Իրանին նվիրված հատուկ թողարկում. տագնապ տարածաշրջանում

Խոսքերը, հատկապես տեղեկատվության դարաշրջանում, պատերազմի նախագուշակ կրակոցներն են:

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս. «Իրանը խռովում է միջազգային հանրության անդորրը, այն ահաբեկչության գլխավոր բանկիրն է»:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադ. Իրանը «թքած ունի» Թեհրանին պատժելու ՄԱԿ-ի որոշումների վրա:

Քրիստոնյա «վերածնված» Ջորջ Բուշի կարծիքով` Իրանը «չարիքի առանցքն է»:

Մահմեդական ֆունդամենտալիստ և ահաբեկչության մեջ կասկածվող (1983 թ., Բեյրութ) Ահմադինեջադը Բուշին համարում է անհավատ:

Ռայսի կիրակի օրվա ելույթը հիշեցնող հայտարարություն վերջին անգամ լսել էինք նրա նախորդից` Քոլին Փաուելից, երբ նա վստահեցնում էր ՄԱԿ-ին, որ Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի:

Պարզվում է` Փաուելին ապատեղեկացրել էին: Պարզվում է` դա էական չէր:

Այժմ էլ Իրանը:

Վերջերս «Նյույորքեր» ամսագրում հրապարակված սադրիչ հոդվածում (որը Սպիտակ տունը հերքում էր) նշվում է, վկայակոչելով կառավարական աղբյուրներ, որ նախագահ Բուշը Իրան ներխուժելու ծրագրեր է ունեցել դեռ մինչև նախագահ ընտրվելը: Հիմնավոր այս հոդվածում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն աշխուժացնում է իր «ընդհատակյա» գործունեությունն Իրանում` պատրաստվելով պատերազմի` նպատակ ունենալով տապալել Ահմադինեջադին, որին ամերիկյան զինվորականությունը համարում է «պոտենցիալ Ադոլֆ Հիտլեր»:

Խոսքակռիվը տարվում է ճշգրիտ հաշվարկված հարվածներով: Կողմնակի վնասը չի սահմանափակվում հայտարարությունների հետևանքներով: Իսկ եթե խոսքից անցնեն գործի՞:

Հայաստանը գրեթե դեր չի խաղում իրանյան ծրագրում: Այդուհանդերձ, ամեն ինչ տեղի է ունենում Հայաստանի քթի տակ, և մահվան դատապարտվածը Հայաստանի պատմական հարևանն է, որը սպասում է դատավճռի կամ ի կատար ածմանը, կամ հետաձգմանը:

Տագնապը տարածաշրջանում տագնապ է բոլոր հարևան երկրների համար: Հուսալով հանդերձ, որ շիկացած բանավեճից մասնակիցների գլուխները կհովանան` մենք կարևոր համարեցինք լսել որոշ մտահոգ և քաջատեղյակ քաղաքագետների կարծիքը, թե արդյոք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը խնդիրներ կառաջացնի նաև Հայաստանի համար:

Այս հատուկ թողարկման մեջ, որը տարբերվում է մեր ավանդական թողարկումներից, մենք ապավինում ենք իրազեկ տեսակետին, չափավորված մտորումներին ու խելամիտ վերլուծությանը և աղերսում, որ բանը պատերազմի չհասնի:

ԱրմենիաՆաուի էջերում