«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մարտի 1-ին իրադարձությունների կենտրոնում էր

Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառան‎գություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, որը պետք է կյանքի կոչվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լրջորեն ցնցած բոլոր իրադարձությունների լիարժեք և խիզախ իմաստավորման:

Փետրվարի 19-ը` ընտրությունների օրը, նշանավորվեց քաղաքացիական կամքի բացահայտ ու համատարած անտեսմամբ: Դրա անքակտելի մասը դարձան նախորդած քարոզարշավն ու հաջորդած դեպքերը, մասնավորաբար` մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները: Քարոզարշավը զգալիորեն անհավասար էր լրատվամիջոցներ ազատ մուտքի հնարավորության և անաչառ լուսաբանման առումով: Մի շարք դեպքերում աշխատում էր ընտրակաշառքը, այլ դեպքերում` հարկադրական ընտրական գործողությունները` վարչական լծակների չարաշահումը, մեծիմասամբ հատվածապաշտական նկրտումներով պետական միջոցների օգտագործումը: Այսպիսով, նախքան ընտրությունների անցկացումը դրանց հետ կապված գործընթացներն արդեն իսկ առանձնանում էին նախապաշարված բնույթով:

Քվեարկության օրը էական ու համակարգային խախտումներ գրանցվեցին ողջ հանրապետությունում, որոնք էլ լրջագույն հետևանքներ ունեցան ընտրակարգի որակական պատշաճության և բուն ընտրությունների իրական քանակական արդյունքի արտացոլման վրա: Այսպիսի բան ժողովրդավարական կառավարությունների առկայության պայմաններում չի լինում:

Ժողովրդավար իշխանություններն ուժ չեն կիրառում սեփական քաղաքացիներին հալածելու համար: Հայաստանի հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Ազատության հրապարակում` վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները: Այն փաստը, որ ցույցի մասնակիցների թիվն աճեց և դա, անկասկած, իշխանություններին խիստ անհանգստություն պատճառեց, բնավ չի արդարացնում վիճարկողներին ճնշելու նրանց գործողությունները: Մարտի 1-ին ՀՀ գործող նախագահը` բավարար օրինական հիմք չունենալով, հայտարարեց արտակարգ դրություն: Սա ծնեց, ի խախտումն քաղաքացիական և քաղաքական ազատությունների ազգային ու միջազգային բոլոր նորմերի, ինչպես նաև համընդհանուր ժողովրդավարական էթիկայի, խոսքի ու լրատվության ազատության, ազատ հավաքվելու և պետության կողմից չարտոնված քաղաքական թռուցիկներ տարածելու իրավունքների խստիվ սահմանափակում: Հայաստանի մասին հաղորդում պատրաստած միջազգային հեռարձակողներն ընդհատվեցին սև էկրաններով և/կամ արհեստականորեն տեղադրված գովազդներով: Կայքէջեր մուտքն արգելվեց, և ռադիոկայանների հաղորդումները չհեռարձակվեցին, ինչն արվում էր հայրենի կառավարության և միջազգային հանրության գործողություններից մեր ժողովրդին անտեղյակ պահելու նպատակով: Այս ամենը, ցավոք սրտի, հիշեցնում է խորհրդային դարաշրջանը:

Ըստ էության, մարտի 1-ի առավոտից մինչև նույն օրվա ուշ գիշեր իշխանությունները սկսեցին համակարգված հարձակում գործել իրենց իսկ համաքաղաքացիների վրա, իսկ «պրո‎ֆեսիոնալ» սադրիչները բորբոքեցին հավաքվածների կրքերը` իրավապահներին և այլոց տալով բռնություններ կատարելու պատրվակ: Ազատությունը ոտնահարվեց, և ըստ պաշտոնական տեղեկատվության, յոթ քաղաքացիական անձ և մեկ ոստիկան սպանվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, և բոլորը զրկվեցին մարդու` իրենց հիմնարար իրավունքներից: Այնինչ եթե Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին վաղ առավոտյան բռնի կերպով չցրեին, ապա այդ գիշերվա ազգային ողբերգությունը տեղի չէր ունենա:

