Ծննդի արարողություն. տնային ծնունդների թիվը կտրուկ նվազել է, սակայն երբեմն…Իրոք չկար: Եվ փետրվարյան այդ առավոտ տաքսին պետք է կանգներ մայրուղու վրա, իսկ ուղևորները պետք է 50 րոպե քայլեին մինչև Նիգավան: Հասանք առաջին տանը, ու տանտիրուհուց հարցրի բուժքրոջ տան տեղը: Հետո հարցրեցի, թե գյուղում տնային ծնունդներ լինո±ւմ են: «Չէ, ի՞նչ եք ասում, ոչ մի ծնունդ, միայն` ծննդատանը»,- ասաց տանտիրուհին: Հետո բուժքույր Ծովինարն ասաց, որ կինը անհանգստացած զանգել է իրեն ու զգուշացրել, թե մարդիկ են եկել ու հետաքրքրվում են տնային ծնունդներով: «Տնային ծնունդը արգելված է, կինը դրա համար ճիշտը չասեց»,- ասաց բուժքույրը: Ճիշտն այն է, որ նման ծնունդ Արագածոտնի մարզում գտնվող գյուղում եղել է հենց անցյալ ամիս, երբ տանը ծնվել է փոքրիկ Արման Պողոսյանը: 10 կիլոմետրի վրա գտնվող Ապարանի մոտակա ծննդատուն տանող ճանապարհը ձյունը փակել էր, և ցավերը բռնած կնոջը ճամփի կեսից հետ են բերել գյուղ: Անցյալ տարի ութ ծնունդից երկուսը գյուղում է եղել: Նախորդ տասնամյակի համեմատությամբ, երբ գրեթե բոլոր ծնունդները տանն էին լինում, դա կտրուկ նվազում է: Տնային ծնունդները նվազեցին մասնավորապես նաև 2005 թվականից Գեղարքունիքում իրականացվող «Բժիշկներ առանց սահմանի» բելգիական կազմակերպության առաջին բուժօգնության ծրագրի շնորհիվ: Ծրագրի բժիշկ Տիգրան Վարդերեսյանն ասում է, որ Վարդենիսում, որը ժամանակին Հայաստանում տնային ծնունդների թվով առաջինն էր, այժմ դրանք 10%-ից ավելի չեն: Իսկ մինչև վերջերս երեխաների մոտ 50%-ն այստեղ տանն էր ծնվում: «Միայն փողի հարց չէր, մտածելակերպ էր,- ասում է Վարդերեսյանը: - Աշխատանք տարվեց, որ հիվանդանոցում լինեն ծնունդները: Նաև բուժքույրերին բացատրվեց, որ ծնունդներ չընդունեն: Հիմա միայն շտապ ծնունդներն են տանը ընդունում»: Հետզհետե փոխվեց իրավիճակը, մարդկանց վիճակը մի քիչ բարելավվել է, վերջին երկու տարին ավելի հաճախ են ձմռանը ճանապարհը բացում, ու սկսեցին ծննդկանին ծննդատուն տանել: Բայց հունվարի 5-ին, երբ Արմանը դարձավ Նիգավանի 726-րդ բնակիչը… «Քրիստինեին հետ էին բերել տուն: Գնացի, տեսա` գոռում էր ցավերից` «Մամա, մեռա», ու տենց ազատեցի»,- ասում է բուժքույր Ծովինարը: «Ճիշտը որ ասեմ` ի վիճակի չէինք հիվանդանոց գնալու, բախտներս բերեց, որ բուքը փակեց ճամփեն»,- ասում է 27-ամյա Քրիստինեն` Արմանի մայրը: Ի վիճակի չէին ֆինանսապես: Եթե գնային, ամենաքիչը 200 դոլար կծախսվեր, որտեղի±ց այդքան գումար: Իրականում հույս ունեին, որ Արմանի ծնունդը, որը նրանց երրորդ երեխան է, զգալի ֆինանսական օգնություն կլինի ընտանիքի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը 200 հազար դրամ է վճարում երրորդ երեխա ունեցող ընտանիքներին: Իսկ հիմա Ծովինարին 10 հազար մաղարիչով պրծան: Սկեսուրի 16 հազար դրամ թոշակից տվեցին: Վեց հոգիանոց ընտանիքի ապրուստը մի կովն է ու մի քանի ոչխար: Անասնակերի համար վերցրած 60 հազար դրամ պարտքը դեռ չեն տվել: Երկրորդ զավակը` 8-ամյա Հռիփսիմեն, նույնպես գյուղում է ծնվել, փետրվարի 2-ին, էլի բուք էր. «Ու իմ սրտով էղավ էդ բուքը»,- ասում է Քրիստինեն. էլի ծախսերից ազատվեցին: Առողջապահության մասնագետները, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, փորձում են կրթել գյուղացիներին` բացատրելով, թե հիվանդանոցում ծննդաբերելը առողջության համար ապահով է: Այդուհանդերձ, երբեմն բնությունը միջամտում է այդ կրթությանը: Փետրվարյան այս օրը արևը մայր էր մտնում, սկսվել էր սառնամանիք, և հետդարձը ոտքով անտանելի էր: Մայրուղուն չհասած` դիմացից եկող երկու տղամարդիկ հարցրին` ի՞նչ գործով էիք եկել: Ասացի` տնային ծնունդների: Նրանցից մեկը Քրիստինեի ամուսինն է` Գվիդոնը: Հասել էր Երևան, սոցապ նախարարություն, մերժել էին ձևակերպել երեխայի նպաստը. «Ասին` երեխան ծնվելուց առաջ պիտի գրանցեինք, հիմա, ասին` զրկվեցիք նպաստից»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան, որը չցանկացավ անունը հրապարակել, հաստատեց, որ առանց նախապես գրանցման սոցիալական ծառայությունում երրորդ երեխայի գումարը չի հատկացվում: Նա ավելացրեց, որ իրոք անարդար կարգ է, երբ կարիքավոր մարդիկ սպասում են այդ նպաստին և ինչ-որ թղթերի պատճառով զրկվում են դրանից: «Մեզ զրկել են նպաստից,- ասում է Գվիդոնը: - Այ, սենց երկիր ա, ախպեր ջան»:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.