Իմունացում. իմունացման ծրագիրը որպես պետական գերակայությունԱռողջապահության ոլորտի բարեխիղճ պաշտոնյաները եռանդուն քարոզչություն են տանում հօգուտ հնարավոր մահացու հիվանդություններից պաշտպանող պատվաստումների: Նրանք նաև նշում են, որ պատվաստում չստացած երեխաների թերսնումն ավելի հավանական է: Նաև հավատացնում են, որ կարելի է պատվաստել նույնիսկ հաշմանդամ երեխաներին` փարատելով անհիմն այն մտահոգությունները, թե պատվաստումն ընկճում է մանկան իմունային համակարգը: Ամեն տարի աշխարհում 1,7 միլիոն երեխա է մահանում այն հիվանդություններից, որոնք կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով: Թեև Հայաստանում նման վիճակագրություն չկա, սակայն մասնագետներն ասում են, որ նույնիսկ մեկ մահն իսկական ողբերգություն է, երբ այն կարելի էր հեշտությամբ կանխել: Պատվաստման արդյունավետության վկայությունն էր 2004-2005 թթ. ձմեռը, երբ Հայաստանում արձանագրվեց կարմրուկի համաճարակ: Թեև սովորաբար դրանից տառապում են երեխաները (կարմրուկը մինչև 5 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառներից է), այս դեպքում հիվանդներից շատերը մեծահասակներ էին, որ մանուկ հասակում պատվաստում չէին ստացել: Անահիտ Գալոյանը, որն իր երկու աղջիկներին` 8 և 14 տարեկան, տանում է թիվ 8 պոլիկլինիկա, համոզված է, որ նրանք առողջ են, քանի որ ժամանակին անհրաժեշտ պատվաստումներ են ստացել: «Ես երբեք բաց չեմ թողել երեխաներիս պատվաստումները, որովհետև մի անգամ տեսել եմ կապույտ հազից տառապող երեխայի,- ասում է մայրը: - Իհարկե, ես չէի ուզենա պատվաստումներ չանելով երեխաներիս կյանքը վտանգել»: Մանուկների իմունացումը ներառում է ինը հիմնական հիվանդություններ` տուբերկուլոզ, հեպատիտ B, դիֆթերիա, պրկախտ (փայտացում), կապույտ հազ, պոլիոմիելիտ, կարմրուկ, պարօտիտ (խոզուկ) և կարմրախտ: Առաջին երկու պատվաստումները` տուբերկուլոզի և հեպատիտ B-ի դեմ, կատարում են, երբ մանուկը դեռ ծննդատանն է: Հաջորդ պատվաստումների համար, եթե ծնողները մոռանում կամ չեն բերում երեխաներին նշված ժամկետներում, մանկաբույժները հատուկ զանգահարում, զգուշացնում են ծնողներին: Պատվաստումներն անվճար են և կատարվում են պոլիկլինիկաներում: Որոշ պատվաստումներ արվում են միանվագ, ուրիշները` երկու կամ ավելի անգամ մի քանի շաբաթվա, ամսվա կամ մեկ տարվա ընթացքում: Մինչև մեկ տարեկանը առողջ երեխան պետք է 11 պատվաստում ստանա: Չնայած պատվաստման ակնհայտ արդյունավետությանը, իմունացումից հետո երեխաների հիվանդության և մահվան դեպքերը դառնում են քաղաքային լեգենդներ, և շատ ծնողներ դժվարանում են տարբերել ճիշտը առասպելից: Այժմ առողջապահության մասնագետները իսկական պայքար են տանում` բացատրելով ընտանիքներին պոտենցիալ մահացու հիվանդությունների դեմ պատվաստումներ անելու անհրաժեշտությունը: Թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբույժ Սոֆյա Բաբայանը հերքում է նման պատմությունները որպես մտացածին: Նա ասում է, որ իր բժշկական պրակտիկայում չի եղել մի դեպք, որ պատվաստումը վնաս հասցնի երեխայի առողջությանը: «Երեխայի իմունային համակարգը շատ ավելի պատրաստ է արձագանքելու պատվաստանյութի փոքրաքանակ թուլացված և սպանված հակամարմիններին, քան