Հայացք դրսից. երբեմն ավելի լավ է ոչինչ չունենալ…

Ադրբեջանի նախագահն արժանացավ Ամերիկայի նախագահի ջերմ ընդունելությանը
Իրանի նախագահն ասում է, որ իր երկիրը «թքած ունի» ՄԱԿ-ի պատժամիջոցների վրա
Հետխորհրդային մյուս անկարևոր երկրների նման Հայաստանը նույնպես ձայնի իրավունք չունի միջազգային հարաբերություններին` պատերազմին ու բարեկեցությանը վերաբերող բարձր մակարդակի բանավեճերում:

Դա կարող է փոխվել:

Բոլորի համար աննկատ փոքր երկիրը կարող է տեղ գրավել քարտեզի վրա ոչ թե որևէ աղետի, Հռոմի պապի այցելության կամ հեղաշրջման փորձի պատճառով, այլ եթե Թեհրանին ուղղված Վաշինգտոնի նշանակետը ներառի նաև հարևան երկրները:

Գտեք Սև ծովը և գնացեք արևելք կամ` Կասմից ծովը և գնացեք արևմուտք: Եթե ձեր քարտեզը գրպանի քարտեզից մեծ է, ապա պետք է գտնեք այդ եղունգաչափ հանրապետությունը, որն աշխարհին առաջարկելու գործնականում ոչինչ չունի, սակայն կորցնելու շատ բան ունի, եթե միջուկային անհեթեթությունը վիճակն ավելի տարօրինակ դարձնի` ընդլայնելով Մղձավանջի Էլոհիմի [Աստծո հրեական անունը] փողոցի տարածքը:

Հայաստանը նույնքան մոտ է բիբլիական Արարատին, որտեղ հանգրվանեց Նոյը, որքան Ջորջ Բուշի «Չարիքի առանցք» հայտարարած Իրանին: Այս աշխարհագրական հարևանությունը մետաֆորիկ հնչողություն է ձեռք բերում Ամերիկայի փրկչի հավակնություններով համակված հակաչարիքագործի և Իրանի սեփական «ալլահագարխ» նախագահ Մահմուդ Ահմադինեջադի միջև ուժգնացող լեզվակռվի պարագայում:

Հայաստանը երկու տիրոջ ծառա է` պարտավորված USAID-ի (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն) ու Ռուսաստանի գրեթե նույն քանակի միլիարդներով: Այն նաև պարտք է Իրանին` նրա բարիդրացիական քաղաքականության համար, որը հնարավորություն տվեց Հայաստանին գոյատևելու, երբ մյուսները ձգտում էին խեղդել նրան տնտեսապես:

Ժողովրդավարության հարցերում հետևողական առաջընթաց ապահովելու փոխարեն բախտախնդրությամբ զբաղվող ղեկավարություն ունեցող Հայաստանը, այդուհանդերձ, կարող է արժանանալ Ազատ աշխարհի առաջնորդի համակրանքին, եթե ՋԲ-ն հանկարծ որոշի քշել իր պատերազմի սայլը դեպի Արևելք, որտեղ լասսոյով արձաններ կտապալեն` ի հեճուկս որևէ շան որդու պատժելու ցանկությամբ համակված տեխասցու, որը զանգվածային մոլագարության զենքի լավ գիտակ է:

Թե դեպի ուր կքշի իր սայլը Հայաստանը, կարող է զարմանալիորեն վճռորոշ, գուցե կանխատեսելի և, այդուհանդերձ, չափազանց հետաքրքիր լինել համաշխարհային խելահեղության այս ամբողջ ծրագրում, որը սեպտեմբերի 11-ի պատճառով օգնության կոչից վերածվել է բանական լինելու աղերսի:

Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է Թեհրանից 487 և Բաղդադից 479 մղոն հեռավորության վրա: Հայերը մոտ են Ամերիկյան ուղուն USAID-ի շնորհիվ, սակայն հոգով ավելի մոտ են ռուսներին, ինչը բացատրվում է հետևյալ մտածելակերպով. Ամերիկա, մեզ չի հետաքրքրում քո քաղաքականությունը, բայց դուր են գալիս քո դոլարները: Ռուսներին այստեղ նախընտրում են, չնայած յանկիները սատարել են երկրին, իսկ ռուսները կլպել են այն:

