Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Շատերի տրամադրությունն ու առողջությունն արձագանքում են եղանակի փոփոխություններին:
Ձմեռը չոր էր և տաք: Գարունը` խոնավ ու ցուրտ: Հայերն ուրախ չեն:
Շատերի տրամադրությունն ու առողջությունն արձագանքում են եղանակի փոփոխություններին:
«Ճնշումս անընդհատ տատանվում է, ահավոր գլխացավեր եմ ունենում, դրանից շատ վատ եմ զգում ինձ, ոնց որ էներգիա չունենամ մի բան անելու, անընդհատ ուզում եմ պառկել»,- ասում է 52-ամյա տնային տնտեսուհի Լյուդմիլա Գևորգյանը, որը հավատացնում է, թե նույն վիճակում են նաև իր մտերիմ հարևանուհիները:
Իսկ Լիանա Դանիելյանը, ընդակառակը, պնդում է, որ իր վրա անձրևոտ եղանակը քնկոտություն առաջացնելու փոխարեն հակառակ ազդեցություն է թողնում:
«Ես ընդհակառակը` ավելի եմ ակտիվանում, անձրևից եկող թարմությունը, որ օդում կա, ստիպում է ինձ վաղ արթնանալ, օրինակ` ժամը 7-ին, իսկ սովորաբար ես արթնանում եմ մոտավորապես 9-ին, այն էլ` զարթուցիչով»,- ասում է 28-ամյա Դանիելյանը:
Հայպետհիդրոմետի աշխատակից Զառա Պետրոսյանն ասում է, որ այս գարնանը Հայաստանի ամբողջ տարածքում դիտվող անձրևոտ եղանակի պատճառով տեղումների նորման գերազանցել է (որոշ տեղերում` նորմայից երկու անգամ ավելի): Մարտ-ապրիլ ամիսներին Երևանում տեղումների քանակը 45 մմ էր, իսկ 2010 թ. մինչև օրս տեղումների քանակը 75 մմ է եղել (կամ մոտ 67 տոկոսով ավելի): Վայոց ձորում և Սյունիքում (Հայաստանի հարավային այս մարզում հինգշաբթի 10 սմ ձյուն է եկել) տեղումների քանակն ավելացել է 50 տոկոսով:
80-ամյա Հենրիկ Քոչարյանն էլ ասում է, որ եղանակը մի փոքր ազդել է սրտի աշխատանքի վրա:
«Չգիտեմ` կոնկրետ ի´նչ է կատարվում հետս, բայց մի տեսակ տհաճ բան եմ զգում, անձրևն էլ տրամադրությանս վրա է ազդում»,- ասում է Քոչարյանը:
Բժիշկների ու հոգեբանների խոսքով` եղանակային փոփոխություններից կախվածություն` մետեոկախվածություն, ունեն հիմնականում քրոնիկական հիվանդություններից տառապող մարդիկ, որոնց հիվանդություններն ավելի են սրվում եղանակային փոփոխությունների ընթացքում:
Սակայն մետեոկախվածություն կամ, ինչպես ասում են` սեզոնային աֆեկտիվ խանգարում (ՍԱԽ) նկատվում է նաև առողջ մարդկանց մոտ, երբ ամեն ինչ նորմալ է, սակայն մարդն անտրամադիր է կամ ուժասպառ:
Հոգեբան Մարինա Թոզալաքյանն ասում է, որ եղանակի փոփոխության ազդեցությունը մարդու վրա հիմնականում կախված է նրա խառնվածքի տիպից:
«Եթե մարդը բնույթով մելանխոլիկ է, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ մռայլ եղանակը կազդի նրա վրա: Ընդհանրապես մարդկանց մոտ մի միտում կա, որ խնդիրները սրվում են գարնանը և աշնանը»,- ասում է Թոզալաքյանը` հավելելով, որ մարդու բնավորության ձևավորման վրա ազդում է նույնիսկ կլիման:
«Օրինակ` Շվեդիայում, որտեղ ցուրտ է, ձմռանն արևը շատ քիչ է հայտնվում, մարդիկ աշխարհում ամենաշատն են ինքնասպանություն գործում»,- ասում է հոգեբանը:
Արևմտյան բժշկության մեջ սեզոնային աֆեկտիվ խանգարում եզրույթով նկարագրում են ոչ թե տրամադրության կոնկրետ խախտում, այլ «ուժեղ դեպրեսիոն» վիճակ: ՍԱԽ-ը բուժելու տարբեր միջոցներ կան, այդ թվում` լուսաթերապիա, դեղամիջոցներ, իոնացված օդի կիրառում, իմացավարքաբանական թերապիա և մելատոնին հորմոնի ճիշտ ժամանակին ընդունում:
Հայ բժիշկներն ասում են, որ հայերը եղանակի պատճառով առաջացած տրամադրության անկման դեպքում չեն դիմում իրենց:
Իսկ համաձայն օդերևութաբանների կանխատեսումների` անձրևային եղանակը Հայաստանում գերիշխող կլինի մինչև մայիսի 15-ը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.