Տագնապ տարածաշրջանում. կարո՞ղ են արդյոք լինել հետևանքներ Ղարաբաղի համար«Ներկայումս ինտենսիվ բանակցություններ են ընթանում Բաքվի ու Վաշինգտոնի միջև հնարավոր պատերազմում Ադրբեջանի մասնակցության աստիճանի մասին,- ասում է Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը: - Իրանի ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ չնայած Իլհամ Ալիևի խաղաղասիրական հայտարարություններին, Բաքուն իրականում պայմանավորվում է Վաշինգտոնի հետ իր տարածքը ժամանակավոր ռազմակայանների համար տրամադրելու մասին»: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տեսանկյունից այսօր քննարկվում է դեպքերի զարգացման երկու հնարավոր սցենար: Առաջին սցենարը նախատեսում է Իրանի մասնատում, այդ թվում` անջատողական շարժման օժանդակության միջոցով երկրի թուրքաբնակ նահանգներում և, առաջին հերթին` Արևելյան Ատրոպատենայում (Ատրպատականում) կամ, ինչպես Բաքվում են այն անվանում, «Հարավային Ադրբեջանում»: (Արևելյան Ատրոպատենայի նահանգը պաշտոնական Թեհրանի կովկասյան քաղաքականության մեջ բացառիկ տեղ է գրավում: Նահանգի կարևորությունը և ռազմավարական արժեքը պայմանավորված են Հայաստանի և Ադրբեջանի հետ անմիջական սահմանով:) Հատկանշական է, որ վերջին տարիներին Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման առաջնորդ Մահմուդալի Չոխրագանլին հայտարարում է. «Իրանական վարչակարգը չի կարող դիմադրել ժողովրդավարացման գործընթացին: Ժողովրդավարացման հետ մենք ակնկալում ենք ադրբեջանցիների բնական իրավունքների վերականգնում, Ադրբեջանի բնական սահմանների որոշում և Հարավային Ադրբեջանի մայրաքաղաքի որոշում: Մենք կողմ ենք Իրանի դաշնայնացման: Ամերիկյան իշխանությունները շատ նրբորեն են մոտենում Հարավային Ադրբեջանի հարցին: Սակայն բոլորն էլ սկսում են գիտակցել, որ իրանյան վարչակարգի ամենալուրջ ընդդիմությունը մենք ենք: Մենք ապացուցել ենք դա ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին»: «Այդ դեպքում Իրանի բազմամիլիոնանոց ադրբեջանցի բնակչությունը կարող է հանդես գալ Իրաքի «քրդական գործոնի» դերում,- ասում է քաղաքագետ Վիկտոր Սոլախյանը: - Սակայն պաշտոնական Բաքուն այնքան էլ չի հավատում միավորման սցենարին` ելնելով երեք նկատառումներից: Առաջին` չկա երաշխիք, որ միավորումն իսկապես տեղի կունենա: Երկրորդ` միանալով այդ խաղին, այն ստիպված կլինի ճանաչել հայերի պահանջների հիմնավոր լինելը: Եվ երրորդ` կսկսվի ճգնաժամ` կապված նոր պետության ղեկավարության հետ, ինչն Ադրբեջանի ղեկավարությունը, իհարկե, չի ուզում»: Սակայն Ռուսաստանի քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների պրոբլեմների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` հենց այս սցենարն է ինչ-որ լուծում «խոստանում» ղարաբաղյան պրոբլեմին: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ստանում է ավելի քան 40000 քառակուսի կմ տարածք և համակերպվում է Լեռնային Ղարաբաղի և ԼՂՀ բանակի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների` Հայաստանին հանձնելու հետ: Երկրորդ սցենարը, որը քաղաքագետների կարծիքով ավելի իրատեսական է և ավելի է բավարարում Ադրբեջանին, տասնյակ հազարավոր իրանցի ադրբեջանցիների նախապես ծրագրված տարաբնակեցումն է` անցնելով սահմանային Արաքս գետը, դեպի ԼՂՀ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ` օդային հարվածներից փրկվելու պատրվակով: Տասնյակ հազարավոր «փախստականների» հայտնվելն այս տարածքներում արմատապես կփոխի ժողովրդագրական իրավիճակը և կկանգնեցնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը կատարված փաստի առջև: Ակնհայտ է, որ դրանից հետո ադրբեջանցի բնակչությունը դժվար թե հեռանա այդ տարածքից: Առնվազն ներկայանալով որպես փախստականներ` նրանք կփորձեն աջակցություն ստանալ: (Ադրբեջանցիները սահմանը զանգվածաբար անցնելու փորձ ունեն: 1989-ից 1990 թվականի ամանորի գիշերը խորհրդային սահմանի Նախիջևան-Իրան հատվածում սկսվեց ինժեներական կառույցների «տարերային» ապամոնտաժ, և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ապրող հազարավոր ադրբեջանցիներ ներխուժեցին Իրանի տարածք: Այդ օրվանից դեկտեմբերի 31-ը նշվում է որպես ամբողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր: Հետագայում պարզ դարձավ, որ դա ծրագրված գործողություն էր. հենց այդ օրը Ստամբուլում բացվեց Ադրբեջանցիների առաջին համաշխարհային կոնգրեսը:) Պաշտոնական Թեհրանը տնտեսական հետաքրքրություն է ցուցաբերում ԼՂՀ բանակի վերահսկողության տակ գտնվող Իրանին սահմանակից տարածքների նկատմամբ, ինչը Բաքուն համարում է քաղաքական: Երբեմն դեպքերը շատ դժվար զարգացում են ստանում: Մասնավորապես, 2001 թ. մարտին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը դիմեց Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և արտահայտվեց «Հայաստանի կողմից գրավյալ տարածքում Խուդաֆերինի ամբարտակի կառուցման դեմ»: Նա ասաց, որ ժամանակին Ադրբեջանն ինքն էր ուզում ամբարտակ կառուցել Իրանին սահմանակից այդ հատվածում, սակայն այսօր, ըստ իր ունեցած տվյալների, արդեն Հայաստանն է բանակցում Իրանի հետ այդ հարցով: «Իրանի և Հայաստանի համագործակցությունը գրավյալ ադրբեջանական տարածքներում անհնար է: Քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել, Խուդաֆերինի ամբարտակի կառուցման մասին խոսք անգամ չի կարող լինել»: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի նախագահի այս զայրալից հայտարարությանը Իրանի էներգետիկայի նախարար Խ. Բիթարաֆը պատասխանել է. «Եթե տարածքներն ազատագրվեն մեկ տարուց, ապա կարելի է նաև սպասել, բայց եթե հարցը ձգձգվի, ապա Իրանը ժամանակ կկորցնի»: Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում տասնյակ հազարավոր ադրբեջանցի «փախստականների» զանգվածային վերաբնակեցումն այս տարածքներ միանգամայն իրատեսական է թվում: Էլ ավելի իրատեսական է թվում հայկական սփյուռքի ելքը Իրանից, որի թիվն այսօր տատանվում է 80-100 հազարի սահմաններում: Քաղաքագետների մեծ մասի կարծիքով` պոտենցիալ արտագաղթողները հիմնականում կմեկնեն Եվրոպա և ԱՄՆ, և միայն նրանց փոքր մասն ապաստան կգտնի Հայաստանում: «Հայկական սփյուռքի թիվը Մերձավոր Արևելքում արագորեն կրճատվում է,- ասում է քաղաքագետ Արմեն Այվազյանը: - Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի հայերի մեծ մասը մեկնում է Արևմուտք և շատ արագ ձուլվում այնտեղ: Չնայած ԱՄՆ-ում կա հայերի այսպես կոչված «միլիոնանոց գաղութ», իրականում հայկական դպրոց է հաճախում մոտ 5000 աշակերտ: Հայաստանը պետք է հոգ տանի իր հայրենակիցների մասին` առաջարկելով հայրենիքի դատարկված տարածքները: Այս հարցն առանձնակի հրատապություն է ձեռք բերում իրաքյան զարգացումների և Իրանի հնարավոր պատերազմի պարագայում»:
Other Articles in Iran
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.