(Մինչ ԱՄՆ-ը տարեկան մոտ 90 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին, Ռուսաստանը, ոչ մի ռուբլի «միջազգային օգնություն» ցույց չտալով, «պարտքի դիմաց գույք» է պահանջել, ինչի արդյունքում Հայաստանի էներգետիկ համակարգի գրեթե 70 տոկոսը դարձել է Ռուսաստանի սեփականություն, այդ թվում` կառուցվող Իրան-Հայաստան գազամուղի կառավարման 25 տարվա իրավունքը: Այդուհանդերձ, պատճառներով, որոնք կարող են լինել նույնքան պարզ, որքան հասկանալի լեզուն` ռուսերենը, և ընդհանուր մայրացամաքը, Հայաստանը հակված է նախապատվությունը տալու հյուսիսային հարևանին և ոչ թե արևմտյան փրկչին` տնտեսական հավասար պայմանների դեպքում:)

Կարելի է ենթադրել, որ Իրանին ցամաքով, իսկ Ամերիկային պարտավորություններով կապված Հայաստանից Քեռի Սեմը կարող է պահանջել վերադարձնել պարտքը, երբ «Սքադ» հրթիռները հարավում լուսավորեն հորիզոնը: Թերևս դա քիչ հավանական է: Բացի օդային տարածքից (որը Հայաստանը տրամադրել էր ԱՄՆ-ին Իրաքի վրա հարձակումներ գործելու համար), Հայաստանն առանձնապես առաջարկելու բան չունի: Նրա ռազմավարական անպիտանությունը, զարմանալիորեն, իր մեջ ապահովության պաշար ունի: (Մի առիթով ես հարցրի Պետքարտուղարության մի պաշտոնյայի, թե ինչ է Ամերիկան ստանում Հայաստանին ցույց տված օգնության դիմաց: Գլխացավանք` պատասխանեց նա:)

Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ ծով: Այն արժեք չունի ոչ մեկի համար, բացի նրա աննավթ ու անծով հոգու նվիրյալներից: Ու ոչ էլ սպառնալիք է որևէ մեկին: Եվ մի դարաշրջանում, երբ միջուկային ներուժը մի ստերոիդ է, որ թույլիկներին դարձնում է համաշխարհային սպառնալիք, չվաստակած մխիթարանքը, միևնույն է, մխիթարանք է:

Խելամիտ է ենթադրել, որ եթե Իրանի Թեոկրատն ու Ամերիկայի Ընտրյալը շարունակեն շարժվել նվազագույն դիմադրության ճանապարհով, ապա ԱՄՆ-ը աջակցության համար կդիմի Թուրքիային` մերձավորարևելյան բեմում իր հերթական աբսուրդի թատրոնը ներկայացնելու համար: Սակայն դա կարճատես ենթադրություն է:

Ամերիկյան օդային ռազմակայանների առկայությունը Թուրքիայում հարմար բան է, և այդ մահմեդական երկրում կրոնը չի խառնվում պետության կառավարմանը: Սակայն Թուրքիան իր սպառած նավթի 22 տոկոսը ստանում է Իրանից: Ոչ Քրիստոսը, ոչ էլ Մուհամմեդը չեն կարող ժխտել, որ 21-րդ դարի աշխարհա-աստվածա-քաղաքականության մեջ նավթն ավելի ծանր է, քան արյունը կամ հավատքը: Բացի այդ, Թուրքիային ուշադիր զննում են` Եվրամիության չափանիշներին համապատասխանության տեսանկյունից, իսկ այդ կառույցը տարօրինակ նախապաշարումներ ունի ամեն ինչ ավերող տավարի գլուխների նկատմամբ:

Ադրբեջանն ավելի երկար սահման ունի Իրանի հետ, քան Հայաստանը: Բացի այդ, Իրանում ավելի շատ ադրբեջանցի է ապրում (մոտ 15 միլիոն), քան հայ կա ամբողջ աշխարհում: Ամերիկացիների հետ սեփական ազգակիցների ոչնչացումը վատ է անդրադառնում իմիջի վրա, նույնիսկ եթե այդ իմիջը, այս դեպքում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փայլեցնում են Վաշինգտոնի այն նույն ախպեր տղերքը, որոնք դեռ վերջերս վայրահաչում էին, թե Ալիևը տիրացել է նախագահական աթոռին ընտրակեղծիքների շնորհիվ:

Այնպես որ, եթե ձեր արժույթի վրա (բառիս բոլոր իմաստներով) գրված է «Հավատում ենք Աստծուն», ո՞ւմ կդիմեիք օգնության համար մի տարածաշրջանում, որն ավելի անբարյացակամ է դառնում ամեն սպանված իրաքցու և Ազատ աշխարհի առաջնորդի ամեն սպառնալիքի հետ, որի Չարիքի առանցքի գլխավորին «ծխախեղդ անելով բնից հանելու» անկատար խոստումը մի ակնթարթում հօդս ցնդեց:

Մտնել Հայաստան` մի քանի պոտենցիալ դաշնակիցներից մեկը, որը կորցնելու ոչինչ չունի, քրիստոնյա երկիր է, քիչ թե շատ ժողովրդավար, և ի դեմս Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնում ունի ամենաուժեղ լոբբիներից մեկը: Կորցնելու բան չունի, այսինքն` չհաշված խիստ անհրաժեշտ գազամուղը, կախվածությունը Ռուսաստանից (որտեղ ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, և որը դեմ է Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային), և գերագույն թշնամիներ Ադրբեջանի ու Թուրքիայի կրքերը բորբոքելու հնարավորությունը (կարծես հնարավոր է դրանք ավելի բորբոքել)` համբուրելով ամերիկացիների քամակը:

Հայաստանին, որը եվրոպական մի վերլուծական կենտրոն անվանել է «հյուսիսային Մերձավոր Արևելք», կարող է հատկացվել մի դեր, որին այն ոչ ձգտում է, ոչ էլ ի վիճակի է հրաժարվել: Իսկ գուցեև ոչ…

Չնայած դավանանքի տարբերությանը, Հայաստանը բարեկամական ու շահավետ հարաբերություններ է պահպանում իր հարավային հարևանի` Իրանի հետ, որտեղ ապրում է 80-100 հազար հայ: Արևելքից (Ադրբեջանից) ու արևմուտքից (Թուրքիայից) փակված սահմանների պարագայում Իրանը կենսական նշանակություն ունեցող տնտեսական ելք է ծովազուրկ Հայաստանի համար:

Հայաստանը նույնպիսի բարիդրացիական հարաբերություններ է պահպանում նաև հյուսիսային հարևանի` Վրաստանի հետ, որի սևծովյան նավահանգիստները Հայաստանի համար ելք են ապահովում դեպի Եվրոպա: Վերջին շրջանում հայկական պատմական ճարտարապետական հուշարձաններն ու եկեղեցիները «վրացականացնելու» Միխայիլ Սաակաշվիլու վարչակազմի փորձերն առաջ էին բերել մոտ 250 հազար վիրահայերի զայրույթը, հատկապես` մեծ մասամբ հայաբնակ Ջավախքում: Հայերին նաև չի ուրախացնում նոր երկաթուղի կառուցելու ծրագիրը, որը կկապի Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը` շրջանցելով Հայաստանը: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանն արդեն աշխարհաքաղաքական պատիժ էր ստացել, երբ դուրս էր թողնվել Բաքու-Ջեյհան նավթամուղի ծրագրից:

