանիզմը չի հասցնում պայքարել ու հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին»: Առողջապահության նախարարության տվյալներով` շնչառական հիվանդություններով տառապող հիվանդների ընդհանուր թիվն աճել է 45 տոկոսով` 2001 թ. 5108-ից (100 հազար մարդու հաշվարկով) 2004-ին հասնելով 7500-ի: Շրջակա միջավայրը սկսեց արագ փոփոխվել 1990-ականներից, երբ սկզբում էներգետիկական ճգնաժամի պատճառով սկսվեցին համատարած ծառահատումները` հանգեցնելով անտառային ամբողջ զանգվածների ոչնչացման (ինչպես Հին Նորքի անտառները Երևանում), իսկ հետագայում, արդեն ճգնաժամից հետո, ծառահատումները շարունակվեցին ավելի մեծ թափով` հարստացնելով անհատներին: Այսօր Երևանի կենտրոնը սրճարանների շղթայի փոխակերպելու ընթացքում ոչնչացվում են մայրաքաղաքի զբոսայգիներն ու կենսական նշանակություն ունեցող կանաչ տարածքները: Առողջապահության և բնապահպանության մասնագետները հայտարարում են, որ սա կրկնակի հարված է ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ հասարակության առողջությանը: Անտառահատումները հանգեցնում են հողի էրոզիայի և մթնոլորտում փոշու ավելացման, իսկ քաղաքային կանաչ տարածքների կրճատումը նաև նշանակում է, որ նվազում է ծառերի թիվը, որոնք ֆիլտրում են ավտոմեքենաների և արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները: Բնապահպանության նախարարության և անտառների վերականգնումով զբաղվող հասարակական կազմակերպությունների վիճակագրությամբ` հանրապետության կանաչ հովանոցն արագ կրճատվում է: «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ տվյալներով` միայն Երևանում կանաչապատման աստիճանը 1986 թ. մոտ 32 տոկոսից 2005-ին նվազել է մինչև 7,6 տոկոս: Բնապահպանության նախարարության վիճակագրությամբ` անտառածածկ է Երևանի տարածքի ընդամենը 2 %-ը: Գլոբալ բանավեճ «Երևանը մոտեցել է էկոլոգիական աղետի,- ասում է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: - Երևանի կենտրոնն արդեն էկոլոգիական աղետի գոտի է»: Բնապահպանի հավաստմամբ` իր այս պնդմանը համամիտ են շարքային քաղաքացիները: Դանիելյանի ղեկավարած «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ը հարցում է անցկացրել 300 երևանցիների շրջանում: Պարզվել է, որ հարցվածների 90 տոկոսը մայրաքաղաքի էկոլոգիական մեծագույն պրոբլեմ է համարում կանաչ գոտիների վերացումը, օդի ու ջրի աղտոտվածությունը: Նրանց մեծ մասի կարծիքով` այդ ամենի պատճառը քաղաքաշինական սխալ քաղաքականությունն է: «Առաջ Երևանը կառուցապատելիս հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ չխանգարեն քամիների հոսքին: Այսօր քաղաքային իշխանություններն իրենց առջև նման խնդիր չեն դնում»,- ասում է Դանիելյանը: Դանիելյանն ասում է, որ անտառներից զրկվող հանրապետությունում ստեղծվում է «կիսաանապատային կլիմա»: «Վերջին տարիներին Երևանն անընդհատ կորցնում է այն հատկությունները, որոնք անհրաժեշտ պայմաններ են ապահովել մարդկանց կենսագործունեության համար,-ասում է Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը: - Կանաչապատ տարածքների նվազումը, իր հերթին, ազդում է օդի որակի վրա»: Կանաչ տարածքներն աստիճանաբար ոչնչացվում են հատկապես քաղաքի կենտրոնում` զիջելով իրենց տեղը նորաոճ սրճարաններին ու զվարճանքի վայրերին, որոնց տերերը բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց մերձավորներն են (տես`«Սրճարանային մշակույթ» հոդվածը): «Վերջին տարիներին անհամեմատ ավելացել է մաշկային լուրջ խնդիրներով ինձ դիմող երիտասարդների թիվը,- ասում է 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող կոսմետոլոգ, բժիշկ Իզա Հարությունյանը: - Հավատացած եմ` դիմողների մի մեծ մասի խնդիրներն անմիջականորեն կապված են աղտոտված օդի հետ»: Կոսմետոլոգի դիտարկումները հաստատում է թոքաբան Ոսկանյանը: Նրանք երկուսն էլ վկայակոչում են Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի տվյալները, որի հետազոտություններից պարզվել է, որ Երևանի տարածքում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է թույլատրելի մակարդակը. կապարը` 6,4, արծաթը` 4,4, ցինկը` 3,7, քրոմը`3,2, պղինձը` 2,1, նիկելը`1,8, կոբալտն ու մոլիբդենը` 1,4 անգամ: Ըստ փորձագետների` դա չափազանց վտանգավոր ցուցանիշ է: Սակայն եթե կլիմայի փոփոխության և օդի որակի վատացման բանավեճը գլոբալ բնույթ է կրում, ապա անտառահատումներին, հայաստանցի բնապահպանների հավաստմամբ, գումարվում են նաև շարունակ ավելացող ավտոմեքենաները: 2000 թվականին Երևանում մոտ 227000 գրանցված ավտոմեքենա կար: 2005-ին դրանց թիվն աճել է 32 տոկոսով` հասնելով մոտ 300 հազարի: Եվ դա այն ժամանակ, երբ կտրուկ կրճատվել են մայրաքաղաքի կանաչ տարածքները: Այս երկու գործոնները պատասխանատու են Երևանի աղտոտման 97 տոկոսի համար:
