Անմեղ զոհ. մարտի 1-ին նա սխալ ժամին սխալ տեղում էր

Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:

«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:

Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:

Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:

«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:

Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:

Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:

«Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:

Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:

«Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:

«Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:

«Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:

Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:

«Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:

Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:

«90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:

Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:

«Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:

ԱրմենիաՆաուի էջերում