Մինչ Հայաստանը շարունակում է ծծել Ռուսաստանի կուրծքը, Վրաստանը ոչ թե պարզապես կտրել է իրեն այդ կրծքից, այլև փաստորեն առճակատման հարաբերություններ է ընտրել Ռուսաստանի հետ` տապալելով նախկին խորհրդային արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեին` Կովկասյան աղվեսին և փոխարինելով նրան Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ, անգլերենին ազատ տիրապետող վարդազօծ Սաակաշվիլիով: Այս ձմռանը կրկնակի թանկացնելով գազի սակագները` Ռուսաստանը զիջումներ արեց Հայաստանին (որոնք, ոմանց կարծիքով, իրականում ավելի թանկ նստեցին հանրապետության վրա), սակայն ոչ Ստալինի հայրենիք Վրաստանին, իսկ վերջերս նաև արգելեց վրացական արտահանման կարևորագույն ապրանքի` գինու ներմուծումը Ռուսաստան:

Անցյալ տարի Վրաստանը դուրս շպրտեց ռուսներին Բաթումի ու Ախալքալաքի ռազմակայաններից: Եվ եթե Երևանի փողոցներում ռուսերեն ցուցանակներն ավելի շատ են, քան անգլերենները, Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտոնական լեզվով խոսելիս արժանանում ես ընդգծված «նյետ»-ի:

ԱՄՆ հնարավոր իրանյան կամպանիայում Կանաչ գոտու դեր ստանձնելով` արևմտամետ Վրաստանը հաջողությամբ կեռիկից կհանի Հայաստանին, ի բարեբախտություն վերջինիս, քանի որ և’ Վրաստանը, և’ Իրանը գրեթե բոլոր առումներով (բացի նավթից) շատ ավելի կարևոր են Հայաստանի, քան ԱՄՆ համար:

2002-2004 թվականներին ԱՄՆ-ը 64 միլիոն դոլար է ծախսել Վրաստանի զորքերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան «վերապատրաստելու ու վերազինելու» համար: Անցյալ տարի ծրագիրը իրականացվել է կրկին` նույն ֆինանսավորմամբ: Անցյալ տարվա վերջի դրությամբ, ենթադրվում էր, որ Վրաստանը բարձրացրել էր (ԱՄՆ ֆինանսավորմամբ) մոտ 25 հազար պահեստայինների ու զորակոչիկների մարտունակությունը: Հայտարարվում էր, որ վերապատրաստումը նպատակ է հետապնդում լուծելու Հարավային Օսիայի խնդիրը: Այդ վերապատրաստումը ժամանակային առումով նաև համընկնում է (ըստ «Նյույորքեր» ամսագրի) Իրանում գործողություններ ծավալելու ամերիկյան ծրագրի ծավալմանը…

Միանգամայն հնարավոր է, և կարելի է հուսալ, որ, ի վերջո, Իրանում կեղտոտ աշխատանքը կկատարի ՄԱԿ-ը: Եվ, ամենայն հավանականությամբ, դա կարվի պատժամիջոցներ կիրառելով, որոնք, վերջին հաշվով, եթե ոչ միանգամից, կվնասեն Հայաստանին: Կլինի՞ արդյոք որևէ փոխհատուցում: Գուցե այդ դեպքում կիմանանք, թե ով է Հայաստանի բարեկամը, և ով է պարզապես օգտագործում նրան:

Այսօր պաշտոնյաներն ու քաղաքագետները ամենաշատ օգտագործում են «չեզոքություն» բառը` գնահատելով Հայաստանի դերը ԱՄՆ-Իրան վեճում: Ոչ պաշտոնական զրույցներում և շարքային մարդկանց կողմից հաճախ օգտագործվում է մի հայերեն բառ:

Չնայած տվյալ դեպքում բառախաղն անսպասելիորեն համապատասխանում է իմ անձնական կարծիքին` պատճառելով գլխապտույտ առաջացնող հաճույք, ես երդվում եմ, որ այն, ինչ պետք է ասեմ, կատարյալ ճշմարտություն է.

Հայերենում [արևմտահայերենում] «ապուշ» բառը [«աբուշ»] շատ նման է ԱՄՆ նախագահի անվանը:

Հուսանք, որ սա կմնա խոսքերի պատերազմ:

ԱրմենիաՆաուի էջերում