Քանդված օջախ. սպանված Գոռ Քլոյանի ընտանիքի համար մխիթարություն չկա
«Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը: «Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»: Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ: Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած: Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ: Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը: Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր: «Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»: Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան: «Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը: «Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը: Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի: Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել: «Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»: Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»: Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում: Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է: «Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա: Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու: «Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 12 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.