Անվերահսկելիություն. առողջապաhության փորձագետն անհանգստացած է Հայաստանում կեղծված դեղամիջոցների ծավալից

Անվերահսկելիություն. առողջապաhության փորձագետն անհանգստացած է Հայաստանում կեղծված դեղամիջոցների ծավալից

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Ըստ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանի`Հայաստան ներմուծվող 3700 տեսակի դեղամիջոցներից մոտ 10-12 տոկոսը կեղծվում է:

Չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Գաբրիելյանն ասել է, որ դեղորայքի շուկան Հայաստանում դեռ լրջորեն չի վերահսկվում, քանի որ չի իրականացվում պարբերական մշտադիտարկում:

«Մեր կենտրոնը վերահսկում և ստուգում է միայն օրինական ճանապարհով ներկրված դեղերը մաքսատանը, սակայն վերահսկողությունից դուրս են զարտուղի ճանապարհով ներկրված դեղերը, որոնք պետք է պարբերական մոնիթորինգի միջոցով դեղատներում ստուգվեն, ինչի լիազորությունը մենք դեռ չունենք»,- ասում է դեղագետ, պրոֆեսոր Գաբրիելյանը:

Մինչդեռ, ըստ Գաբրիելյանի, միայն դեղատներում մշտադիտարկման միջոցով է հնարավոր մաքրել շուկան, որտեղ հաճախ են հայտնվում ոչ միայն կեղծված, այլ նաև ժամկետները փոփոխված դեղեր:

Օրինակ` երկու շաբաթ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ հայտնաբերել է մի խումբ մարդկանց, որոնք իրենց ծանոթների միջոցով դեղատներից ձեռք են բերել զգալի քանակությամբ ժամկետանց դեղեր և հատուկ գործիքներ` փոխելով դրանց պիտանիության ժամկետը:

«Այս խնդիրը հնարավոր կլինի լուծել նոր օրենք ընդունելու դեպքում, այս պահին քննարկվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների օրինագիծը, և եթե ընդունվի այն տեսքով, որն այսօր կա, մենք կունենանք վերահսկողության առավել լայն լիազորություններ»,- ասում է Գաբրիելյանը:
Հայաստան օրինական ներմուծվող դեղերի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 70 մլն դոլար, դեղերի խմբաքանակի մեջ հայկական արտադրության դեղերը կազմում են միայն 5-7 տոկոս:

Հիմնականում կեղծվում են հակաբիոտիկները, Գաբրիելյանի ղեկավարած կենտրոնը նախորդ տարի հայտնաբերել է ասպիրին, որի մեջ ասպիրինի փոխարեն եղել է իներտ նյութ` կավիճ, կամ հակաբիոտիկ` ցեֆազոլին, որում ցեֆազոլինի փոխարեն պենիցիլին է եղել, որը, ըստ մասնագետի, շատ ավելի թույլ հակաբիոտիկ է և էժան:

«Առավել վտանգավոր մի դեպք էր, երբ հակաբիոտիկի անվան տակ ներկրվել էր խիստ ուժեղ հոգեմետ դեղ, այսինքն` նարկոբիզնեսի օրինակ է, որը ահռելի վնասներ կտար, եթե հանկարծ հայտնվեր դեղատներում»,- ասում է Գաբրիելյանը:
ԱրմենիաՆաուի էջերում