Տագնապ տարածաշրջանում. մտահոգություններ ԱՄՆ-Իրան հակամարտության տնտեսական հետևանքների մասինՉնայած առևտուրը Իրանի ու Հայաստանի միջև 2000 թվականից կայուն կերպով նվազում է, Իրանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, նախևառաջ քանի որ այն ընդամենը երկու հարևաններից մեկն է, որի սահմանները բաց են Հայաստանի համար: Ըստ Հայաստանի արդյունաբերության և առևտրի պալատի տվյալների` առևտուրը երկու երկրների միջև այժմ հասնում է մոտ 250 մլն դոլարի, որի չորս-հինգերորդը ներմուծում է Իրանից և միայն 50 միլիոնը` արտահանում Հայաստանից: Եվ չնայած Իրանը Հայաստանի հետ առևտրի ծավալով զիջում է միայն ???-ին, հայաստանյան շուկաներում ավելի շատ ռուսական, ուկրաինական և, չնայած փակ սահմաններին, թուրքական ապրանք կա: Միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերլուծությամբ զբաղվող «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևան Սարուխանյանի հավաստմամբ` ռազմական գործողություններն Իրանի դեմ անկասկած ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Սակայն այդ ազդեցությունը չի կարող այնքան զգալի լինել, որքան մեկ տասնամյակ առաջ: Հայաստանի առևտրային համակարգը 1990-ականներից ենթարկվել է զգալի դիվերսիֆիկացիայի, և այժմ գրեթե չկա Իրանից Հայաստան ներկրվող ապրանքների կրիտիկական տեսականի: (Հիմնականում Հայաստանը ներմուծում է սննդամթերք` կենդանական յուղ, ձեթ, միրգ, ինչպես նաև սպառման էժան ապրանքներ, որոնք վաճառվում են խանութներում ու տոնավաճառներում: Հայաստանում գրասենյակ են բացել մոտ չորս տասնյակ իրանական ընկերություններ, որոնք հիմնականում զբաղվում են սպառման ապրանքների արտադրությամբ և սննդամթերքի արտահանմամբ:) Սարուխանյանն ասում է, որ Իրանի հետ առևտրի դադարեցումը կարելի է փոխհատուցել` ներկրելով նման ապրանքներ Վրաստանից: Սակայն նա նույնքան լավատես չէ, երբ խոսքը վերաբերում է հայ-իրանական գազամուղի վրա հակամարտության ազդեցությանը: «Պատերազմը չի անդրադառնա սննդամթերքի ու թեթև արդյունաբերության ապրանքների առևտրի վրա, սակայն ծանր կորուստներ առաջ կբերի էներգետիկ համակարգում, որը, երկու երկրների կարծիքով, շուտով պետք է դառնար նրանց համագործակցության հիմնական ոլորտը,- ասում է Սարուխանյանը: - Նախագծված գազամուղը հեռանկարում կարող է ձգվել մինչև Վրաստան և, հնարավոր է, դեպի Եվրոպա»: «Էներգետիկան հայ-իրանական հարաբերությունների շարժիչ ուժն է, և դրան կհետևեն մյուս ոլորտները»,- ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում` պատասխանելով հարավային հարևանի հետ հարաբերությունների մասին հարցին: Թեև Իրանից Հայաստան բենզին չի ներմուծվում, հնարավոր գործողությունները հարավային հարևանի նկատմամբ հավանաբար կբարձրացնեն նավթամթերքի գները համաշխարհային շուկայում, և հայաստանյան ներկրողներն ու ավտոմեքենա ունեցողները երկյուղում են, որ բենզինի մեկ լիտրի գինը Հայաստանում կարող է ներկա 85 սենթից հասնել 1,5 դոլարի: Սակայն բացի այս կորուստներից, Սարուխանյանի հավաստմամբ` ավելի անբարենպաստ հետևանքներ կարող են ունենալ ռազմական բախումները հյուսիսային Իրանում կամ անջատողական շարժումները Իրանական Ադրբեջանում: Վերլուծաբանը նաև մտահոգ է, որ հակամարտությունն Իրանում կարող է նոր ռազմական գործողություններ հրահրել Ղարաբաղում: Սարուխանյանի հավաստմամբ` վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին մեծացել է իրանահայերի ներհոսքը Հայաստան: Ներգաղթողներն ունևոր են և ներդրումներ են անում Հայաստանում: Հակամարտությունն Իրանում, ամենայն հավանականությամբ, կաշխուժացնի այդ միտումը, և այդ առումով մարդկային ռեսուրսների Իրանի կորուստը կդառնա Հայաստանի համար ձեռքբերում, «սակայն աշխարհում ամենակազմակերպված հայկական համայնքներից մեկը կկանգնի վերացման վտանգի առջև»: Փոփոխություններն Իրանի հետ հարաբերություններում հավանաբար մեծ ազդեցություն չեն ունենա Իրանի հետ ընդհանուր մոտ 40 կիլոմետրանոց սահմանի մերձակա շրջանների համայնքների վրա: Թեև առևտրական ամբողջ հոսքը Հայաստանի հետ անցնում է Սյունիքի մարզով, այն ընդամենը դարպաս է և չունի մեծ բնակչություն, որը կարող է զգալիորեն տուժել նման զարգացումներից: Հավանաբար, տարբերություն կզգացվի Մեղրու նման սահմանային քաղաքներում, որոնք կհայտնվեն ներմուծման շղթայի (Վրաստանից` Երևանով) հետնամասում և ոչ թե առաջամասում: Ինչ վերաբերում է այդ պարագայում Վրաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Սարուխանյանը հակված է անվանել դա ավելի մեծ կախվածություն Վրաստանից, քանի որ «հայ-վրացական սահմանը կդառնա «կյանքի սահման» Հայաստանի համար» և Ադրբեջանի հետ Ղարաբաղի համար բախման դեպքում հայ-վրացական սահմանի փակումը կործանարար կլինի ազգի համար: «Մենք արդեն զգացել ենք Վրաստանում ծագած խնդիրների հետևանքները ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- եզրափակեց Սարուխանյանը: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.