«Շնորհավոր գարնան առաջին օրդ». Տիգրան Խաչատրյան, 23 տարեկան

«Շնորհավոր գարնան առաջին օրդ». Տիգրան Խաչատրյան, 23 տարեկան


2008 թ. մարտի 1-ի առավոտյան Տիգրանն արթնացավ շատ բարձր տրամադրությամբ. գարուն էր:

«Մտավ խոհանոց ու ոգևորված ասաց. «Մամ ջան, գարնան առաջին օրդ շնորհավոր», գիտեր, որ գարուն շատ եմ սիրում»,- պատմում է մարտիմեկյան ողբերգության զոհ դարձած 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

Այսուհետ գարնան առաջին օրը լրիվ այլ իմաստ կունենա Խաչատրյանների ընտանիքի համար:

Տիգրան Խաչատրյանը մարտի 1-ին դիահերձարանում գրանցված առաջին զոհն էր և մեկը այն երեքից, ովքեր սպանվեցին ոստիկանների հատուկ միջոցից:

Գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողը նաև սկսնակ գործարար էր, աշխատեցնում էր իր տաքսի ծառայությունը, փորձում էր ընդլայնել բիզնեսը:

«Քաղաքականապես ակտիվ չէր, բայց շատ էր նեղվել, որ ցուցարարներին ցրել էին ծեծելով. ասաց` գնամ տեսնեմ ինչ ա եղել»,- պատմում է մայրը:

«Պարբերաբար զանգում էր, ամեն ինչ նորմալ էր, բայց ժամը իննի կողմերը սկսեցի վատ բան կանխազգալ. Տիգրանի հեռախոսը չէր պատասխանում»:

Հիվանդանոցներում, ոստիկանության բաժանմունքներում փնտրելուց հետո գիշերվա երկուսին որդուն գտնում են դիահերձարանում:

«Ամուսինս ու կրտսեր որդիս ոչ մի տեղ չէին գտել ու տան ճանապարհին անատոմիկի մոտ տեսել էին շտապօգնության մեքենաներ, իջել էին, խնդրել ստուգել ու որդուս գտել էին արյան մեջ թաթախված»:

Մայրը տանը սպասում էր պատասխանի.

«Գտա՞ք». «Հա». «Բա՞ ուրա, ոստիկանությունո՞ւմ». «Չէ». «Հիվանդանոցո՞ւմ». «Չէ». «Բա որտե՞ղ»:

«Հարցի պատասխանը հասկացա ամուսնուս ու որդուս արցունքներից, բայց չէի հավատում: Հիմա էլ չեմ հավատում, չեմ հասկանում` ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով խլեցին իմ որդուն»:

Հարցերն ավելի շատ էին Տիգրանի 9-ամյա քրոջ` Էվելինայի համար: Կապուտաչյա փոքրիկը խնամքով դասավորում է եղբոր իրերով լի սեղանը, նայում նկարին ու անվերջ լացող մորը ու լռում:

Որդու կորստյան ցավը կրկնապատկվեց, երբ դատախազության գործի մեջ կարդաց. «Սպանվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու ընթացքում»:

«Ի՞նչ իմացաք, ո՞վ ապացուցեց, միանգամից պիտակը կպցրել են, որ անկարգություն է արել, ու երևի ինքն էլ մեղավոր է, որ գլխին կրակել են»,- ասում է մայրը:

Դատախազության գործերում գրված է, որ «Տիգրան Խաչատրյանը ժամը 20-ի սահմաններում, մի խումբ անկարգության մասնակիցների հետ, Մյասնիկյանի արձանի մոտից գնացել է դեպի Լեոյի խաչմերուկ, որտեղ և զոհվել է մոտ 21:30-ին»:

Սակայն Տիգրանի հեռախոսի մեջ պահպանված տեսագրությունը այլ հարցեր է հարուցում:

Վերջին տեսագրությունը զոհն արել է 21:19 րոպեին` երկու րոպե նկարահանելով Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցածը: Փաստորեն, մինչև 21:21-ը նա եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ թե ինչպես կարող էր ժամը ութից գտնվել Լեոյի փողոցում և միաժամանակ նկարահանել Մյասնիկյանի արձանի մոտակայքի ցույցը կամ նկարահանելուց հետո 8 րոպեի ընթացքում կտրել մոտ մեկ կմ, հայտնվել Լեոյի փողոցում, հասցնել «անկարգություններ» անել, պարզ չէ առայսօր, ինչպես պարզ չէ, թե չորս ոստիկաններից որ մեկը գնդակահարեց երիտասարդին (տես` «Նրանք ծաղրում են մեր զոհվածներին»):

«Շատ ցավալի է, երբ երեխայիդ սպանում են ու հետո ոչ միայն չեն բարեհաճում ցավակցել, այլ անգամ մեղավոր են ճանաչում,- ասում է մայրը` արցունքների միջից նայելով որդու ժպտացող նկարին:- Մեր երեխաներին վերաբերվեցին, որպես ազգի դավաճանների»:

Առաջին հարցը, որ հարցաքննության ժամանակ տվել են մորը դատախազությունում, եղել է. «Ո՞ւմ եք ընտրել»:

«Ի՞նչ կապ ունի` թե ում եմ ընտրել: Ում էլ ընտրեի` երեխայիս սպանելու իրավունք չունեիք,- ասում է մայրն ու շարունակում: - Իրականում ընտրել էի Արթուր Բաղդասարյանին»:

Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ չէր հավատում, թե իր որդուն հայ է սպանել. «Մտածում էի` վրաստանից կամ Ռուսաստանից են զորք բերել, նրանք են սպանել: Բայց երբ դատախազն ինքն ասաց, որ սպանողները չորս հայ ոստիկաններ են, հասկացա, որ վերջ` ուրեմն հայը հային է սպանել, էլ ինչ ենք պահանջում թուրքից»:

Որդեկորույս մոր համար միակ մխիթարանքը արդար հետաքննությունն է ու մեղավորներին պատժելը, սակայն դատելով դատախազության պատասխաններից` օրեցօր այդ հույսն էլ է մարում:

«Ակնհայտ է, որ գործը կոծկում են, այսինքն` մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ով ոնց կուզի կսպանի, ինչ կուզի կանի, միևնույն է` չի պատժվի»:

ԱրմենիաՆաուի էջերում