Տագնապ տարածաշրջանում. Հայաստանը պետք է «ակտիվ չեզոքություն» պահպանիՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ իրանյան ներկա ճգնաժամը, Իրանի միջուկային զենքի ծրագրերն ու ագրեսիվ հայտարարությունները ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն են: «Շատերը մոռացել են, որ Իրանն ու Իրաքը տարածաշրջանում իրար հավասարակշռում էին. չէ՞ որ իրանական հեղափոխությունից հետո հեղափոխության արտահանման գաղափարը կանխվեց իրան-իրաքյան պատերազմի միջոցով և Իրաքի ռեժիմով,- ասում է նա: - «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ ԱՄՆ-ը հաղթանակ էր տարել, բայց չգնաց Սադդամ Հուսեյնի ռեժիմի տապալմանը: Այն ժամանակվա ԱՄՆ քաղաքական միտքը գիտակցում էր, որ Սադդամին տապալելու դեպքում մեծ վակուում կառաջանա»: «Հիմա հավասարակշռությունը խախտվել է. ԱՄՆ-ի սկսած պատերազմի հետևանքով շիաների դիրքերը Իրաքում ուժեղացան, իսկ սրա արդյունքում ուժեղացավ շիանական Իրանը: Իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը չկարողացավ մարսել Իրաքը, և հիմա Իրաքից դուրս գալու արժանապատիվ ձև է փնտրում: Եվ Իրանի ղեկավարությունը հասկացավ, որ ԱՄՆ-ը նոր պատերազմի մեջ չի մխրճվի Իրաքից երեք անգամ մեծ երկրի հետ, և որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության ռազմական գործողություններն վարկաբեկիչ են և, հետևաբար, բավական պրագմատիկ ու վտանգավոր քաղաքականություն է վարում»: Քաղաքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանն ասում է, որ ներկա իրավիճակը չափազանց շիկացած է և հիշեցնում է առաջին աշխարհամարտին նախորդող ժամանակաշրջանը. «Նման է ոչ թե դեպքերի զարգացման ձևով, այլ քաղաքական գործիչների անտաղանդությամբ ու պատասխանատվության պակասով: Բոլորը տեսնում են վտանգը, բայց թերագնահատում են»,- ասում է նա: Այսուհանդերձ, ցամաքային պատերազմի հավանականությունը նա զրոյական է համարում: Ավելի հնարավոր է միջուկային օբյեկտների կետային ռմբահարումը, սակայն կանխատեսելի ապագայում` 1,5 տարվա ընթացքում, դա էլ հավանական չի համարում: Իսկ այդ ժամանակահատվածում Իրանը կավարտի միջուկային զենքի համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակումը: Ըստ նրա` ԱՄՆ մարտավարությունը կլինի պատժամիջոցներով ուժեղացնել ճնշումները` միաժամանակ քաղաքական հենակետերով ու ռազմակայաններով շրջափակելով ու մեկուսացնելով Իրանը: ԱՄՆ-ը ձգտելու է նվազեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, որ ակտիվ է Միջին Արևելքում, Կովկասում ու Պարսից ծոցում: Եվ այդ ծրագրերին կարող են ներգրավել Հայաստանին: «Հայաստանի վիճակը շատ ծանր կլինի, եթե պատերազմ սկսվի: Բայց եթե անգամ պատերազմ չլինի, միևնույն է` ծանր է: ԱՄՆ-ը ցանկանում է շրջափակել Իրանը, և մեր հարաբերություններն Իրանի հետ, որ եղել են շատ դրական, վտանգվում են: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ երբ բոլոր ճանապարհները [ղարաբաղյան] պատերազմի ժամանակ փակվեցին, մնաց միայն Իրանի ճանապարհը, որ մեր կյանքի ճանապարհն էր: Այս իրավիճակում Հայաստանը պետք է բազմաշերտ քաղաքականություն վարի, բազմակողմանի պայմանավորվածություններ ունենա: Մեր արտաքին քաղաքականությանը պակասում է նպատակակետերի շրջանակի լայնությունը: Մենք ունենք մեկ-երկու նպատակակետ ու դրանց ենք անընդհատ խփում (օրինակ` Ղարաբաղը), և ուրիշ բան մեզ չի հետաքրքրում, հետևաբար` նվազում է քաղաքական մանևրումը»: Հովհաննիսյանն ասում է, որ պատերազմի դեպքում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի. «Պետք է գիտակցել, որ չեզոքի վրա բազմակողմանի ճնշումներ են լինում, և այդ ճնշումներին դիմագրավելու միջոցներ պետք է գտնվեն»: Իսկ եթե ԱՄՆ-ը ցանկանա օգտագործել Հայաստանի օդային և ցամաքային տարածքները, ապա «այստեղ շատ հստակ իրավական դաշտ կա. Հայաստանը անդամ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, որն իր վերաբերմունքն ունի այն դեպքերի համար, երբ այլ պետություններ ցանկանում են օգտագործել իր անդամների տարածքը»: Բոզոյանն ասում է, որ ի տարբերություն իրաքյան կամպանիայի, ուր Հայաստանը Սադդամին տապալելուց հետո մի խումբ զինվորներ ուղարկեց, Իրանի դեպքում բացարձակ չեզոքություն պետք է պահպանի. «Բավական վտանգավոր է որևէ կողմ կամ դեմ դիրքորոշումը: Ցավոք, մենք ակտիվ դերակատարություն չունենք տարածաշրջանում, բայց այս պարագայում պետք է ձգտենք ակտիվ չեզոքության, այսինքն` ակտիվ միջնորդական դաշտ ստեղծել»: Հնչում են նաև այլ տեսակետներ, օրինակ` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ելույթ ունեցած քաղաքագետ Աղասի Ենոքյանը կողմ էր ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններին և ասում էր, որ ռազմական գործողություններից հետո Հայաստանը գազ կստանա ժողովրդավարական Իրանից: «Պարզունակ է պնդումը, որ ԱՄՆ-ն Իրանը միանգամից կարող է դարձնել ժողովրդավարական,- ասում է Բոզոյանը: - Իրաքի օրինակը վկայում է, որ ժողովրդավարությունը մի հարվածով չի ստեղծվում: Իրանի հասարակության մեջ կան ժողովրդավարական հոսանքներ, բայց դրանք թուլանում են ԱՄՆ վտանգի պարագայում, և ժողովուրդը համախմբվում է արտաքին թշնամու դեմ: Իրանի ներսում եղած ժողովրդավարական խմորումները ինչպե՞ս տրանսֆորմացնել, ինչպե՞ս անել, որ Իրանը կայուն բարեփոխումներով հետզհետե ժողովրդավարական երկիր դառնա, ինչի միտումները նկատվում էին նախագահ Խաթամիի կառավարման ժամանակ: Այս հարցին պետք է ուշադրություն դարձնել: Պատերազմն աղետ կլինի տարածաշրջանի համար: Հայաստանը կդառնա ճակատամերձ երկիր: ԱՄՆ երազանքը` ստեղծել մեծ, ժողովրդավարական Միջին Արևելք, կվերածվի մեծ, ապակայունացված Միջին Արևելքի»:
Other Articles in Iran
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.