Մղձավանջ Պարոնյան փողոցում. ցուցարարը պատմում է սարսափի ու վճռականության մասին
«Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս վրայով,- ասում է Գրիզելդան: - Կարծում էի, որ «այլանդակությունը» վերջացել է օպերայի հրապարակում, բայց երբ տեսա, թե որքան զորք է լցվում Մյասնիկյանի հրապարակ, ու ժողովուրդը պատրաստվում է ինքնապաշտպանության, հասկացա, որ մորթելու են մեզ, ու ես պատրաստ էի մորթվելու»: Ցուցարարների շարքերում Գրիզելդա Ղազարյանը եղել է աղջկա` 24-ամյա Գայանեի, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ հետ: Ժամը 8:30-ի սահմաններում նրանք լքում են Մյասնիկյանի հրապարակը և ոտքով բարձրանում դեպի Պարոնյան 18 շենք, որտեղ ապրում է Շիրխանյանների ընտանիքը: «Աղջիկս վատ էր զգում, ու որոշեցինք գնալ Շիրխանյանների մոտ թեյելու: Երբ հասանք Մաշտոցի պողոտայի անցումի մոտ, տեսանք, թե որքան զինվոր են լցրել այդտեղ: Այդ զինվորները մեզ քշելով տարան մինչև Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ: Մենք ոտքով էինք գնում Պարոնյան 18, սակայն Պարոնյան 14-ի անկյունային շենքի մոտ զինվորներ կանգնեցին, նրանց մեջ մտան սաղավարտավորները»,- պատմում է Գրիզելդան: Ասում է, որ զինվորականների մեջ մի սպայի դեմքով ճանաչում է, հաճախ տեսել էր Ազատության հրապարակում: Մոտենում է նրան ու ասում. «Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ եղբայրասպան պատերազմ է»: Այնուհետև կրակոցներ են լսվում: Գրիզելդան ասում է. «Մտածեցի` վերջ, հիմա բոլորիս այստեղ կսպանեն: Մտածում էի, թե որտեղ է հիմա տղաս այդ ամբոխի մեջ, ու գուցե նրա վրա էլ են կրակում այս պահին: Բոլորս սկսեցինք այդ կրակոցներից բղավել: Մինչ այդ մարդիկ մայթերով դեռ գնում-գալիս էին, բայց այդ սաղավարտավորները մայթերն էլ փակեցին»: Գրիզելդան ասում է, որ այդ ամենից իրեն կորցրած` մոտեցել է ծանոթ դեմքով սպային ու ասել, որ երբ այս ամենը վերջանա, պոկելու է նրա ուսադիրները: Ի պատասխան Գրիզելդայի խոսքերի` սպան մահակով հարվածել է նրա փորին: Սպային հեռացրել են կնոջ մոտից, սակայն նա շարունակել է կեղտոտ հայհոյանքներ տեղալ կանանց հասցեին: Կրակոցների տարափի տակ Գրիզելդան ասում է, որ աղջիկը` Գայանեն, սկսում է բղավել. «Թուրքեր, էս ի՞նչ եք անում, նրանք կորցնելու բան ունեն, դուք ի՞նչ ունեք կորցնելու, ո՞ւմ շահերն եք պաշտպանում, երկիրը մերն է` քաղաքացիներինը»: Գրիզելդան ասում է, որ Գայանեն դեռ բղավում էր, երբ սաղավարտավորները հարձակվեցին նրա վրա: «Տեսա շենքի մուտքի դռներից մեկն ու փորձեցի ներս մտնել: Բայց հենց ուզում էի ոտքս ներս դնել, գլխիս ուժեղ հարված ստացա: Լսում էի, թե ինչպես են գոռում. «Բռնեք էդ պոռնիկին, քաշեք դրան ստեղ»: Աղջկաս հետ էին: Տեսա` ինչպես Գայանեի կապուշոնից քարշ տվեցին դեպի փողոցի մեջտեղ ու սկսեցին մահակով