Մահաբեր սովորույթ. ընտանիքների մեծ մասում ծխախոտը սպառնալիք է դարձել երեխաների առողջությանը«Էդ ծուխը օգտակար ա,- համոզում էր պապը՝ 60-ամյա Գուրգեն Հակոբյանը,-երեխեքին հեչ էլ վնաս չի. օդում ինչքան վնասակար բան-ման կա, ծուխը սպանում, վերացնում ա…»: Սակայն երբ 3-ամյա Նարեկ Հակոբյանը սկսեց պարբերաբար իրեն վատ զգալ և երկար գիշերային հազի նոպաներից շնչահեղձ լինել, երեխայի մայրը հասկացավ, որ գործն ավելի լուրջ է, և դիմեց մասնագետների օգնությանը: Երեքամյա երեխայի մոտ ախտորոշվեց բրոնխիալ ասթմա: «Բրոնխիալ ասթման երեքամյա երեխայի համար այնքան էլ սովորական երևույթ չէ, ավելի ճիշտ է ասել` նախաբրոնխիալ վիճակ, որ նախկինում գրեթե չէր հանդիպում,- ասում է թերապևտ-թոքաբան Աննա Հովհաննիսյանը: - Սակայն վերջին տարիներին հանրապետությունում շնչառական և ալերգիկ հիվանդություններն այնքան են շատացել, որ թվում է, ոչինչ չպետք է զարմացնի»: Սակայն, վիճակագրությունն ու ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ, զարմանքի տեղիք տալիս են: ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն` 2001-2005 թթ. շնչառական հիվանդությունների հիվանդացությունն աճել է 35%-ով: Այդ չորս տարվա ընթացքում շնչառական հիվանդություններից տառապողների թիվը 119550-ից հասել է 161045-ի: Այս զգալի աճը կարող է նշանակել, որ ավելի շատ մարդիկ են դիմում բուժման: Եթե այդպես է, ապա դա հակասում է գրանցված միտմանը, քանի որ մարդիկ ի վիճակի չեն վճարելու նորմալ բուժման համար, էլ չենք խոսում կանխարգելման: Ավելի մտահոգիչ է այն բացատրությունը, որ օդն ավելի է աղտոտվում, իսկ իմունային համակարգը թուլանում է: Եվ, իհարկե, կարևոր գործոն է ծխախոտի ծխի չարագուշակ ներկայությունը ամբողջ հանրապետությունում: ՀՀ գլխավոր թոքաբան, Հանրապետության անձավաբուժության և «Ասթմա կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը հավաստիացնում է, որ հիվանդացության իրական թվերը նույնիսկ ավելին են, քան պաշտոնապես ներկայացվում են: «Թեև բժշկի դիմող հիվանդների թիվը տարեցտարի նվազում է, սակայն, վերջին 10 տարվա ընթացքում շնչառական հիվանդություններն ու հատկապես ասթմայով հիվանդացությունը Հայաստանում աճել է առնվազն երկու անգամ,- ասում է Ոսկանյանը: - Ընդ որում, աճել է նաև երեխաների հիվանդացությունը»: Ըստ գլխավոր մասնագետի` եթե մի քանի տարի առաջ ասթմայով հիվանդ ամենափոքր երեխան 5-6 տարեկան էր, ապա վերջին տարիներին նույնիսկ 1-2 տարեկանների մոտ է ասթմա հայտնաբերվում: «Սա մարդու օրգանիզմի ռեակցիան է շրջակա միջավայրին: Օրգանիզմը չի հասցնում պայքարել ու հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին,- ասում է նա: - Հիվանդության առաջացմանը նպաստում են շրջակա միջավայրի աղտոտումը, ավտոմեքենաների արտանետումները և այլ գործոններ»: «Այլ գործոնների» մեջ երեխաների մոտ ասթմայի առաջացման հիմնական պատճառներից մեկը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), պասիվ ծխելն է: Վիճակագրության համաձայն` Հայաստանում պաշտոնապես ծխող է համարվում տղամարդկանց գրեթե 65, իսկ կանանց մոտ 3,5 տոկոսը: Սակայն, ըստ մասնագետների` իրական թվերը պաշտոնականից բարձր են: ԱՀԿ տվյալների համաձայն` ծխախոտի ծուխն առաջին հերթին վնասում է երեխաներին: Ըստ ԱՀԿ ուսումնասիրությունների` այն երեխաները, որոնք ծխախոտի ծխով «հագեցած» օդ են շնչում, մի քանի անգամ ավելի են հակված ասթմայով, բրոնխիտով, թոքաբորբով և այլ շնչառական հիվանդություններով հիվանդանալուն: «[Երևանի] Շենգավիթ համայնքի 1-3-րդ դասարանցի 5000 երեխաների շրջանում կատարած մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ասթմա ախտորոշվածների գրեթե 73 տոկոսի ընտանիքներում ծխող կա»,- ասում է Ոսկանյանը: Չնայած բարձր ցուցանիշին, «Ծխելու դադարեցման կենտրոնի» հիմնադիր բժիշկ Դավիթ Պետրոսյանն ասում է, որ, այդուհանդերձ, բնակչության մեծ մասը լուրջ չի վերաբերվում ծխելու կործանարար հետևանքներին: «Օդը թունավորող» ծխախոտի ծուխը, ըստ մասնագետների, պարունակում է 4000-ից ավելի քիմիական նյութեր, որոնց մի մասը մարդու օրգանիզմում առաջ է բերում շնչառական, սրտանոթային, քաղցկեղածին և այլ հիվանդություններ ու բարդություններ: «Այս առումով ամենաանպաշտպան վիճակում հայտնվում են երեխաները, որոնք չեն կարող բողոքել կամ պահանջել, որ ծնողները օդը չթունավորեն,- ասում է Պետրոսյանը: - Ցավոք, որոշ ծնողներ դա հասկանում են միայն այն ժամանակ, երբ երեխայի առողջական վիճակը վատանում է, և նրանք սկսում են տարբեր բժիշկների դիմել: Թեև շատ հաճախ նույնիսկ այդ դեպքում շատերն էլի չեն հասկանում և նախընտրում են բազմոցին պառկած ըմբոշխնել իրենց թմրանյութը»:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.