Երբ բախվում են մարդն ու բնությունը. առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է պահպանել շրջակա միջավայրը

Չափից ավելի շինարարությունն ու չափազանց կրճատված կանաչ տարածքները առաջ են բերում շնչառական պրոբլեմներ
Առողջապահության և բնապահպանության մասնագետները պնդում են, որ Հայաստանում շնչառական հիվանդությունների աճը պայմանավորված է բնության` օդը մաքրելու ունակության նվազմամբ, ինչը մարզերում իրականացվող անտառահատումների և քաղաքների կանաչ տարածքների ոչնչացման հետևանք է:

2001-2005 թվականներին շնչառական հիվանդություններից տառապող հիվանդների ընդհանուր թիվն աճել է 35 տոկոսով` 119550-ից հասնելով 161045-ի:

Շրջակա միջավայրը սկսեց արագ փոփոխվել 1990-ականներից, երբ նախ էներգետիկ ճգնաժամի հետևանքով սկսվեցին համատարած ծառահատումները, իսկ այնուհետև` արդեն ճգնաժամից հետո, ծառահատումները շարունակվեցին նաև արտահանման նպատակով:

Այս ամենի հետևանքը եղավ կլիմայի կիսաանապատացումը, որն ավելի խորացավ ավտոմեքենաների արտանետումների աճի և Երևանում շինարարական բումի (այդ թվում` նաև կանաչ տարածքների հաշվին) պատճառով: Նման երևույթների դեմ են պայքարում «Հայաստան. Ծառատունկ» և այլ կազմակերպություններ:

2000 թվականին Երևանում մոտ 227000 գրանցված ավտոմեքենա կար: 2005-ին այդ թիվն աճել է 32 տոկոսով` հասնելով մոտ 300000-ի: Արտանետումները և կանաչ տարածքների կրճատումը պատասխանատու են Երևանի օդի աղտոտման 97 տոկոսի համար:

«Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ տվյալներով` Երևանում կանաչապատման աստիճանը 1986 թ. մոտ 32%-ից 2005-ին նվազել է մինչև 7,6%: Բնապահպանության նախարարության տվյալներով` անտառածածկ է Երևանի տարածքի ընդամենը 2%-ը:

Այս ամենի արդյունքը զգացվում է ամեն անգամ, երբ քամի է բարձրանում, ու նաև բժշկական հաստատություններում, ուր ավելի շատ մարդիկ են դիմում շնչառության հետ կապված բողոքներով:

«Վերջին տարիներին անհամեմատ ավելացել է մաշկային լուրջ խնդիրներով ինձ դիմող երիտասարդների թիվը,- ասում է 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող կոսմետոլոգ, բժիշկ Իզա Հարությունյանը: - Հավատացած եմ` դիմողների մի մեծ մասի խնդիրներն անմիջականորեն կապված են աղտոտված օդի հետ»:

Ըստ «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» տվյալների` Երևանում ծանր մետաղների պարունակությունն օդում գերազանցում է թույլատրելի մակարդակը 1,4-6,4 անգամ:

Բնապահպանության նախարարության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մայրաքաղաքից դուրս քիմիական որոշ տարրերի ու փոշու մակարդակը գերազանցում է սահմանված թույլատրելի նորմերը Ալավերդում, Քաջարանում, Արարատում, Գյումրում և Վանաձորում:

Ալավերդի քաղաքում, որտեղ գործում է պղնձաձուլական կոմբինատ, 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչև 14 տարեկան 679 երեխա, իսկ 2003-ին` 1239:

Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Արարատ քաղաքի բնակիչները բողոքում են տեղի ցեմենտի գործարանի ու ոսկու ֆաբրիկայի փոշուց:

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի տվյալները ցույց են տալիս, որ արտանետումների մեջ կան այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսին են ցիանաջրածինը, ծծումբն ու ածխածնի օքսիդը, հանքաքարի փոշին ու քլորի գոլորշիները:

Իսկ մայրաքաղաքից հեռու` մոտ 350 կմ հեռավորության վրա գտնվող Քաջարան քաղաքի բնակիչներն էլ կատակում են` ասելով, թե իրենց քաղաքը տարբերվում է մյուսներից համատարած հազով: Վերջին տարիներին հատկապես շատացել են սրտանոթային և թոքերի հետ կապված ուռուցքային հիվանդությունների դեպքերը, որոնք, շատերի կարծիքով, ուղղակիորեն կապված են պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ:

«Համեմատած մյուս քաղաքների հետ` մենք աշխատանք ունենք, բայց օդը սարսափելի վիճակում է: Կանանց, տղամարդկանց սեռական օրգանների հիվանդություններն էլ են շատացել, շատերն ուռուցք ունեն: Բայց արգելված է քաղաքում այդ թեմայով խոսելը, այլապես կկորցնես աշխատանքդ»,- ասում է 50-ամյա Կարինեն (որը չտվեց իր լրիվ անունը` վախենալով հետապնդումներից):

Քաղաքի գլխավոր բժիշկ Վարդան Ավագյանը հիվանդությունների մասին դատողություններ է անում` հիմնվելով քարտադարանների տվյալների վրա:

«Քաղաքը համարվում է որոշ հիվանդությունների էնդեմիկ օջախ, տարածված են վահանագեղձի, կանանց սեռական օրգանների, կրծքագեղձի հիվանդությունները: Սակայն ծնունդն ու մահը, կարելի է ասել, նորմայի սահմաններում են»,- ասում է Ավագյանը:

«Դեռևս խորհրդային տարիներից Քաջարանում սիլիկոզի, շնչառական օրգանների, արյան հետ կապված հիվանդությունների դեպքերն ամենից տարածվածն են եղել,- ասում է Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ղեկավար Էմիլ Բաբայանը: - Սիլիկոզը «արդյունաբերական» հիվանդություն է, որն առաջանում է հանքանյութի փոշին շնչելուց: Շատ են նաև տղամարդկանց սեռական օրգանների հիվանդությունները, որոնք պայմանավորված են կապարի ու մոլիբդենի առկայությամբ»:

Բաբայանն ավելացնում է, որ նման ձեռնարկությունների գործունեության ընթացքում անջատվում են նաև կադմիում, երկաթ և արսեն (մկնդեղ), որոնք վտանգավոր են առողջության համար: Դրա վկայությունն են այն բոլոր դեպքերը, որոնց կարելի է ականատես լինել Քաջարանում:

ԱրմենիաՆաուի էջերում