Պահպանելով ընտանեկան օջախը. երիտասարդ կանանց հորդորում են հոգալ սեփական առողջության մասին վաղ տարիքից

Հատուկ սարքավորումները, ինչպես երևանյան այս կլինիկայում, հնարավորություն են տալիս բուժել անպտղությունը
28-ամյա Վարդուհի Մնացականյանն այսօր արդեն դժվարանում է պատասխանել, թե ինչու էր խուսափում դիմել բժիշկներին, երբ վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ուներ:

«Հիվանդությունը կարողացան կանխարգելել վաղ փուլում, և ես պատրաստվում եմ շուտով մայր դառնալ: Միայն ափսոսում եմ կորցրած տարիներիս համար: Հիմա շրջապատիս բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս առանց վախենալու դիմել մասնագետներին»,- ասում է նա:

«Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի» վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյանը կարծում է, որ այսօր կանայք լուրջ չեն վերաբերվում սեփական առողջությանը: Խորհրդային տարիների «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը մոռացության է մատնվել:

Նույն կարծիքին է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:

«Ինձ զարմացնում է մեր կանանց իներտությունը: Չեն գնում հետազոտվելու անգամ այն դեպքում, երբ պետությունն անվճար հնարավորություն է տվել ամբուլատոր պայմաններում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ հետազոտվելու»,- ասում է Ավագյանը:

Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի ազգային ծրագիրը գործում է 2006 թ. հունվարից: Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը Լիտվայից հետո երկրորդն է, որտեղ նման ծրագիր է իրականացվում:

Ավագյանն ասում է, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր է, սակայն քիչ է կանոնավոր ստուգումներ անցնող կանանց թիվը: Նրա կարծիքով` որոշ կանանց մեջ վախի զգացում կա, մյուսներն ի վիճակի չեն վճարելու, իսկ ոմանք էլ պարզապես գերադասում են հնարավորինս ուշ իմանալ պրոբլեմների մասին:

Սակայն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կանանց վարքագծում նկատելի փոփոխություններ է արձանագրել. 1997-ին օրական 1-2 այցելու էին ունենում, այսօր` արդեն 70: Այցերի 15 տոկոսը կանխարգելման նպատակով է: Գոյության 10 տարիների ընթացքում 85000 կին է այցելել կենտրոն, անցկացվել է մոտ 120000 հետազոտություն: 600 կնոջ մոտ զարգացման ամենավաղ փուլում հայտնաբերված քաղցկեղը հաջողությամբ բուժվել է:

Պողոսյանը բաժանում է կանանց երեք խմբի. առաջին խմբի կանայք բնությունից օժտված են լավ առողջությամբ և դիմանում են այնքան, «մինչև դանակը ոսկորին հասնի»: Երկրորդ խումբն արտաքինով ավելի շատ է մտահոգվում, քան առողջությամբ:

«Երրորդ խմբում էլ այն կանայք են, որոնց ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի և այնտեղից վերադառնում բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք առաջ են բերում վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ»,- ասում է նա:

Հայաստանում վերարտադրողական առողջության կարևոր ցուցիչներից է համարվում անպտղությունը: Դեռևս 1998 թվականին «Հանուն ընտանիքի և առողջության» հայկական ասոցիացիան հետազոտություն է անցկացրել, ըստ որի` Հայաստանում առաջնային անպտղությունը կազմում է 3,4 տոկոս, իսկ երկրորդայինը` 28 (առաջնային անպտղության դեպքում կինը վերարտադրողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ունենալ առաջին երեխան, իսկ երկրորդայինի դեպքում վերարտադրողական խնդիրներ են առաջանում արդեն երեխա ունենալուց հետո):

Ավագյանն ասում է, որ սրանք պաշտոնական տվյայլներ չեն, բայց անհանգստացնող են, քանի որ այլ երկրների համեմատությամբ կրկնակի բարձր են (օրինակ` Ռուսաստանում 18-19 տոկոս է):

Պողոսյանը բացատրում է, որ մտահոգիչ է ոչ թե չբերության աճը, այլ հիվանդությունների կառուցվածքի փոփոխությունը:

«Երիտասարդները մինչև ամուսնանալը պետք է լուծեն իրենց առողջական խնդիրները,- ասում է նա: - Ամուսնությունը գրանցելուց առաջ պետությունը պետք է պահանջի առողջական վիճակի մասին փաստաթղթեր»:

Պողոսյանն ասում է, որ առողջ երեխա միայն առողջ կանայք են ունենում:

Եթե Մնացականյանի նման կանայք մտահոգված են անպտղությամբ, շատ կանայք վնաս են հասցնում իրենց վերարտադրողական համակարգին` աբորտներ անելով: Թեև աբորտների թիվը վերջին 5 տարում նվազելու միտում ունի, այն շարունակում է մնալ անցանկալի ծնունդը կանխելու թիվ 1 միջոցը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում տարեկան արձանագրվում է 8-10000 աբորտ: (Աբորտների մասին պաշտոնական տվյալները հավաստի չեն, քանի որ հաճախ դրանք չեն գրանցվում հիվանդանոցներում և գաղտնի են արվում: Ավագյանն ասում է, որ ըստ վիճակագրության` աբորտների թիվը ոչ աճել է, ոչ նվազել: Եթե 2005-ին գրանցվել է 8000-10000 աբորտ, ապա 2000-ին` 11769, իսկ 2001-ին` 10419:)

Հայ կանայք այսօր բախվել են համեմատաբար նոր պրոբլեմի հետ, որն անդրադառնում է երեխա ունենալու նրանց ունակության վրա` շրջակա միջավայրի ազդեցությունը:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ծրագրերի ասիստենտ Քնարիկ Գրիգորյանն ասում է, որ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներն ուղղակիորեն կապվածէ արտաքին միջավայր արտանետվող թունաքիմիկատների հետ:

Գրիգորյանի հավաստմամբ` թունաքիմիկատները օրգանիզմ են թափանցում օդի, հողի, ջրի և սննդամթերքի միջոցով և, կուտակվելով օրգանիզմում, պրոբլեմներ են առաջ բերում հղիության ընթացքում: Ըստ Գրիգորյանի` վիժումների 2-3 տոկոսի պատճառը աղտոտված օդն է: 2005 թվականին ՀԿ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Երևանում վերարտադրողական ֆունկցիայի առավել հաճախակի խանգարումներ գրանցվել են Շենգավիթ համայնքում, որտեղ խորհրդային տարիներին կենտրոնացված էր գործարանների մեծ մասը:

«Այդ տարածքում մեծացած երեխան 20 տարի անց կանգնում է վերարտադրողական խնդիրների առջև: Շնչուղիներով թունաքիմիկատները թափանցում են օրգանիզմ և ձևախախտումներ առաջացնում տարբեր օրգաններում, այդ թվում` սեռական»,- բացատրում է Գրիգորյանը:

Այդուհանդերձ, չնայած վերարտադրողական բազմաթիվ խնդիրներին, վերջին տարիներին Հայաստանում ծնելիության աճ է արձանագրվել` հասնելով տարեկան 37-38 հազարի, ինչը մոտ 3000-ով ավելի է վերջին տասնամյակի ցուցանիշներից:

Սակայն «պարզ վերարտադրույթուն» ապահովելու համար Հայաստանի հաջորդ սերնդի կանայք պետք է ունենան առնվազն երկու երեխա` ասում է Ավագյանը, որն արհեստական վերարտադրողական մեթոդների կողմնակից է:

2005 թվականից Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմնավորման (IVF) (այսպես կոչված` «փորձանոթային երեխաներ») և ներցիտոպլազմատիկ սպերմատոզոիդի ներարկման (ICSI) միջոցով մասնագետների կողմից արվել է շուրջ 300-400 բեղմնավորում, որոնց արդյունքում ծնվել է 150 երեխա: Սա թանկ գործողություն է և անմատչելի է հայ կանանց մեծ մասի համար, ինչն ավելի կարևոր է դարձնում վաղ տարիքից առողջությանն ուշադրություն դարձնելը:

«Երեխան առանց մոր, ամուսինն առանց կնոջ, հասարակությունն առանց օջախի պահապանի կորցնում է ամեն ինչ: Կանայք պարզապես պարտավոր են կանխարգելիչ հետազոտություններ անցնել»,- ասում է Հակոբյանը:

Թեև հղիությունը երբեք առանց ռիսկի չի լինում (աշխարհում ամեն օր հղիության հետ առնչվող պատճառներով մահանում է 1400 կին), մասնագետները խորհուրդ են տալիս կանանց հղիության ընթացքում առնվազն չորս զննում անցնել:

ԱրմենիաՆաուի էջերում