կարծում են նրանց ծնողները»,- ասում է Բաբայանը: «Եթե մանկաբույժը պատվաստումից առաջ ինչպես հարկն է մանրամասն զննի երեխային, ապա բացասական հետևանքները բացառվում են: Պատվաստում արվում է, երբ երեխան կատարյալ առողջ է, և չկան հակացուցումներ: Պոլիկլինիկաներում պատվաստման որոշում ընդունվում է միայն մի քանի մասնագետների, այդ թվում` իմունաբանի կողմից երեխայի զննումից հետո»: Առողջապահության նախարարության (ԱՆ) պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ազգային իմունացման ծրագրի տվյալների համաձայն` վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում չի գրանցվել պատվաստմամբ կանխարգելվող հիվանդություններից մահվան ոչ մի դեպք: Ազգային իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է. «Հիվանդությունները միանգամից չեն նահանջում, դա զանգվածային պատվաստումների և իմունացման արդյունք է: Մենք երկար ենք պայքարում, որ հիվանդությունները տեղի տան: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ եթե զանգվածային պատվաստումները դադարեն, նորից համաճարակ չի բռնկվի: Ծնողները պետք է գիտակցեն այն վտանգը, որին ենթարկում են երեխաներին` պատվաստումներից հրաժարվելով»: Ծնողները նաև պետք է հաշվի առնեն, որ որոշակի տարիքում պատվաստում չստացած երեխաներն այդ հիվանդություններով վարակվելու ռիսկի են ենթարկվում: 2002 թվականին Հայաստանը հայտարարվել է պոլիոմիելիտից զերծ երկիր: 1990-ին այստեղ գրանցվել էր պոլիոմիելիտի 12 դեպք (զարգացած երկրներում այն փաստորեն չի հանդիպում): Սակայն իմունացման ծրագրի շնորհիվ 1996 թվականից հետո պոլիոմիելիտի ոչ մի դեպք չի գրանցվել: Միջազգային դոնոր կազմակերպությունների օգնությամբ Հայաստանի կառավարությունն անվճար իմունացում է կատարվում: Այս տարի առողջապահության նախարարությունը 72 միլիոն դրամ է հատկացրել (200 հազար դոլար) պոլիոմիելիտի (300 հազար դեղաչափ), հեպատիտ B-ի (20 հազար դեղաչափ), դիֆթերիայի, կապույտ հազի և պրկախտի (240 հազար դեղաչափ) պատվաստման համար: Գարնանը, բացի պլանային պատվաստումից, Հայաստանի կառավարությունը կսկսի նաև Լրացուցիչ իմունացման ազգային ծրագիր: Այն կանցկացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարի շրջանակներում, որոնք ութերորդ տեղում են աշխարհում բոլոր տարիքի մարդկանց մահացության թվով: Կարմրախտի, կարմրուկի և խոզուկի պատվաստման ֆինանսավորման մի մասը ստանձնել են Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի «Հազարամյակի հայ մանուկների պատվաստման ծրագիրը» և «Վիշնևսկայա/Ռոստրոպովիչ հիմնադրամը», իսկ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կհոգա Ազգային իմունացման ծրագրով իրականացվող մյուս պատվաստումների ծախսերը: Բժիշկները նախատեսում են պատվաստել 6-27 տարեկան 1,26 միլիոն քաղաքացիների: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը 1 միլիոն դոլար են հատկացրել ծրագրին, որին կաջակցեն նաև առողջապահության նախարարությունը (60000 դոլար) և «Վիշնևսկայա/Ռոստրոպովիչ հիմնադրամը»` 167000 դոլար: Մասնավոր հատվածից քարոզարշավին է միացել նաև բջջային հեռախոսակապի օպերատոր «Վիվասելը»` հատկացնելով 100000 դոլար:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.