Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը

Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը


Մարտը սկսվեց իր գժությամբ

Ուժերի համախմբումը սկսվեց հոկտեմբերի 26-ին
Փետրվարի 26-ին Տեր-Պետրոսյանի հանրահավաքն ավելի մեծաթիվ էր, քանի Սարգսյանինը
Ազատության հրապարակը վերածվել էր վրանաքաղաքի
Շաբաթ ցերեկով պարզ դարձավ, որ առճակատումն անխուսափելի է
Նախագահը խոստացել էր չընկրկել ապստամբների առջև
Կիրակի առավոտյան
Ոստիկանի հուղարկավորությունը նաև կոչ էր` ի զեն
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական հզորության ցուցադրումով, իսկ 2004-ին` ֆիզիկական ուժով, վերագտավ իր ձայնը երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով:

Այդ օրը մոտ 10.000 մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու նախկին նախագահի առաջին հրապարակային ելույթը 1998-ի փետրվարին հրաժարական տալուց հետո: Այդ մարդկանց համար, ում թիվը հաջորդ չորս ամիսների ընթացքում անշեղորեն աճում էր, Տեր-Պետրոսյանի վերադարձը նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի 10 տարիների ընթացքում անընդհատ ծանրացող ճնշման լծից ազատվելու հույսի ազդանշան էր: Շատերն էլ, կարծես, պատրաստ էին ռիսկի դիմելու` հուսալով, որ Տեր-Պետրոսյանը չի վերադառնա նախագահության ժամանակների ճնշման իր հին սովորույթներին:

Շատերն էին պատրաստ հուսալու:

Սակայն այդ հույսը ներկայացվեց ատելության քարոզչությամբ` հոկտեմբերի 26-ից ընդհուպ մինչև ընտրության օրը` փետրվարի 19-ը, և մինչև գարնան առաջին արյունոտ օրը: Գալիք հինգ տարվա համոզիչ ծրագիր ներկայացնելու փոխարեն Տեր-Պետրոսյանը ապավինեց հուզական ելույթներին` մեղադրելով ներկա վարչախմբին «Հայաստանը բարոյազրկելու» մեջ: Վերադառնալով քաղաքական ասպարեզ` երկրի նախկին ղեկավարը նոր բառով որակեց Քոչարյանի գլխավորած չարիքի բուրգը` «ավազակապետություն»:

Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը շարունակեց աճել նույնիսկ վիճահարույց ընտրություններից հետո, որում, իր հավաստմամբ, հաղթել էր ձայների տպավորիչ 65 տոկոսով: Իր ընտրության օրինականությունը ցույց տալու նպատակով ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում հսկայական բազմություն հավաքեց, սակայն ավտոբուսներով մարզերից հարկադիր բերված քաղաքացիներից շատերը լքեցին Սարգսյանի հանրահավաքը, որպեսզի լսեն Տեր-Պետրոսյանի ելույթը: Կեղծիքներով ու բռնություններով անցած ու Սարգսյանին հաղթանակ բերած ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց դա անհնազանդության ցուցադրում էր, որը, անշուշտ, պետք է առաջ բերեր ընտրված նախագահի մտահոգությունը, և հուժկու աջակցություն էր Տեր-Պետրոսյանին:

Ընտրության օրվա կեղծիքների շարանը, կարծես, հաստատում էր Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Սարգսյանն ընդամենը ավազակ է` օժտված չափազանց մեծ իշխանությամբ: Ամբողջ Հայաստանով մեկ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամներին մեղադրում էին ընտրախախտումների մեջ` քվեատուփերի լցոնումներից մինչև բռնաբարության սպառնալիքները:

Սակայն ըստ պաշտոնական տվյալների` ձայների 52,8 տոկոսը ստացած Սարգսյանին քաջալերեց միջազգային մարմինների աջակցությունը, առաջին հերթին` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որը, ի զարմանս նույնիսկ սեփական դիտորդների, հավանություն տվեց ընտրություններին: Մարտի 2-ին պարզ դարձավ, որ միջազգային կառույցները զղջում են ցույց տված աջակցության համար:

Փետրվարի 19-ին հաջորդեցին զարմանալիորեն խանդավառ ընդդիմության ամենօրյա բողոքի ցույցերը, որոնք գագաթնակետին հասան փետրվարի 26-ին, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թիվը բացահայտորեն գերազանցեց Սարգսյանի ու նրա կողմնակիցների հավաքագրած բազմությանը, թեև ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների` Տեր-Պետրոսյանը ստացել էր Սարգսյանի ստացած ձայների կեսից էլ քիչը` մոտ 21 տոկոս: Այս մարդիկ փողոց էին դուրս եկել ոչ այնքան Տեր-Պետրոսյանին սատարելու համար, որքան ի նշան բողոքի, որ իրենց քվեաթերթիկներն առանց ճշտելու հավաքել ու լցրել են Սարգսյանի պարկը:

Նրանց բարձրագոչ վանկարկումների ուղերձը բացահայտեց այդ մարդկանց ցանկությունը` ոչ թե անձի, այլ ինստիտուցիոնալ փոփոխություններ: «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներին ավելի ու ավելի հաճախ միախառնվում էին «Ազատությո~ւն» կրքոտ կոչերը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ականատես էր եղել զանգվածային դժգոհության մեկ այլ առիթով, երբ 2003-ին պահպանեց իր իշխանությունը` հակառակ ընտրախախտումների մեղադրանքներին: Մի քանի օր շարունակ թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները բողոքում էին, մինչև տեղի տվեցին հյուծվածության ու համոզմունքի բացակայության պատճառով:

Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր. ցուրտ ձմեռով առավել նվիրվածները գիշերում էին Ազատության հրապարակում` իրենց համերաշխությունը ցույց տալու Տեր-Պետրոսյանին կամ առնվազն նրա ներկայացրած հնարավորությանը: Նախկին նախագահը հրապարակում քնողների հետ էր, թեև գիշերում էր ոչ թե վրանում, այլ իր «Լինքոլն թաունքար» ավտոմեքենայի հարաբերական հարմարության ու անվտանգության մեջ: Գիշերով աճում էր վրանաքաղաքը, իսկ ցերեկով` հանրահավաքները, մինչև Քոչարյանն իրեն հարկադրված զգաց վերացնելու ընտրությունների լեգիտիմության ուժ հավաքող մարտահրավերը` խոստանալով սահուն վերադարձ կյանքի բնականոն հուն և իշխանության նկատմամբ իր կառավարության անառարկելի լիազորության վերականգնում:

«Սիրելի ժողովուրդ, գործիք մի դարձեք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքին: Դա ձեր խաղը չէ, դուք այդ խաղում չեք շահելու, միայն տանուլ եք տալու, ու տանուլ է տալու երկիրը»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին` իր հեռուստաելույթում ասաց Քոչարյանը: Նա նաև վճռականություն հայտնեց կարգ հաստատելու համար դիմել «Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներին»:

Իսկ երբ մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Արմեն Հարությունյանը քննադատեց ուժի կիրառումը Քոչարյանի կողմից, նախագահն արձագանքեց` խորհուրդ տալով օմբուդսմենին հիշել, որ ինքը Ստրասբուրգում չէ (որտեղ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը):

Համառորեն պնդելով ապրիլի 9-ին իրեն սպասող աթոռը գրավելու իրավունքը` Քոչարյանի աջակցությունը վայելող ընտրված նախագահ Սարգսյանը փոխզիջման առաջարկ արեց` կոչ անելով երկխոսություն սկսել ու կոալիցիոն կառավարություն ստեղծել: Թե որքանով էր այդ առաջարկն անկեղծ, պարզել չհաջողվեց, քանի որ Տեր-Պետրոսյանն իր հակառակորդի առաջարկն ընդունեց ծաղրանքով ու վիրավորանքով` հայտարարելով, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես իրավունք չուներ առաջադրվելու (քանի որ չէր բավարարում քաղաքացիության պահանջը), և ասելով, որ ինքը չի բանակցի օրինախախտների հետ:

Շարունակելով իշխանություններին սևացնելու իր քարոզարշավը` Տեր-Պետրոսյանը նաև դիմեց Սահմանադրական դատարան, որն իրավասու էր բեկանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Սարգսյանին նախագահ հռչակած որոշումը:

Մինչ նախագահի մյուս թեկնածուները (առաջադրվել է ընդամենը 8 թեկնածու) մեղմացրին իրենց դիրքորոշումները` սահմանափակվելով իրենց քվեները գողանալու մասին հայտարարություններով, ուշադրության կենտրոնում հայտնվեց «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը (ընտրություններում նա ստացավ ձայների 16 տոկոսը), որը հրաժարվեց սատարել Տեր-Պետրոսյանին` փոխարենը ցուցաբերելով երիտասարդ ու հավակնոտ քաղաքական գործչի հատկանիշներ, որը ձգտում է լավ գործարքի ու ապագայի:

Նախագահական քարոզարշավից առաջ 39-ամյա պատգամավոր Բաղդասարյանը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում 2006-ի ձմռանը, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ռեստորաններից մեկում նա հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ և փորձել ապահովել Մեծ Բրիտանիայի աջակցությունը ընդդիմությանը 2007-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ խոսակցությունը ձայնագրվել է գաղտնի լսասարքով մի ռեստորանում, որտեղ հաճախ էր լինում ընդդիմադիր դարձած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (ներկայումս նա փախուստի մեջ է` խուսափելով մարտի 1-ի իրադարձություններին առնչվող մեղադրանքներից):

Այդ հանդիպման ժամանակ դեռևս շարունակվում էին Բաղդասարյանի տարաձայնությունները Քոչարյանի հետ, որոնք հանգեցրել էին նրա հրաժարականին խորհրդարանի խոսնակի հզոր պաշտոնից ու դարձրել Հայաստանի այն ժամանակ տկար ընդդիմության դեֆակտո առաջնորդը:

Բաղդասարյանի ու Քոչարյանի միջև թշնամանքի այդ օրերին նախագահը պատգամավորին անվանեց «դավաճան», որը եթե մի անգամ դավաճանել է իր երկրին (նման հարցեր քննարկելով օտարերկրյա դիվանագետի հետ), ապա կդավաճանի կրկին:

Այդուհանդերձ, այս տարվա փետրվարի 29-ին` մայրաքաղաքի փողոցներ զինվորական ուժեր դուրս բերելու նախօրեին, Սարգսյանը Բաղդասարյանին նշանակեց «դավաճանին» ոչ այնքան վայել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: Բաղդասարյանի աշխատասենյակին դեռ նոր ցուցանակ չէին հասցրել փակցնել, երբ Հայաստանի առջև ծառացավ ամենամեծ ներքին ճգնաժամը, որը, շատերի կարծիքով, ավելի լուրջ է, քան նույնիսկ 1999-ի խորհրդարանի գնդակահարությունը, որին զոհ գնացին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ` վարչապետը:

Քաղաքական առումով թափառիկ Բաղդասարյանը վերադարձավ իշխանություն, գործարքները կնքվեցին, ու ամեն ինչ վերջացավ, ինչպես և այն ութ մարդու համար, ովքեր այլևս չեն տեսնի, թե ինչպես է գարուն գալիս իրենց երկիր, որ չեն իմանա` արդյո՞ք դրան հետևեց ժողովրդավարությունը:

Դաժան արևածագ

Երևանի կենտրոնում գտնվող հարյուրավոր մարդկանց համար գալիք բռնությունների ազդանշանը եկավ ավտոքարշերի ու ոստիկանական մեքենաների ձայնի հետ: Ժամը 7:30-ի մոտ քաղաքի կենտրոնական Մաշտոցի պողոտայում ավտոքարշերի շքերթ էր, որոնք Ազատության հրապարակի մերձակայքից հեռացնում էին այնտեղ կայանված ավտոմեքենաները:

Հեռացված ավտոմեքենաների տեղը գրավեցին ուս ուսի տված ոստիկանները: Աղմուկի վրա հավաքված մարդիկ ականատես եղան մի տեսարանի, որը հիշեցնում էր տոնավաճառ, որի անհոգ կազմակերպիչներն ամեն ինչ թափած` թողել ու հեռացել էին: Կոմպոզիտոր Սպենդիարյանի ու գրող Թումանյանի արձանների միջև թափված էին բազմագույն վրանները, որոնք բավականաչափ ամուր չէին, որ պաշտպանեին իրենց բնակիչներին այդ առավոտվա «տեղումներից»:

Վրանների մոտ 700 բնակիչների թվում էին նաև երեք եղբայրներ ու նրանց հայրը:

Ընտանիքի բոլոր անդամները լավ կրթություն են ստացել, խոսում են մի քանի լեզուներով, նրանցից մեկն աշխատել է ՄԱԿ-ում: Նրանք քվեարկել են ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Վազգեն Մանուկյանի օգտին, որը փետրվարի 19-ին ստացել է ձայների ընդամենը 1,3 տոկոսը:

Եղբայրները հայտնեցին «ԱրմենիաՆաուին», որ միացել են Ազատության հրապարակի նստացույցին, որովհետև Տեր-Պետրոսյանի մեջ տեսել են այն «գործիքը», որի միջոցով կարելի է դրական փոփոխություն կատարել:

Եղբայրներն ասում են, որ Ազատության հրապարակում անցկացրած 10 օրում ոչ մի անգամ զենք չեն տեսել, քանի որ Տեր-Պետրոսյանն ինքն էր պնդել, որ բազմությունը պետք է խաղաղ լինի:

«Նույնիսկ առաջին հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20-ին) բազմությունը վանկարկում էր «հի-մա, հի-մա»` կոչ անելով Տեր-Պետրոսյանին գլխավորել հեղափոխությունը,- հիշում է եղբայրներից մեկը: - Բայց նա դադարեցրեց այդ կոչերը` ասելով, որ փոփոխությունները պետք է իրականացվեն խաղաղ ճանապարհով»:

Նրանք ասում են, որ ամեն գիշեր Ազատության հրապարակում նախազգուշացումներ էին լինում, թե ոստիկանությունը ցրելու է մարդկանց, և նույնիսկ այդ շաբաթ առավոտյան` ժամը 6-ի մոտ, երբ ոստիկաններ երևացին, Տեր-Պետրոսյանը կանգնեց Օպերայի շենքի հարթակին և հորդորեց մարդկանց շփման մեջ չմտնել ոստիկանների հետ: Նրանց հավաստմամբ` երբ ոստիկաններն անցան «գրոհի», Տեր-Պետրոսյանը կոչ էր անում նրանց վնաս չհասցնել բազմության մեջ եղած կանանց:

Եղբայրներն ասում են, որ մարդիկ վախեցան ու սկսեցին պաշտպանվելու միջոցներ փնտրել` կոտրելով զբոսայգու նստարաններն ու զինվելով փայտերով:

«Նախազգուշացման մի խոսք անգամ չեղավ, ոստիկանները պարզապես վրա տվեցին ու սկսեցին ծեծել»:

Եղբայրներն ու նրանց հայրը վազել են դեպի Հյուսիսային պողոտա, սակայն մթության մեջ չեն տեսել «Ատլանտիկ» սրճարանը երիզող ծառերն ու հայտնվել են փակուղում: Հարյուրավոր մարդկանց նման նրանք էլ են ծեծվել: Նրանցից մեկը կորցրել է գիտակցությունը, հետո նրա գլխին վեց կար են դրել:

Եղբայրները կարծում են, որ իշխանությունների հաշվարկով` ոստիկանության գործողություններն ու ընդդիմության իմիջին հասցված վնասը պետք է ազդեր Սահմանադրական դատարանի վրա, որին Տեր-Պետրոսյանը դիմել էր ընտրությունների արդյունքները անվավեր համարելու պահանջով:

Նրանք նաև ասում են, որ հակառակ իշխանությունների տված գնահատականներին, սա չտեղեկացված ու անհասկացող մարդկանցից կազմված ընդդիմություն չէ:

«Սրանք մարգինալացված մարդիկ չեն,- ասում է եղբայրներից մեկը: - Կա որակական մեծամասնություն, որը հիմա դեմ է իշխանություններին: Սա կարևոր է: Այս պայքարի առանցքում ոչ թե Տեր-Պետրոսյանն է` որպես անձ, այլ ազատությունն ու արդարությունը»:

Ազատություն: Արդարություն: Պետական կարգ: Զայրույթ: Կոռուպցիա: Պատմություն: Այս և շատ այլ բաներ ընդհարվեցին այդ մոտ կես ժամանոց բախման ընթացքում, որին հաջորդեց Արյունոտ շաբաթվա անհանգիստ անդորրը:

Ցնցված ոստիկանները, որոնք ամսական մոտ 250 դոլար աշխատավարձ են ստանում, նստած ծխում էին` ձեռքներին այն կոտրված փայտի կտորները, որ նրանց վերադասները հետո պիտի ներկայացնեին որպես ծրագրված պետական հեղաշրջման զենքեր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանի դիմաց շարվել են զինվոր տղաներ, որոնք պետք է, անհրաժեշտության դեպքում, իրենց սուսերով պարը պարեն: Նրանք «բարի լույս» են ասում անցորդներին ու վանդակից դուրս թողնված շան ձագերի նման նրանց դեմքերին չկա ոչ մի նշան, որ պատկերացում ունեն, թե ինչպես է ավարտվելու այդ օրը:

Ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանին նախագահի անվտանգության ծառայությունը տարել է իր առանձնատուն, որտեղ մինչև հիմա պահվում է փաստացի տնային կալանքի տակ, որը, իշխանությունների հավաստմամբ, կվերացվի, հենց որ Տեր-Պետրոսյանը հրաժարվի պետական պաշտպանության իր իրավունքից: Նրա հետևորդներից մոտ 100-ն այսօր բանտերում են, ավելի մեծ թվով մարդիկ կալանված են, ուրիշներն էլ փախուստի մեջ են: Նախկին նախագահը, որը գիտնական է, անշուշտ, գիտակցում է սեփական անելանելի վիճակի ողջ բարդությունը:

Այդ առավոտ շատերն ընկան հիվանդանոց, այդ թվում` իրավապահներ: Շատ բողոքավորներ, ինչպես եղբայրներից մեկը, որի գլուխը պատռվել էր, ձերբակալության վախից հիվանդանոց չէին գնում: Ասում են, որ իրենց ծանոթներից մեկին ձերբակալել են միայն նրա համար, որ վիրավորների համար շտապօգնություն է կանչել: Բազմաթիվ մարդկանց ծեծել են, հետապնդել, էլեկտրաշոկել` ստիպելով փախչել ուր կարողացել են: Ոմանց հետապնդել են հրապարակից մոտ մեկուկես կիլոմետր հեռու:

Սակայն ոչ ոք չի սպանվել: Չի սպանվել նաև նրանց դիմադրությունը սնող զայրույթը:

Անհանգստության ու հարցերի ցերեկ

Ազատության հրապարակում տեղի ունեցած «քաղաքական զտման» մասին լուրերի հետ տարածվեցին նաև վերախմբավորման կոչերը: Հազարավոր մարդիկ հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ նրանց միացան Հայաստանի Հանրապետության օմբուդսմենը, «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը (որը դանակահարվել է` փորձելով կասեցնել մի ընդհարում): Այնտեղ կուտակվել են նաև ոստիկաններ, հատուկ ուժեր, զորք:

Ժամը 15-ի սահմաններում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Երևանի քաղաքապետարանի մոտ` Խորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի դիմաց:

Նրանք տրոլեյբուսներով բարիկադներ էին սարքում, որպեսզի պաշտպանվեն հակառակորդից` հատուկ հանդերձավորված ոստիկաններից, «ԱԿ-47» ինքնաձիգներով զինված զինվորներից ու հատուկ հրացաններով դիպուկահարներից: Ղեկավարներից մեկը հորդորում է մարդկանց խուսափել իրավապահների հետ շփումից: Մեկ ուրիշը սակայն հիշեցնում է, որ առավոտվա դեպքերը ցույց են տալիս, որ հարկավոր է պատրաստվել պաշտպանության:

Մոտակա շինհրապարակներից փայտեր ու ձողեր են հավաքում: Ամերիկահայ միլիարդատիրոջ միջոցներով իրականացվող քաղաքի կառուցապատման ծրագրով կառուցված մայթերից հանած սալիկների ռազմավարական պաշար են ստեղծում, որ պահում են զբոսայգիների վառ գույներով ներկված նստարաններից սարքած զինապահեստներում:

Մոտակա խանութներում վերջանում են երշիկը, հացն ու շշալցված ջուրը: Մարդիկ պատրաստվում են գիշերվա, որն ավարտվեց ավելի շուտ, քան ենթադրում էին:

Ժամը 21:00-ի սահմաններում բարիկադների վրայով զինվորների վրա նետում են Մոլոտովի կոկտեյլներ (դյուրավառ հեղուկով լցված շշեր, որ այդպես են կոչվել Ստալինի զինակցի անունով, որն օգնել է բռնապետին իրականացնելու իր Մեծ զտումը): Մի կողմն ասում է, որ առաջինը նետեցին շշերը, մյուս կողմն ասում է, որ դրանք ընդդիմադիրների պատասխանն էին ժողովրդի վրա արձակված կրակոցներին: Ինչ էլ որ լինի ճշմարտությունը, դրանով սկսվեցին ջարդի ու մահվան մեկ ժամն ու քաղաքացիների խորհրդային ոճի հետապնդումների շաբաթները, որ միջազգային համբավ ունեցող «Քրիշչն սայընս մոնիթոր» օրաթերթը հետո պիտի անվաներ «նախկին խորհրդային նմուշ», ինչպես դա եղել էր Վրաստանում, Ուկրաինայում ու Ղրղըզստանում:

Հաջորդ մի քանի րոպեների ընթացքում, երբ սպանվեցին յոթ բողոքավորներ ու ոստիկանության մեկ սպա, վիրավորվեցին 130-ից ավելի մարդիկ, իրավապահները ծայրահեղ ուժ կիրառեցին` գրոհելու ու նահանջելու միջև ընդմիջումներում ցուցաբերելով, իրենց խոսքերով, արտակարգ համբերություն մարդկանց բազմության հանդեպ, որն ապացուցեց, որ ի վիճակի է դիմակայելու ամեն ինչի, բացի կոտորածից:

Օրինապահների շարքերում կային սև դիմակներով թիկնեղ զինվորներ (այդպիսի դիմակներ, սովորաբար, կրում են մերձավորարևելյան ահաբեկիչներն ու հակաահաբեկիչները), որոնք այդտեղ էին պաշտպանելու իրենց կառավարությունը: Անդեմ մարդիկ բախվեցին հուսահատ անանուն մարդկանց հետ` կրակելով կամ նետելով ինչից ու ինչ կարող էին, որպեսզի հետո նրանց առաջնորդները հերքեն այդ օրը կատարվածը, իսկ իշխանություններն էլ լռեցնեն իրենց հակասող բոլոր ձայները: «Ցուցարարների վրա ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասվում է ոստիկանության` օրեր անց հրապարակված հայտարարության մեջ:

Վատագույն դեպքում դա բացարձակ սուտ է, ինչը վկայում են ականատեսներն ու տեսագրությունները: Լավագույն դեպքում դա այդ սարսափելի օրվա վեճերի առարկա դարձած բազմաթիվ իրադարձություններից մեկն է, որը մայրաքաղաքի խմբագրատներն ու գրասենյակները բաժանել է երկու ճամբարի. նրանց, ովքեր հավատում են իշխանությունների տարբերակին, և նրանց, ովքեր հավատում են վիճահարույց տեսագրությանը, որտեղ Մաշտոցի պողոտայում իրավապահները մահաբեր կրակահերթեր են արձակում քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Ինչ էլ որ կատարվելիս լիներ, ամեն ինչ դադարեց կարծես անջատիչի պտույտով, երբ ժամը 22:00-ի մոտ նախագահ Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարեց` վերջ դնելով վիճելի որոշումների և ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան: Դրանց թվում են հետևյալները.