Անցյալ տարի ուժի մեջ մտած նոր կանոններով` ավտոմեքենաների արտանետումների ստուգման լիազորությունը հանձնվել է բնապահպանության նախարարությանը: Ստեղծվել են հատուկ կետեր, որտեղ յուրաքանչյուր մեքենա տարվա մեջ մեկ անգամ պետք է ենթարկվի ստուգման` պարզելու, թե արտանետվող գազը որքանով է համապատասխանում թույլատրելի նորմերին (ծառայության արժեքը 1200 դրամ է): Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հավաստմամբ` ստուգման նոր կանոնակարգը թույլ կտա կրճատելու օդի աղտոտումը: Այն ավտոմեքենաները, որոնք չեն անցնի արտանետման ստուգում, չեն ստանա դիմապակուն փակցվող վկայական, առանց որի փոխադրամիջոցի վարորդը կտուգանվի: «Տապան էկո ակումբ» բնապահպանական ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանն ասում է, որ ավտոմեքենաների արտանետումներն օդային ավազան այդքան զգալի չէին լինի, եթե Երևանի կանաչ տարածքները վերացված չլինեին: «Պետք չէ բարդել ամբողջ մեղքը ավտոմեքենաների արտանետումների վրա: Եթե կանաչ տարածքները վերացված չլինեին, ապա այսօր Երևանում նման ճգնաժամ չէր լինի: Եթե ծառերը լինեին, ապա օդային ավազանը ինքնաֆիլտրում կանցներ, և այդ արտանետումները կչեզոքացվեին»,- ասում է Սարգսյանը: Աղտոտիչների կոկտեյլ Բնապահպանները պնդում են, որ արտանետումների վերահսկումը միայն մասնակի լուծում է: Նրանք ասում են, որ ապօրինի անտառահատումները և անտառանյութի արտահանումը Իրան, եվրոպական և այլ երկրներ իրենց ծավալով նկատելիորեն գերազանցում են անտառների վերականգնման միջոցառումները: Օդի որակի վատացման և առողջական խնդիրների ավելացման մեջ նրանք մեղադրում են աղտոտիչներին, որոնք Հայաստանի հարավային մասում և արդյունաբերական Ալավերդիում գործող հանքարդյունաբերական և մետաղաձուլական արտադրությունների արդյունք են: Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` փոշու մակարդակը գերազանցում է կառավարության սահմանած թույլատրելի նորմերը Ալավերդիում, Արարատում, Գյումրիում, Վանաձորում և Երևանում: Որոշ արդյունաբերական քաղաքներում աղտոտիչները, ինչպես թթվային անձրևների բաղադրիչ ծծմբի երկօքսիդ թունավոր գազը, նույնպես գերազանցում են թույլատրելի նորմերը և վտանգավոր են առողջության համար: Թթվային անձրևները, որոնք առաջանում են տեղումների ու ծծմբի երկօքսիդի և այլ թունավոր նյութերի խառնուրդից, կարող են տեղափոխվել մեծ տարածքներ` վնասելով կամ ոչնչացնելով ջրային ավազանն ու ամբողջ էկոհամակարգը: Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող հարթավայրային Արարատ քաղաքի բնակիչները բողոքում են տեղի ցեմենտի գործարանի ու ոսկու ֆաբրիկայի փոշուց: «Որ քամի ա անում, քաղաքը կորում ա թոզ ու դումանի մեջ,- ասում է 70-ամյա արարատցի Հակոբ պապը: - Էդ փոշին ծածկում ա մեզ ոտից գլուխ»: Բնակիչները նաև հայտնել են «ԱրմենիաՆաուին», որ ոսկու ֆաբրիկայի թափոնները աղտոտել են ոռոգման ջրատարները, ոչնչացրել խաղողի ու մրգատու ծառերի այգիներն ու տնամերձները: Որոշ բնակիչներ վնասի փոխհատուցման հայց են ներկայացրել` պնդելով, որ իրենց կրած վնասի պատճառն այդ թունավոր թափոններն են: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի տվյալները ցույց են տալիս, որ արտանետումների մեջ կան այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են ցիանաջրածինը, ծծմբի և ածխածնի մոնօքսիդը, հանքաքարի փոշին ու քլորի գոլոշիները: Ֆաբրիկայի էկոլոգ Անուշ Գևորգյանը հավաստում է, որ մթնոլորտ արտանետումները չեն գերազանցում ՀՀ կառավարության սահմանած թույլատրելի նորմերը: Բնապահպանական փակուղի Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանն ասում է, որ քաղաքը, որի անմիջական հարևանությամբ վեր են խոյանում Արարատները, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ: Քաղաքը բնապահպանական ծրագիր է ներկայացրել և 32 հազար դոլար դրամաշնորհ է ստացել ՏԲԿ-Կովկաս կենտրոնից: Սակայն Արարատի և հանրապետության արդյունաբերական այլ քաղաքների համար շրջակա միջավայրի աղտոտումը կարող է դառնալ վճար տնտեսական գոյատևման համար: «Հայրս, որ կյանքի մեծ մասն աշխատել էր ցեմենտի գործարանում, ասում էր, թե լուսաբացն իմաստավորվում է, երբ տանս պատշգամբից տեսնում եմ ցեմենտի գործարանի ծուխը,- ասում է քաղաքապետ Թովմասյանը: - Այդ մտածելակերպն ինձ էլ է փոխանցվել. ցեմենտի գործարանի ծուխն ինձ համար խորհրդանշական է. նշանակում է` քաղաքն ապրում է, մարդիկ աշխատանք ունեն»:
Other Articles in Ecology
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.