Սերժի վստահված անձը. Գոռ Քլոյան, 28 տարեկան28-ամյա Գոռ Քլոյանին երկու որդիները վերջին անգամ տեսան մարտի 1-ի երեկոյան, երբ նա հետաքրքրասիրությունից մղված գնաց Երևանի կենտրոն` տեսնելու, թե ինչ է կատարվում: 28-ամյա Գոռը 10-ից մեկն էր, ով զոհվեց գարնան առաջին օրվա այն չարաբաստիկ օրը: «Ես չգիտեմ` ինչ ասեմ էս երեխուն, ինչպես բացատրեմ, որ հայրն էլ չի գալու, որ իր հոր ու էլի 9 անմեղ զոհերի արյան գնով ոմանք իրենց իշխանությունը պահեցին»,- ասում է Սարգսի տատիկը` Ազատուհի Մանուկյանը: «Ժամանակը կգա` կհասկանա, բայց ինչո՞վ էին մեղավոր էս էրեխեքը, որ առանց հոր պիտի մեծանան»: Հայրը որդուն գտել է Պռոշյան փողոցի հիվանդանոցում, ուր այդ օրը տեղափոխում էին գրեթե բոլոր վիրավորներին: Զոհվածի մայրը, վերհիշելով այդ օրը, ասում է, որ նման սարսափելի տեսարան միայն պատերազմի մասին ֆիլմերում էր տեսել: «Հիվանդանոցը լիքն էր վիրավոր, ծեծված, արյունլվիկ երիտասարդներով: Հետո մեկին ինչ-որ թուղթ տվեցին` ասելով, որ իրենց տղան մահացել է: Սկսեցի ճչալ, գոռալ, թե ինչո՞ւ են սպանել, ախր, երիտասարդ էր… էլ չգիտեի, որ իմ որդին էլ կողքի սենյակում արդեն մահացած է»,- ասում է Մանուկյանը: Քլոյանին ցույց տալով հսկայական `4 սմ երկարությամբ և 2 սմ լայնությամբ պարկուճը` ասել էին, թե սա է եղել մահվան պատճառը: Բժիշկները նաև ասել էին, որ վիրահատության ընթացքում Գոռի աճուկում եղած գազային փամփուշտը պայթել էր, ողջ վիրահատարանը լցվել գազով, ու ստիպված էին եղել տեղափոխել, այլապես, գուցե, հնարավոր լիներ փրկել նրան: Ըստ Քլոյանի` որդուն փրկելու հավանականությունը մեծ է եղել, քանի որ, չնայած վնասվել էր գլխավոր արյունատար անոթը, մոտ քսան րոպե նա դեռ գիտակցությունը կորցրած չի եղել և հիվանդանոց ընդունվելիս ինքն է ասել իր անուն-ազգանունը: Գոռն այն երեք քաղաքացիներից էր, որոնց վրա ոստիկանությունը կրակել էր «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից: Թեև հայտնի են այդ զենքն օգտագործած չորս ոստիկանների անունները, սակայն դեռ պարզ չեն, թե նրանցից ով է կրակել (Տես` «Նրանք ծաղրում են մեր զոհվածներին»). «Ի՞նչ է նշանակում` չեն կարող ճշտել` ով է մեղավոր, գիտեն անունները, գիտեն զորամասի համարը, գիտեն հրամանատարին, ու չգիտեն,թե ո՞վ հրաման տվեց օգտագործել այդ հնացած զենքը, ո՞վ հրաման տվեց կրակել ոչ թե օդ, այլ ուղիղ մարդկանց վրա»,- զայրացած հարցնում է Քլոյանը` մեկ տարվա ընթացքում չստանալով ոչ մի պատասխան: Որդեկորույս ծնողների համար ամենամեծ վիրավորանքը իշխանությունների անտարբերությունն ու արհամարհանքն է, ցավակցություն ստացել են միայն «Ժառանգություն» կուսակցությունից, մինչդեռ Գոռը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր և նախագահական ընտրությունների ընթացքում կուսակցության հորդորով աշխատել է որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ: «Ընտրություններից հետո շատ հիասթափված էր, ամեն անգամ ասում էր` չեք պատկերացնի` ինչ եղավ, ինչ անարխիա էր, ոնց էին լցոնում»,- պատմում է մայրը և հավելում. «Մի՞թե չեն մտածում, ախր, ընտանիքի միակ աշխատողը, կերակրողը միակ հայրն էր, ի՞նչ է անում այդ ընտանիքն առանց ծնողի, այդ երկու երեխաները ո՞նց են ապրում, ո՞նց են սնվում, գուցե օգնության կարի՞ք ունեն: Մի՞թե իշխանության մեջ չկա գոնե մի խղճով մարդ, որ սրանց խելքի բերի»,- հարցնում է կարմրած աչքերով մայրը: Հետո ինքն էլ պատասխանում է իր հարցին. «Չկա, որ լիներ երեխեքին չէին սպանի»: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.