Ցուցարարները` մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնարարքի արդյունքում զրկվելով իրենց ձայնից, սկսեցին չհետևել իրենց ղեկավարներին: Անվտանգության «սպասավորները», այդ թվում նաև տարբեր համազգեստ հագած, դիմակավոր մարդիկ ամեն օր ձերբակալում-տանում էին և ցայսօր էլ տանում են ընդդիմության ներկայացուցիչներին ու շարքային մասնակիցներին, անգամ տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիների, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում տարաբնույթ շինծու մեղադրանքներից մինչև պետական հեղաշրջման կազմակերպման փորձի համար: Ազգային ժողովի 4 պատգամավորների հանդեպ, ովքեր համարձակվեցին աջակցել ընդդիմության թեկնածուին, նույնպես մեղադրանք ներկայացվեց, և նրանք զրկվեցին անձեռնմխելիությունից: Իրականացված հատուկ գործողության և դրան հաջորդած արտակարգ իրավիճակի նպատակը հետևյալն էր` փորձել հայ ժողովրդին վախեցնել և Սահմանադրական դատարանին զգուշացնել, որպեսզի վերջինս անկողմնակալ դատավճիռ կայացնելու տեսական մտադրություն անգամ չունենա: Գործի դրվեց բիրտ մարտավարություն, և իշխանության գոնե գերակա շրջանակը ևս մեկ անգամ վավեր համարեց փետրվարյան ընտրությունների իր համար ցանկալի արդյունքները:

Արտակարգ դրությունը տակավին ուժի մեջ է, և քաղաքացիները դեռ բանտում են` հաճախ ունենալով իրենց փաստաբաններին տեսակցելու սահմանափակ հնարավորություն: Իսկ լրատվամիջոցները, որոնց դերը կառավարական վարքի և կոռուպցիայի նկատմամբ տեղեկատվական վերահսկողություն իրականացնելն է, մղվել են կամ դեպի լուսանցք, կամ էլ` մեղսակցություն: Քաղաքական ձերբակալությունների ու կալանքների թիվն աճում է, ընդ որում` Գլխավոր դատախազության գործունեության սահմաններն ընդարձակվել են` ներառելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հարցաքննության հանգամանքը, ովքեր իրավակարգի պահապանների թեթև ձեռքով ու բաց հայտարարությամբ նաև հակաօրինաբար զրկվել են ձերբակալված քաղաքացիներին այցելելու իրավունքից և անբարո կերպով ենթարկվում են «պաշտոնական» զրպարտանքների:

Փետրվարի 19-ին ցուցաբերված անխղճությունը և դրա արդյունքների պաշտպանությանն ուղղված մարտի 1-ի դաժանությունը իրենց մեջ դեռևս չլուծված հարցեր են պարունակում: Նախահարձակ և միակողմանի «հանրային իրազեկման» ուղղահայացով ուղեկցվող ոչ մի արտակարգ դրություն, որը հարթելու փոխարեն ավելի է խորացնում հանրության երկպառակտումը, չի կարող հանգեցնել պետության և ժողովրդի հավաքական հիշողության կորստին: Արտակարգ դրությունը պետք է անմիջապես վերացվի:

Այն, ինչի կարիքն ունի երկիրը և ինչը հույժ անհրաժեշտ է ժողովրդին, և նրա կառավարությունն այլևս չի կարող հետաձգել` համարձակ ու նորովի ազգային բազմախոսությունն է: Համապետական այս առաքելության համար «Ժառանգություն» կուսակցությունը կշարունակի ըստամենայնի ծառայել Հայաստանի քաղաքացիական պահանջին և կօգտագործի իր ողջ ներուժը, իր վերջին ճիգը` հասնելու համար հասարակության ու նրա կառավարության, ինչպես նաև կառավարության ու իր իսկ անցյալի միջև հաշտեցմանը: Այդ նպատակով «Ժառանգությունը» կոչ է անում ազգային արժանապատիվ համերաշխության, բազմահատված հանրային ծրագրի կենսագործման, ակնհայտորեն քաղաքական բովանդակությամբ բանտարկյալների ազատ արձակման, մարտմեկյան ջարդի և դրա պատճառների ու հետևանքների անհապաղ ու լիազոր հետաքննության, որի արդար և ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսև իրական մեղավորների պատժմանը և մամուլի ազատության հաստատմանը:

Հայոց արդի պատմության ամենավճռորոշ այս պահին միայն այսկերպ մենք կկարողանանք կենսակոչել ազգային փոխակերպումը, որը վաղուց պետք է կատարվեր, սակայն հիմա ուղղակի դարձել է անհետաձգելի հրամայական` հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի:

17 մարտի 2008
Երևան

ԱրմենիաՆաուի էջերում