հարվածել: Ես ընկած տեղից տեսնում էի` ոնց են չորս-հինգ հոգի քացիներով խփում աղջկաս: Լսում էի Վահան Շիրխանյանի կնոջ ձայնը. «Ռաֆայել Ղազարյանի կնոջը մի խփեք, աղջկան մի սպանեք»: Գրիզելդան ասում է, որ ինչ-որ մեկը զինվորական համազգեստով կանգնում է իր գլխավերևում: Հետո քարշ տալով բերում է աղջկան: Գայանեն ի վիճակի չի լինում քայլելու: «Ես գոռում էի` սրիկա, անասուն, թուրք, իսկ նա շատ հանգիստ տոնով ռուսերեն պատասխանեց. «Ես փրկեցի ձեր ու ձեր աղջկա կյանքը»: Հետո մեզ մտցրեց շենքի մուտք, նաև Շիրխանյանի կնոջը, ու դուռը փակեց»,- պատմում է Գրիզելդան: Սեփական ոստիկաններից ու զինվորներից ծեծված ու ստորացված կանայք սկսում են բախել դռները: Առաջին հարկում նրանց չեն արձագանքում: Երկրորդ հարկում մի կին նրանց ներս է թողնում: «Մեզ ներս թողեց, իսկ այնտեղ արդեն տեղ չկար, այնքան մարդ էր ներս մտել: Պատահական անցորդներ էին: Հետո շենքի հետնամասից լսեցինք լացի ձայներ: Ասացինք. «Ծպտուն մի հանեք ու լցվեք ներս»: Այդ ձայնի վրա միայն կգային ու կսկսեին ծեծ ու ջարդը: Տանտիրուհին իրեն կորցրել էր, ասում էր. «Խնդրում եմ` հեռու կանգնեք պատուհաններից, ներքևում ավտոբուս է վառվում, որ պայթի, ապակիները կլցվեն ձեզ վրա»: Գրիզելդան սարսափով է պատմում այն տեսարանի մասին, որի ականատեսն են եղել արդեն պատուհաններից նայելիս: «Պարոնյան-Լեո հատման կետում իսկական պատերազմ էր: Ես անընդհատ մտածում էի տղայիս մասին, որին թողել էր Մյասնիկյանի հրապարակում: Երբ վերջապես կապվեցի նրա հետ, ասաց, որ իրենց մոտ հանգիստ է: Մինչև 1:30-ը սպասել ենք շտապօգնության, որն այդպես էլ չեկավ: Հետո մենք ենք մեքենայով գնացել Հանրապետական հիվանդանոց»: Գրիզելդան ցույց է տալիս կապտուկների մեջ կորած մեջքն ու ուսերը: Նույն վիճակում է նաև աղջիկը: Գայանեն ցավերից քայլել անգամ չի կարողանում: Գրիզելդա Ղազարյանը դիմել է դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, ԵԱՀԿ գրասենյակ: «Դա նպատակաուղղված սպանություն էր, ես ճանաչեցի նրանց, իրենք` ինձ: Գիտեն, որ շարժման ակտիվ մասնակից եմ, ու վերջապես վկա եմ, չէ որ դեմքով ճանաչեցի այդ սպային: Անունը չգիտեմ, բայց կիմանամ»,- ասում է նա: Գրիզելդան ամեն օր մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներին ու երթերին: Ասում է, որ ինն օր շարունակ ոչ մի անօրինականություն չի տեսել: «Գիտե՞ք, արյունով ոչ ոք իշխանության չի գալիս: Դա հասարակության բողոքն էր: Ու թող չկարծեն, թե այդ ամենով կոտրեցին ժողովրդի կամքը: Ինքս քանի կամ, այնքան պայքարելու եմ,- ասում է նա ու շարունակում: - Երկիրը պետք է երկիր լինի: Ես չեմ ուզում, որ իմ տղան, իմ աղջիկը գնան այստեղից, հասկանո՞ւմ եք, չեմ ուզում»: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 20 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.