Տղամարդկանց առողջություն. կանխարգելման ցածր մակարդակը հարվածում է «ուժեղ» սեռին

Անվճար զննումների միամսյակը մղել է «ուժեղ սեռին» ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ
Ըստ վիճակագրական տվյալների` տղամարդիկ վաստակում են կանանցից կրկնակի ավելի և շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն կյանքում, քան «թույլ սեռի» ներկայացուցիչները, սակայն առողջապահության մասնագետները պնդում են, որ երբ խոսքը վերաբերում է առողջությանը, Հայաստանը բնավ տղամարդու աշխարհ չէ:

Հայաստանի գլխավոր ուրոլոգի հավաստմամբ` չնայած տղամարդու առողջության մասին բազմաթիվ առասպելներին և «ուժեղ սեռ» որակմանը, տղամարդիկ անհամեմատ թույլ են կանանցից, ավելի վատ են հարմարվում, ավելի քիչ են ապրում, ավելի հաճախ են հիվանդանում, կրկնակի հաճախ են պատահարների զոհ դառնում և չորս անգամ ավելի շատ ինքնասպան լինում:

Բժշկական ոլորտի ներկայացուցիչները համակարծիք են, որ տղամարդու ֆիզիոլոգիական թերարժեքությունն ավելի է խորանում, քանի որ, ընտանիքի հիմնական վաստակող լինելով, տղամարդն ավելի շատ է ենթարկվում սթրեսների և զանազան առողջական վտանգների:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք ամփոփված են «Կանայք և տղամարդիկ Հայաստանում-2005» տարեգրքում, տղամարդկանց կյանքի տևողությունը 6 տարով կարճ է, քան կանանցը (70` 76-ի դիմաց), նրանք բոլոր տարիքային խմբերում մահացության ավելի բարձր մակարդակ ունեն, քան կանայք (13248` 12431-ի դիմաց 100000 բնակչի հաշվով), տղամարդկանց հիվանդացության մակարդակն ավելի բարձր է ինչպես ամենածանր հիվանդությունների գծով, ներառյալ` ամենամեծ հիվանդացությամբ երկու հիվանդությունները` սրտանոթային ու քաղցկեղը, այնպես էլ այնպիսի հիվանդությունների գծով, ինչպիսին են տուբերկուլոզը, սեռավարակները և հոգեկան խանգարումները:

Որքան էլ զավեշտական է, ըստ տարեգրքում ներկայացված սուբյեկտիվ գնահատականների, տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի լավատեսորեն են գնահատում իրենց առողջական վիճակը, քան կանայք. իրենց առողջությունը «շատ լավ» և «լավ» է գնահատում տղամարդկանց 70, իսկ կանանց ընդամենը 64%-ը: «Ոչ շատ լավ» կամ «վատ» իր առողջական վիճակը գնահատում է հայ տղամարդկանց ընդամենը 9,3%-ը:

Մի կողմից` տղամարդկանց առողջության մասին նման վիճակագրական տվյալները բացատրվում են այն հանգամանքով, որ տղամարդիկ այնքան էլ հաճախ չեն դիմում բժշկի: «Իհարկե, իր էությամբ տղամարդն անտեսում է շատ առողջական վտանգներ, սակայն շատ հայ տղամարդկանց շրջանում գոյություն ունի սխալ մտայնություն, որ եթե որևէ առողջական պրոբլեմ ունեն, բժշկի մոտ գնալն ամոթ է: «Ես տղամարդ եմ, կհաղթահարեմ» մտածելակերպի պատճառով շատ հաճախ տղամարդիկ բժշկի են դիմում հիվանդության վերջին փուլերում, ինչը դժվարացնում է բուժումը»,- ասում է Հայաստանի գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Մյուս կողմից` երբ տղամարդիկ դիմում են բժշկի, վիճակագրությունը կրկին նրանց օգտին չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է հոգեկան առողջությանը: 2004 թ. վիճակագրությունը ցույց է տալիս, որ հոգեկան խանգարումով առաջին անգամ ախտորոշված հիվանդների 72,4%-ը տղամարդիկ են, 27,6%-ը` կանայք:

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Մելիք-Փաշայանը նշում է, որ հիվանդացության մակարդակն այնպիսի խանգարումներով, ինչպիսին շիզոֆրենիան է, ամբողջ աշխարհում կայուն է` 0,9-2,0%, և հավասարապես տարածված տղամարդկանց և կանանց շրջանում:

Սակայն Մելիք-Փաշայանը նշում է, որ ախտորոշված հիվանդների զգալի տոկոսային տարբերությունը տղամարդկանց և կանանց միջև կարող է նաև այն հանգամանքի հետևանք լինել, որ տղամարդիկ ավելի հաճախ են պարտադիր զննումներ անցնում, ինչպես, օրինակ, զինակոչի ժամանակ:

Ծխախոտի ու ոգելից խմիչքների չափից ավելի օգտագործումը սովորական երևույթ է հայ տղամարդկանց շրջանում: Ըստ վերջին տվյալների` ծխում է հայ տղամարդկանց մոտ 65%-ը: Չափահաս տղամարդկանց մոտ 17%-ը խոստովանում է, որ խմիչք է օգտագործում կանոնավոր կերպով, իսկ մոտ 11%-ը` որ խմելու հետ կապված պրոբլեմ ունի: Մասնագետների հավաստմամբ` կախվածության նմանվող այս սովորույթները տղամարդկանց ավելի խոցելի են դարձնում թոքի քաղցկեղի և սրտի հիվանդությունների նկատմամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ինֆարկտից ավելի հաճախ են մահանում, քան կանայք:

Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանն ասում է, որ ի տարբերություն կանանց, որոնց շրջանում ավելի տարածված է ասթման, տղամարդիկ ավելի շատ տառապում են բրոնխաթոքային հիվանդություններից:

Ըստ Ոսկանյանի` ծխելը բրոնխաթոքային հիվանդությունների առաջացման գործոններից մեկն է, հատկապես` առողջ տղամարդկանց շրջանում, սակայն առողջության վրա ազդող ավելի ուժեղ գործոն է սթրեսը, որն անդրադառնում է Հայաստանի ամբողջ տղամարդ բնակչության վրա (նույն վիճակն է նաև այլ զարգացող երկրներում):

Թեև տղամարդկանց սովորաբար մեղադրում են սեռավարակների ավելի բարձր ցուցանիշների համար, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արմեն Մուրադյանն ասում է, որ դրանում միայն տղամարդկանց ու միգրացիան մեղադրելը սխալ է:

«Վեներական հիվանդությունները կան ու կլինեն ցանկացած բաց հասարակությունում, որը չունի արհեստական սահմաններ, որ ապահովում են կրոնը, խիստ ավանդույթները և այլն,- ասում է նա: - Բոլոր երկրներում էլ միգրացիա կա, և պետք չէ Հայաստանում առկա վիճակը կապել միայն դրա հետ»:

Ըստ վիճակագրական տվյալների` գոնոռեայով հիվանդացության մակարդակը տղամարդկանց շրջանում զգալիորեն գերազանցում է կանանց ցուցանիշները բոլոր տարիքային խմբերում (74,7%` 25,3%-ի դիմաց): Սիֆիլիսով հիվանդների (40 տարեկանից բարձր) 63,6%-ը տղամարդիկ են, սակայն սիֆիլիսով հիվանդ տղամարդիկ կանանցից քիչ են 18-39 տարեկանների խմբում:

Վիճակագրության համաձայն` տղամարդիկ ավելի խոցելի են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ:

Ըստ ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների` Հայաստանում ապրում է 2800-3000 ՄԻԱՎ վարակակիր, սակայն այս ցուցանիշը պրոյեկցիա է և ըստ սեռերի բաժանված չէ:

1988-2006 թվականներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակակիր 429 քաղաքացի: Տղամարդիկ այդ ցուցակում երեք անգամ գերազանցում են կանանց:

Մուրադյանը նշում է, որ տղամարդկանց բնորոշ հիվանդությունների կանխարգելման գործում շատ մեծ է կնոջ դերը:

Ամեն տարի Հանրապետական բժշկական կենտրոնն անցկացնում է տղամարդկանց առողջության միամսյակ, որի ընթացքում մինչև 1000 տղամարդ անվճար բժշկական զննում է անցնում: Մուրադյանն ասում է, որ անցյալ տարի ստուգում անցած տղամարդկանց 75%-ը եկել էր կնոջ հորդորով:

«Տղամարդու առողջության բանալին կնոջ ձեռքին է: Ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում տղամարդիկ իրենց առողջության մասին ավելի քիչ են հոգում»,- ասում է Մուրադյանը:

Ըստ Մուրադյանի` պետական աջակցությունը հատկապես ողջունելի է տղամարդկանց առողջության պահպանմանը կոչված ծրագրերում: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առողջապահության նախարարության նախաձեռնությամբ տղամարդկանց առողջության ամենամյա միամսյակում կընդգրկվեն նոր մարզեր:

«Կարծում եմ` դա ճիշտ մոտեցում է: Արվեստագետները, մարզիկները պետք է օրինակ ծառայեն մյուս տղամարդկանց համար` կարևորելով առողջությունն ու առողջ ապրելակերպը,- ասում է Մուրադյանը: - Եթե մեր այս ակցիան փրկի թեկուզ մեկ կյանք, ես այն հաջողված կհամարեմ»:

ԱրմենիաՆաուի էջերում