• Եթե, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, իրենք զինվում էին հանպատրաստից, միայն ինքնապաշտպանության համար, ապա որտեղից հայտնվեցին Մոլոտովի կոկտեյլները, որոնք նախատեսված չեն անձնական պաշտպանության համար: (Դեպքի վայրից արված որոշ հաղորդումներում նշվում է, որ դրանք պատրաստվում էին ընդդիմության գրաված ավտոբուսների բենզինով:)

• Եթե իրավապահները, ինչպես իրենք են պնդում, գնացել են Ազատության հրապարակ զենքի խուզարկություն անցկացնելու նպատակով, ապա ինչո՞ւ են գնացել մթով, երբ մեկ-երկու ժամ սպասելուց հետո կարող էին խուզարկություն անցկացնել լույսով:

• Եթե ոստիկանությունը, ինչպես հայտարարում է, իր ուժերը մտցրել է Ազատության հրապարակ «իրավիճակի անկանխատեսելիության պատճառով», ապա ինչո՞ւ էր այն այդքան պատրաստ ուժ գործադրելու` միաժամանակ բոլորովին անպատրաստ լինելով 10 օր խաղաղ ցույցեր արած բազմությունը խաղաղ ճանապարհով ցրելուն:

• Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող բողոքավորները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա 1. Ինչպե՞ս կարող էր կանխամտածված կերպով ատրճանակ կրողն այնքան անհոգ լինել, որ վայր գցեր զենքը, այն էլ այնպես, որ դրանք, ինչպես գրել է «Նյու Յորք թայմզ» թերթը, «Զատկի ձվերի նման դրված լինեն խոտերի մեջ»: 2. Եթե այդ հարբած ու թմրանյութ օգտագործած բողոքավորները (ինչպես նրանց ներկայացնում էին ոստիկանությունն ու հեռուստատեսությունը) այդքան զենք ունեին, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ ոչ մի կրակոց չեղավ:

• Եթե, ինչպես ներկայացնում է հեռուստատեսությունը` կադր կադրի հետևից ցույց տալով ներարկիչները, որ պետք է վկայեն թմրանյութերի զանգվածային չարաշահումները բողոքավորների շարքերում, դա այդպես է, ապա ինչո՞ւ անպատիժ թալանի ընթացքում կոշիկի, հագուստի ու մթերքի խանութները թալանած ամբոխը չթալանեց դրանց մոտ գտնվող երկու դեղատները, որոնք պիտի որ լիքը լինեին թմրանյութերով:

• Եթե, ինչպես հայտարարել էր գլխավոր դատախազը, Մաշտոցի պողոտայում ամբոխը սկսել էր ամեն ինչ թալանել ու ավերել, ապա ինչպե՞ս եղավ, որ ընդամենը կես թաղամաս հեռու գտնվող կանցաղային սարքերի ու համակարգիչների չորս խանութներին, որոնք սովորաբար դառնում են զանգվածային թալանի առաջին թիրախները, ձեռք չէին տվել:

• Եթե, ինչպես հայտարարել էր ոստիկանությունը և ցուցադրել էր հեռուստատեսությունը, Ազատության հրապարակը մաքրելու ընթացքում առգրավվել էր մեծ քանակությամբ զենք, ապա ինչպե՞ս եղավ, որ հիստերիկ թալանով զբաղված ամբոխը նորից չզինվեց` թալանելով Մաշտոցի պողոտայում ու մերձակայքում գտնվող երկու որսորդական խանութները:

Առա՞ջ

Հայաստանի հանրապետական կուսակցության «Առաջ, Հայաստան» կարգախոսով և այն մարդկանց դիմադրությամբ, ովքեր չեն ցանկանում հանդուրժել Սերժ Սարգսյանի իշխանությունը, այս երկիրն իրոք տարան… հետ: Այն ամբողջ հարգանքը, որ Հայաստանն իրավամբ վաստակել, գնել կամ խաբելով ստացել էր Եվրոպայից ու Արևմուտքից, ջուրն ընկավ: Եվ դժվար թե հնարավոր լինի վերականգնել այն առնվազն մինչև 2013 թվականը, երբ ժողովրդավարությունը ևս մեկ հնարավորություն կստանա նրանցից, ում հանդուրժողականությունը ենթարկվել է լուրջ փորձության և ում վստահությունը չարաշահվել է:

Ավելի վատ է այն, որ, ինչպես շատերն են այստեղ կարծում, մարտի 1-ի իրադարձություններ ի չիք են դարձրել այն ամբողջ առաջընթացը, որին պաշտոնավարման ժամկետն ավարտող վարչախունբը կարողացել էր հասնել նվաճումների ու նահանջների միջոցով` Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի խոսքերով` մոտ ժամանակներում բանակցությունները «կասկածի տակ են»:

Այդուհանդերձ, եթե Երևանի փողոցային մարտերը ընտրություններ էին, ապա միջազգային դիտորդները գուցե կարող էին ասել, որ թեև դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, վիճակը կարող էր ավելի վատ լինել: Տարածաշրջանում ամեն օր ավելի վատ բաներ են կատարվում: Դիտորդները կարող էին ասել` այո, եղել են խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, խախտումների առանձին դեպքերը չեն ազդել վերջնական արդյունքների վրա: Դա ապացուցեցին մարտի 8-ը` սպանվածների յոթի օրը, ինչպես նաև այն օրը, երբ Սահմանադրական դատարանը վերահաստատեց փետրվարի 19-ի արդյունքները:

Հետևանքներ Ցասումն արդեն նվազում է` տեղի տալով սրտի կսկիծին ու ճնշվածությանը: Համակերպվելը շուտով կընկալվի որպես համոզմունք, մի տեսակ տարերային անխուսափելիություն, որին դիմադրելու համար չափից ավելի եռանդ է պետք: Այս մարտ ամսվա հետևանքները, որի սկիզբը բուռն էր, բայց ելքը, հուսանք, խաղաղ կլինի, դեռ երկար կզգացվեն Հայաստանում: Հավատը բռնաբարվել է, հարաբերությունները խաթարվել են: Համատարած քարոզչության դեմ արդեն գրեթե չեն խոսում, քանի որ շատ ավելի սարսափելի բաներ են կատարվում մի ժողովրդի դեմ, որի զոհաբերությունները չեն մոտեցնում ժողովրդավարությունը:

Արյունոտ շաբաթ օրվա տգեղ ճշմարտությունը ինքնին խոսուն է: Այն ավերածություն գործեց այն ժողովրդի մեջ, որը հպարտանում է իր ավանդական հյուրասիրությամբ: Ճշմարտությունը ազատություն չբերեց: Ճշմարտությունն ամայացրեց ժողովրդին, որին օտարների ոտնձգություններին դիմագրավելիս միավորել է, թերևս, միայն հարազատ արյունը: Բայց այդ սարսափելի շաբաթ օրը ուրիշ հոր կամ ուրիշ աստծո արյունը չէր, որ հեղեղեց մայթերին ու բռնաբարեց պարկեշտությունը:

Զոհաբերվեց ժողովրդի հավաքական ոգին, և այն էլ ո՞ւմ` սեփական ազգակցին, ինչը չափազանց թանկ ու անընդունելի է:

Հայաստանը 17 տարի շարունակ ժողովրդավարության դասեր է ստացել, աճման ցավեր ունեցել ու ձգտել «բավարարել միջազգային չափանիշները»: Հիմա ունի նաև զոհվածների անուններ.

Գրիգոր Գևորգյան
Համլետ Թադևոսյան
Տիգրան Խաչատրյան
Գոռ Քլոյան
Զաքար Հովհաննիսյան
Հովհաննես Հովհաննիսյան
Դավիթ Պետրոսյան
Արմեն Ֆարմանյան:

Հայկական սովորությամբ` մահացածների սուգը տևում է 40 օր: Այս մահացածների քառասունքը կլրանա ապրիլի 9-ին: Նույն օրը տեղի կունենա Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը:

ԱրմենիաՆաուի էջերում